Մարզեր

2024-ին Գեղարքունիքի ճանապարհների ամառային և ձմեռային սպասարկումների համար հատկացվել է 1 միլիարդ 256,4 միլիոն դրամ

3 րոպեի ընթերցում

2024-ին Գեղարքունիքի ճանապարհների ամառային և ձմեռային սպասարկումների համար հատկացվել է 1 միլիարդ 256,4 միլիոն դրամ

ԳԱՎԱՌ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի ճանապարհների ամառային և ձմեռային սպասարկումների համար 2024 թվականին հատկացվել է 1 միլիարդ 256,4 միլիոն դրամ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի միջոցով ընթացիկ ամառային պահպանություն է իրականացվում 318,1կմ և ձմեռային պահպանություն 401,1 կմ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վրա, որի նպատակով ՀՀ պետական բյուջեից հատկացվել է շուրջ 965 միլիոն դրամ։ Նույն ժամանակահատվածում ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի պատվիրատվությամբ իրականացվում է նաև մարզային նշանակության 177 կմ ընթացիկ ամառային և 224,8 կմ ձմեռային պահպանության աշխատանքներ, որի նպատակով սպասարկող կազմակերպությունների հետ կնքվել է 271,4 միլիոն դրամի սպասարկման պայմանագրեր։ 

Սպասարկման աշխատանքներն իրականացվում են 6 կազմակերպության միջոցով՝ ներգրավվելով 66 միավոր մեքենամեխանիզմ։ Ավտոճանապարհների ձմեռային պահպանության ժամանակ ծախսվել է շուրջ 12300 խմ աղի և ավազի խառնուրդ։ Մարզային նշանակության ճանապարհների սպասարկման վերահսկողության ժամանակ հայտնաբերված թերությունների նկատմամբ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կողմից կիրառվել են ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված նվազեցման գործակիցներ, որի արդյունքում ՀՀ պետական բյուջե է վերադարձվել 17,5 միլիոն դրամ։ Մարզային նշանակության ճանապարհների ընթացիկ ամառային պահպանության շրջանակներում իրականացվել են շուրջ 7500 քմ փոսային նորոգումներ, ճաքալցումներ, ջրահեռացման վաքերի և առուների մաքրում, կողնակների հարթեցում և լրացում, ինչպես նաև սպասարկման համար նախատեսված այլ աշխատանքներ։ Վերանորոգվել է 145 և տեղադրվել 43 նոր ճանապարհային նշան։ Անհրաժեշտությունից ելնելով իրականացվել են ճանապարհի երթևեկելի մասում բերվածքների մաքրման, կողնակների խոտհունձի և աղբի հեռացման աշխատանքներ։ Իրականացվել է նաև 4749 գծամետր մետաղական արգելափակոցների պահպանության աշխատանքներ։ 

Մարզպետի աշխատակազմի կողմից ձեռք են բերվել մարզային նշանակության ավտոճանապարհների երթևեկության կազմակերպման սխեմաներ, որի հիման վրա իրականացվել են շուրջ 160 կմ ճանապարհի գծանշման աշխատանքներ։

Համայնքային նշանակության փողոցների ձմեռային պահպանության աշխատանքներում ներգրավվել են 41 միավոր մեքենամեխանիզմ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում