ԳԱՎԱՌ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի 5 համայնքում 2024 թվականի դեկտեմբերի դրությամբ աճուրդ-վաճառքով օտարվել է համայնքային սեփականության 72.3 հեկտար հողամաս՝ 213.8 միլիոն դրամ արժեքով։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության հողաշինության բաժնի պետ Մարատ Ղուրշուդյանը, Գավառ համայնքում օտարվել է համայնքային սեփականության 10.5 հա հողատարածք՝ 38.6 միլիոն դրամ արժեքով, Սևան համայնքում՝ համայնքային սեփականության 29.7 հա հողատարածք՝ 106.4 միլիոն դրամ արժեքով, Վարդենիս համայնքում՝ համայնքային սեփականության 5.1 հա հողատարածք՝ 8 միլիոն դրամ արժեքով, Մարտունի համայնքում՝ համայնքային սեփականության 1.6 հա հողատարածք՝ 12.2 միլիոն դրամ արժեքով և Ճամբարակ համայնքում՝ համայնքային սեփականության 25.9 հա հողատարածք՝ 48.6 միլիոն դրամ արժեքով։
2024 թվականի ընթացքում մարզպետի կողմից տրվել են դրական եզրակացություններ մարզի համայանքների վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 2013.87 հեկտար արոտավայրերի, 22 հեկտար խոտհարքների, 90.06197 հեկտար վարելահողերի և 42 հեկտար այլ հողատեսքերի վարձակալության տրամադրելու վերաբերյալ: Նշված հողամասերը սահմանված կարգով տրվել են վարձակալության: