ԳԱՎԱՌ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզում այս տարվա ընթացքում պետական ծրագրերով աջակցություն է տրամադրվել սոցիալապես անապահով ու կարիքավոր ընտանիքներին։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը, 2024 թվականի հաշվետու ժամանակաշրջանում մարզպետի աշխատակազմը 32 միլիոն 470 հազար դրամ տրամադրել է 875 սոցիալապես անապահով և կարիքավոր ընտանիքի: Մարզի առավել անապահով, զոհված և վիրավորում ստացած ազատամարտիկների, ծնողազուրկ և բազմազավակ և ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների 298 երեխա հանգստացել է «Հասմիկ» և «Արագած» ամառային ճամբարներում: Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում «Արարատ» մոր և մանկան առողջարանում և «Ապարան» վերականգնողական-առողջարանային կենտրոնում բուժում է ստացել առողջական խնդիրներ ունեցող 49 երեխա։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Սլովենիայի «Մարդու անվտանգության խթանում» կազմակերպության համագործակցության շրջանակում Սլովենիայի Կարմիր Խաչի Առողջության և երիտասարդության՝ «Դեբելի Ռտիչի» հանգստավայրում Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքների 16 երեխա անցել է սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծրագրեր։