Մարզեր

Գեղարքունիքի մարզում 2024 թվականին ավարտվել է սուբվենցիոն 130 ենթածրագիր

3 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում 2024 թվականին ավարտվել է սուբվենցիոն 130 ենթածրագիր

ԳԱՎԱՌ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի համայնքներում 2024 թվականին ավարտվել է սուբվենցիոն 130 ենթածրագիր, որոնց մի մասը տեղափոխվել էին 2021-2023 թվականներից։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Սասուն Սահակյանը, 2024 թվականին Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից Գեղարքունիքի մարզի համար հաստատվել է 18 ծրագիր՝ 112 ենթածրագրով, որոնց նախահաշվային ընդհանուր արժեքը կազմել է 11,2 միլիարդ   դրամ։

2024 թվականին ամբողջությամբ ավարտվել են 2021-2024 թվականնների ենթածրագրերից 130-ը, 87 ենթածրագիր տեղափոխվում է 2025 թվական, իսկ 9 ենթածրագիր տարբեր պատճառներով չի իրականացվելու։

ՀՀ կառավարության տարբեր որոշումներով 2024 թվականին իրականացված սուբվենցիոն ծրագրերի ՀՀ կառավարության մասնաբաժնի վճարման նպատակով հատկացվել է 5,5 միլիարդ դրամ, որից փաստացի վճարվել է 4,2 միլիարդ  դրամ։ Վճարումները շարունակվելու են մինչև տարեվերջ։

Մարզում սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2024 թվականի ընթացքում կառուցվել է 61200 գծամետր խմելու ջրագիծ, 34900 գծամետր ոռոգման ցանց, 61300 գծամետր լուսավորության ցանց և 2900 գծամետր գազատար։ Ասֆալտապատվել է 31,1 կմ համայնքային նշանակության փողոց, սալարկվել է 6200 գծամետր համայնքային նշանակության փողոց և մայթ։ Հիմնանորոգվել է 10 բազմաբնակարան բնակելի շենքի տանիք, Գավառ համայնքում կառուցվել է 6 խաղահրապարակ։ 

Ավարտվել կամ ավարտման փուլում են գտնվում Վարդենիկի, Երանոսի, Լիճքի, Զորագյուղի, Ճամբարակի թիվ 3 և Գավառի թիվ 7 մանկապարտեզների շինարարական աշխատանքները։ Հայրավանք և Բերդկունք բնակավայրերի մանկապարտեզի շինարարական աշխատանքները ընթացքի մեջ են և կավարտվեն 2025 թվականին։

2024 թվականին 2023 թվականի համեմատ պետական բյուջեից անհետաձգելի համարվող ծրագրերի համար հատկացվել է 361,5 միլիոն  դրամ, որի շրջանակներում Սոթք բնակավայրում կառուցվել է 4 անհատական բնակելի տուն, վերականգնվել են Մարտունի համայնքի Զոլաքար և Աստղաձոր բնակավայրերի միջհամայնքային ճանապարհների փլվածքները, իսկ Ճամբարակ քաղաքի Գ․ Նժդեհ փողոցի սկզբնամասում գտնվող հենապատը և փլված կամրջի, Վարդենիս համայնքի Գեղամասար բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման, Վարդենիս-Այրք-Վերին Շորժա 14 կմ երկարության մարզային նշանակության ավտոճանապարհի կոպճային ծածկով անցանելիության ապահովման աշխատանքները գտնվում են ավարտական փուլում։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում