ԳԱՎԱՌ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզում ամփոփվում են 2024 թվականի գյուղատնտեսական տարվա ընդհանուր արդյունքները։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետի պաշտոնակատր Անդրանիկ Ջրաղացպանյանից, 2024 թվականին մարզում ընդհանուր ցանքային տարածությունը կազմել է 33 հազար 731 հեկտար։ Ընդհանուր առմամբ, 2024 թվականին մարզում աշնանացան և գարնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքերից ստացվել է շուրջ 39 հազար 155 տոննա հացահատիկ։ 5691 հեկտար կարտոֆիլի ցանքատարածություններից ստացվել է շուրջ 109 հազար տոննա համախառն բերք: Կուտակվել է շուրջ 203 հազար 213 տոննա խոտ և 23 հազար 587 տոննա ծղոտ։
Կատարվել է 10 հազար 381 հեկտար աշնանացան ցորենի ցանք: Իրականացվել է 28565 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում: Աշխատանքներն ընթացքի մեջ են:
Իրականացվել են 691252 հատ հակահամաճարակային միջոցառումներ, գյուղատնտեսական կենդանիների շրջանում համաճարակային դեպքեր չեն արձանագրվել:
«Գեղարքունիք» ՋՕԸ-ի կողմից 2024 թվականին իրականացվել է ոռոգում 1820.3 հեկտարի վրա։
Ջրօգտագործողների հետ կնքվել է 7411 պայմանագիր:
2024 թվականին տրված ջրի դիմաց հասույթը կազմել է 57 միլիոն դրամ, գանձվել է 63 միլիոն դրամ: