ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայում դեկտեմբերի 1-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ընտրական շեմը հաղթահարել էին յոթ ուժեր և ազգային փոքրամասնությունները ներկայացնող 19 կազմակերպություններ։ Վերջիններս խորհրդարանում ներկայացված են մեկական պատգամավորով և առանձին խմբակցությամբ։
Մոտ երկու-երեք շաբաթ տևած բանակցություններից հետո այսօր՝ դեկտեմբերի 23-ին, կոալիցիոն կառավարման շուրջ համաձայնագիր են ստորագրել Մարչել Չոլակուն (PSD – Սոցիալ-դեմոկրատներ), Իլիե Բոլոժանը (PNL – Ազգային-ազատականներ), Կելեմեն Հունորը (UDMR – Ռումինիայի հունգարական ժողովրդավարական միություն) և Վարուժան Փամբուկչյանը (Ազգային փոքրամասնությունների խմբակցության ղեկավար)։ Նախագահ Կլաուս Յոհանիսը վարչապետ է նշանակել Մարչել Չոլակուին, որի կաբինետում կլինեն 16 նախարարներ PSD (8), PNL (6) և UDMR (2) կուսակցություններից։
Ի դեպ, խորհրդարանական ընտրություններին ազգային փոքրամասնությունների համար նախատեսված ընտրական շեմը 1269 քվեն էր։ Այն որոշվում է հետևյալ կերպ. խորհրդարան անցած բոլոր քաղաքական ուժերին տրված քվեների հանրագումարը բաժանվում է խորհրդարանի պատգամավորների թվի վրա (բացառությամբ ազգային փոքրամասնությունների պատգամավորների), և ստացված թվի հինգ տոկոսը համարվում է փոքրամասնությունների ընտրական շեմը։ Այս տարի նույնպես բոլոր փոքրամասնությունները հաղթահարեցին այդ շեմը։ Ըստ վերջնական արդյունքների՝ Ռումինիայի հայոց միությունը ստացել է 4747 քվե։
Հատկանշական է, որ այսօր կոալիցիոն համաձայնագիր ստորագրած ուժերն ընդհանուր հայտարարի են եկել ևս մեկ կենսական նշանակություն ունեցող հարցում՝ առաջիկա նախագահական ընտրություններին ներկայանալ միասնական թեկնածուով, որը կլինի Կրին Անտոնեսկուն։
Ռումինիայի Սահմանադրական դատարանը չեղարկել է նոյեմբերի 24-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների առաջին փուլը տիկտոկյան սկանդալից հետո։ Բանն այն է, որ բավականին ցածր վարկանիշ ունեցող անկախ թեկնածու Կըլին Ջորջեսկուն, որն իր նախընտրական ծախսերի համար պաշտոնապես որևէ գումար չէր ծախսել, մոտ 23 տոկոսով հաղթել էր առաջին փուլում, սակայն հետագայում հայտնի էր դարձել, որ TikTok սոցիալական հարթակում ստեղծվել են բազմահազար օգտահաշիվներ՝ այդ թվում արտաքին միջամտությամբ, որոնք մեծ մասշտաբի քարոզչություն են իրականացրել նրա օգտին։ Առաջիկայում կնշանակվի նախագահական նոր ընտրությունների անցկացման օրը։
Արսեն Արզումանյան
«Արարատ» ամսագիր, Բուխարեստ