Իրավունք

Քրեակատարողական ծառայության պետի գլխավորությամբ ամփոփվել են 2024 թվականի գործունեության արդյունքները

5 րոպեի ընթերցում

Քրեակատարողական ծառայության պետի գլխավորությամբ ամփոփվել են 2024 թվականի գործունեության արդյունքները

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում Ծառայության պետ Ծովինար Թադևոսյանի գլխավորությամբ հունվարի 30-ին տեղի է ունեցել Ծառայության՝ 2024 թվականի գործունեության արդյունքների ամփոփման նիստը։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՔԿԾ-ից, Քրեակատարողական ծառայության շտաբի պետի տեղակալ Վահե Նանուշյանը ներկայացրել է 2024 թվականի ընթացքում իրականացված աշխատանքները՝ ըստ ոլորտների, ինչպես նաև հաշվետու ժամանակահատվածի և նախորդ տարվա ընթացքում գրանցված ցուցանիշների համեմատական վերլուծությունը։ 

«Ըստ այդմ՝ 2024 թվականի աննախադեպ ձեռքբերումներից է Եվրոպայի խորհրդի աջակցությամբ «Սևան» քրեակատարողական հիմնարկում կահույքագործության արտադրամասի ստեղծումը: 

Քրեակատարողական ծառայությունն անդամակցել է լավագույն փորձի փոխանակման լայն ցանց ունեցող EuroPris-ին՝ Բանտային և ուղղիչ ծառայությունների եվրոպական կազմակերպությանը, որին անդամակցում են Եվրոպայի խորհրդի տարածաշրջանի 41 անդամ երկրների քրեակատարողական մարմիններ։ 

Բացի այդ՝ ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի թիվ 649-N որոշմամբ սահմանվել է քրեակատարողական ծառայողների ատեստավորման նոր կարգը։ Ատեստավորմանն արդեն իսկ մասնակցել է 36 քրեակատարողական ծառայող, որոնցից 31-ը հաջողությամբ հաղթահարել է ատեստավորումը։ 

Հաշվետու ժամանակահատվածում բոլոր 10 քրեակատարողական հիմնարկների համար ձեռք են բերվել 170 նոր, հակավանդալային, անհատական քարտային համակարգով աշխատող հեռախոսներ։ Նախաձեռնվել են աշխատանքներ՝  քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող դատապարտյալների համար առավել հարմարավետ, պրակտիկ, սեզոնային առանձնահատկություններին համապատասխանող հանդերձանքի նոր լրակազմ ներդնելու, ինչպես նաև ազատազրկված անձանց տրամադրվող հիգիենայի պարագաների որակը բարելավելու համար։   

2024 թվականին լուծվել է տարիներ շարունակ չլուծվող խնդիրը՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկն ապահովվել է շուրջօրյա ջրամատակարարմամբ։ Այլ քրեակատարողական հիմնարկներում ևս իրականացվել է շենքային պայմանների բարելավում, իսկ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կառուցվել է 3 խցից բաղկացած մոր և մանկան բաժանմունք, հիմնանորոգվել է վարչական մասնաշենքը, ամբողջովին վերանորոգվել են կին դատապարտյալների կացարանները, շուրջ 3 տասնյակ խուց և ուսումնական կենտրոնը։ 

Հատուկ ուշադրության կենտրոնում են եղել ազատազրկված անձանց վերասոցիալականացմանն ուղղված աշխատանքները։ 2024 թվականի ընթացքում իրականացվել են 150%-ով ավելի վերասոցիալականացման միջոցառումներ, քան 2023 թվականի ընթացքում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Ըստ աղբյուրի՝ նիստին քննարկվել են նաև 2025 թվականին նախատեսված աշխատանքներն ու համալիր ծրագրերը: Մասնավորապես՝ ընթացիկ տարում շարունակվելու են քրեակատարողական հիմնարկների շենքային պայմանների բարելավմանն ուղղված շինվերանորոգման և բարեկարգման աշխատանքները, ազատազրկված անձանց աշխատանքով ապահովելուն ուղղված նախաձեռնությունների իրականացումը, վերասոցիալականացման ծրագրերի ընդլայնումը։ 

Ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ցողիկ Ալեքսանյանը ներկայացրել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում վերջին 5 տարիների ընթացքում արձանագրված ինքնասպանության, ինքնասպանության փորձի, ինքնավնասման և հացադուլի դեպքերի, ինչպես նաև դրանց պատճառների համեմատական վիճակագրությունը։  

Անդրադառնալով թեմային՝ Ծառայության պետը կարևորել է ինքնավնասումների, ինքնասպանությունների կանխարգելման նպատակով ներդրված բացահայտող գործիքի արդյունավետ կիրառումը և բացահայտված ռիսկայնության դեպքում  բազմամասնագիտական թիմի փոխհամագործակցված գործելու կարևորությունը: 

Ամփոփելով Քրեակատարողական ծառայության նախորդ տարվա գործունեությանը նվիրված նիստը՝ Ծովինար Թադևոսյանն անդրադարձել է ոլորտային տեսլականի հիմնախնդիրներին, դրանց լուծման հնարավոր ուղիներին, տվել հասցեական հանձնարարականներ և ցուցումներ՝ աշխատանքի որակը բարձրացնելու ուղղությամբ արձանագրված բացթողումները շտկելու նպատակով։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում