Գյումրիում հանդիսավորությամբ վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը
2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գյումրիում հանդիսավորությամբ վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հանդիսությանը մասնակցեցին Շիրակի նորանշանակ մարզպետ Դավիթ Առուշանյանը, Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Միանսյանը, ԱԺ պատգամավորներ:
Գյումրիի «Վարդանանց» հրապարակում քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի նախաձեռնությամբ տոնական համերգային շոուին մասնակցեցին «Դեղձանիկ» վոկալ-էստրադային համույթը, DJ Ժանը և Արամ MP3-ը:
«Ուրախ եմ ձեզ ողջունել այստեղ՝ Գյումրու սրտում՝ միասին վառելու գլխավոր տոնածառի լույսերն՝ ազդարարելով Նոր տարվա մեկնարկը: Սիրելի՛ համաքաղաքացիներ, օրը խորհրդանշական է՝ Գյումրին բացում է կենսագրության նոր էջ, որը, վստահ եմ, ձեր օգնությամբ լինելու է ձեռքբերումներով լի, առանձնահատուկ և արժեքավոր: Համոզված եմ՝ քաղաքն ունենալու է լավ ապագա յուրաքանչյուրի ջանքերի ու անձնուրաց աշխատանքի շնորհիվ: Այսօր քաղաքն ավելի քան երբևէ ձեր վստահության և սրտացավության կարիքն ունի. հնարավորինս սեղմ ժամկետում պետք է կարողանանք համատեղ ուժերով, նոր գաղափարներով հաղթահարել առկա մարտահրավերներն ու լուծել խնդիրները»,-նշեց Սարիկ Միանսյանը՝ վստահեցնելով, որ ոչ մի ջանք չի խնայի պատմական Գյումրին զարգացնելու համար: