Մարզեր

Վարդենիկում կառուցվել է Արցախյան պատերազմներում զոհված 26 հայորդու նվիրված հուշահամալիր

2 րոպեի ընթերցում

Վարդենիկում կառուցվել է Արցախյան պատերազմներում զոհված 26 հայորդու նվիրված հուշահամալիր

ԳԱՎԱՌ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդենիկ գյուղում ավարտվել է Արցախյան պատերազմներում զոհված 26 հայորդու նվիրված հուշահամալիրի կառուցումը, որն իրականացվել է ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Վարդենիկի հուշահամալիրի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 89 միլիոն դրամ, որի 45 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Հուշահամալիրը կառուցվել  է Վարդենիկի Ռիչարդ Հովհաննիսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի հետնամասում, կենտրոնական փողոցի հարևանությամբ։

Արցախյան պատերազմներում զոհված 26 հայորդու նվիրված հուշահամալիրի տարածքում ստեղծվել  է պուրակ՝ ծառապատ և կանաչապատ գոտիով։ Հուշահամալիրն իրենից ներկայացնում է հենապատ՝ 26 խորշով, որտեղ տեղադրվել է յուրաքանչյուրի նկարը և գրվել անուն-ազգանունը։ Հենատապի մեջտեղում բարձրանում է հուշարձանը՝ երեք տերևով և նրանց արանքից բարձրացող բուրգով։ Տերևներից երկուսը խորհրդանշում են Արցախյան երկու պատերազմի,  երրորդը՝ խաղաղ ժամանակներում զոհված վարդենիկցի հերոսների հիշատակը, իսկ կենտրոնից բարձրացող բուրգը խորհրդանշում է նոր կյանքի ծիլն ու հարատևությանը։ Գլխավոր մուտքից ճեմուղի է ձգվում դեպի հուշապատ, ճեմուղիում դրվել են նստարաններ, անցկացվել է լուսավորություն, ցայտաղբյուրի և ոռոգման համար՝ ջրամատակարարման համակարգ։ Հուշահամալիրը դպրոցի տարածքից անջատվել է կանաչապատ գոտիով։ Հուշահամալիրը կառուցվել  է Խաչիկ Սարգսյանի ճարտարապետությամբ։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում