Քաղաքականություն

Ալիևը հայտնել է, թե ինչ հարցերի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության չեն հասել խաղաղության պայմանագրի նախագծում

2 րոպեի ընթերցում

Ալիևը հայտնել է, թե ինչ հարցերի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության չեն հասել խաղաղության պայմանագրի նախագծում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը ինչ հարցերի շուրջ դեռևս համաձայնության չեն եկել խաղաղության պայմանագրի նախագծում։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ռուսական «Ռիա Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահը նշել է, որ կողմերը խաղաղության պայմանագրի նախագծի երկու հոդված դեռ չեն համաձայնեցրել՝ միմյանց դեմ միջազգային հայցեր ներկայացնելուց զերծ մնալու և սահմանին երրորդ երկրների ներկայության վերաբերյալ։ 

«Խաղաղության պայմանագրի առումով մենք իրականում մեծ առաջընթաց ենք գրանցել։ Փաստաթղթի 17 հոդվածներից 15-ը համաձայնեցված են, մնացել են 2-ը։ Դրանցից մեկը վերաբերվում է միմյանց դեմ միջազգային հայցեր ներկայացնելուց զերծ մնալուն, մյուսը՝ մեր սահմանին այլ երկրների ներկայացուցիչների չտեղակայելուն»,- ասել է Ալիևը։  

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը վերջերս ֆիննական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ևս հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի 17 հոդվածներից 15-ը համաձայնեցված են։  

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, անդրադառնալով Ադրբեջանի պնդմանը, որ Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելությունը պետք է հեռանա Հայաստանից, հայտարարել էր, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է այդ կարգավորումն անել սահմանազատված հատվածների նկատմամբ, որովհետև այն սահմանը, որը սահմանազատված է, այդտեղ օբյեկտիվորեն դիտորդ ունենալու կարիք չկա: Հայաստանի այս առաջարկին Ադրբեջանից արձագանք չի եղել։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում