Թուրքիա

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանին թուրքական ռազմաբազա հարկավոր չէ

3 րոպեի ընթերցում

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանին թուրքական ռազմաբազա հարկավոր չէ

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանում ռազմաբազա ստեղծելու՝ Թուրքիայի ենթադրյալ ծրագրերի մասին ԶԼՄ-ներում տեղ գտած հաղորդագրությունները քաղաքական շահարկումներ են, և որ Բաքուն թուրքական ռազմաբազայի կարիք չունի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ալիևը հայտնել է Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերությանը և «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում։

«Եթե կարճ՝ դրա կարիքը չկա։ Եթե մի փոքր ընդլայնեմ իմ պատասխանը՝ հաշվի առնելով այն, որ ժամանակ առ ժամանակ նման տեղեկություններ են հայտնվում որոշակի լրատվամիջոցներում, ապա պետք է ասեմ, որ դրա կարիքը չկա», - ասել է Ալիևը «Ռուսաստանն այսօր» միջազգային մեդիա խմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին։

Ադրբեջանի նախագահը «տեղեկատվական լցոնում» է անվանել Ադրբեջանում թուրքական ռազմաբազա տեղակայելու ծրագրերի մասին հաղորդումները, քանի որ այսօր գրեթե անհնար է որևէ ռազմաբազա թաքցնել աշխարհի որևէ կետում։ Ալիևի խոսքով՝ այս տեղեկությունը քաղաքական շահարկումների բնույթ է կրում։

Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև դաշնակցային հարաբերությունների մասին Շուշիի հռչակագիրը պարունակում է կետ, որը նախատեսում է փոխադարձ ռազմական օգնություն սպառնալիքի և ագրեսիայի դեպքում։

«Ե՛վ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի պարտավորությունն է օգնության հասնել, եթե երկրներից որևէ մեկը բախվի արտաքին սպառնալիքի, արտաքին ագրեսիայի։ Հետևաբար, հռչակագրի այս կետը, ըստ էության, լիովին ավելորդ է դարձնում այս կամ մյուս երկրի տարածքում մշտական ​​ռազմական ենթակառուցվածքների ստեղծումը», - պարզաբանել է Ադրբեջանի նախագահը։

Ալիևը նշել է, որ երկրների միջև ավելի քան 30 տարվա ռազմական համագործակցության ընթացքում Թուրքիան և նրա ռազմական կառույցները մեծ դեր են խաղացել ադրբեջանական բանակի արդիականացման և մարտունակության, գործողությունների պլանավորման, իրավիճակի վերլուծության, ռազմական հետախուզության ներուժի բարձր չափանիշներին հասցնելու գործում։ Նա ընդգծել է, որ Բաքուն Անկարայի շնորհիվ հասել է «ռազմական գործողությունների արդյունավետության բարձր աստիճանի»՝ իր երախտագիտությունը հայտնելով Թուրքիային նման օգնության համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում