Վրաստան

Կոբախիձեն քննադատել է Վրաստանի դիվանագիտական ​​անձնագրեր ունեցողների համար անայցագիր ռեժիմը վերացնելու՝ ԵՄ-ի որոշումը

2 րոպեի ընթերցում

Կոբախիձեն քննադատել է Վրաստանի դիվանագիտական ​​անձնագրեր ունեցողների համար անայցագիր ռեժիմը վերացնելու՝ ԵՄ-ի որոշումը

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հակավրացական է որակել Եվրամիության արտաքին գործերի նախարարների կողմից վրացական դիվանագիտական ​​անձնագրեր ունեցողների համար այցագրային ռեժիմ սահմանելու վերաբերյալ ընդունված որոշումը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:

«Այս որոշումը կարելի է գնահատել որպես հակավրացական քայլ, որը խաթարում է վրաց հասարակության մեջ եվրոպական կառույցների նկատմամբ վստահությունը», - ասել է Կոբախիձեն դեկտեմբերի 17-ին կայացած ճեպազրույցում։

Նա շնորհակալություն է հայտնել Հունգարիայի, Սլովակիայի, Իտալիայի, Իսպանիայի և Ռումինիայի արտաքին գործերի նախարարներին, որոնք նիստի ժամանակ «պաշտպանել են վրաց ժողովրդի շահերը»։

«Մենք հույս ունենք, որ Եվրամիության որոշակի ուժերի կողմից Վրաստանին շանտաժի ենթարկելու գործելակերպը կդադարի», - ասել է Կոբախիձեն։

Նա կարծում է, որ այս «շանտաժի» նպատակը, որն, ըստ նրա, շարունակվում է արդեն երեք տարի, մնում է Եվրոպայում որոշ ուժերի ցանկությունը՝ Վրաստանում իշխանության բերելու արմատական ​​ընդդիմությանը։

«Այսօր, երբ շանտաժի վճռական փուլն ավարտվել է, իսկ մայդանը Վրաստանում ձախողվել է, ես ևս մեկ անգամ Թբիլիսիում ցուցարարներին առաջարկում եմ քննարկում անցկացնել ցանկացած ձևաչափով», - ասել է Կոբախիձեն։

ԵՄ արտաքին հարաբերությունների խորհուրդը դեկտեմբերի 16-ին որոշում է ընդունել դիվանագիտական անձնագիր ունեցող Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի ներդրման մասին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում