Մերձավոր Արևելք

Մեծ Բրիտանիան դիվանագիտական շփում է ունեցել Սիրիայի ապստամբների հետ. Դեյվիդ Լեմի

2 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիան դիվանագիտական շփում է ունեցել Սիրիայի ապստամբների հետ. Դեյվիդ Լեմի

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմին հայտարարել է, որ բրիտանական կառավարությունը «դիվանագիտական ​​շփում» է ունեցել սիրիական ապստամբների խմբավորման հետ, որը տապալել է նախագահ Բաշար ալ-Ասադին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Լեմին հայտնել է, որ «Հայաթ Թահրիր աշ-Շամ»-ը (ՀԹՇ) շարունակում է մնալ արգելված ահաբեկչական կազմակերպություն, սակայն Մեծ Բրիտանիան «կարող է դիվանագիտական ​​շփում ունենալ, և այդ պատճառով մենք դիվանագիտական շփում ունենք, ինչպես կարելի էր ակնկալել»:

«Մենք ցանկանում ենք տեսնել ներկայացուցչական կառավարություն, ներառական կառավարություն: Մենք ցանկանում ենք, որ քիմիական զենքի պաշարներն ապահով լինեն և չօգտագործվեն, և մենք ցանկանում ենք ապահովել, որ բռնությունը չշարունակվի…. Այդ բոլոր պատճառներով, օգտագործելով բոլոր առկա կապուղիները, և դրանք դիվանագիտական են, ​և, իհարկե, հետախուզական ալիքները, մենք ձգտում ենք հաղորդակցվել ՀԹՇ-ի հետ, որտեղ անհրաժեշտ է», - ասել է Լեմին դեկտեմբերի 15-ին:

Ի դեպ, Բրիտանիայի կառավարությունը նաև հայտարարել է խոցելի սիրիացիներին, այդ թվում՝ տարածաշրջանում գտնվող փախստականներին 50 միլիոն ֆունտ ստեռլինգի հումանիտար օգնության փաթեթ տրամադրելու մասին:

BBC-ն նշում է, որ ՀԹՇ-ի հետ դիվանագիտական ​​շփումը չի նշանակում, որ արտգործնախարարն անձամբ է կապի մեջ եղել ապստամբների խմբավորման հետ։ Սա նաև չի նշանակում, որ Բրիտանիայի կառավարությունը հեռացրել է ՀԹՇ-ին ահաբեկչական խմբավորումների ցուցակից։

Իր հերթին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ավելի վաղ հայտնել էր, որ Վաշինգտոնն «ուղիղ շփում» է ունեցել ՀԹՇ-ի ապստամբների հետ, որոնք այժմ վերահսկում են Սիրիան:

Բլինքենը և Լեմին դեկտեմբերի 15-ին նաև հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով Սիրիայում ստեղծված իրավիճակը։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում