Քաղաքականություն

Հայաստան-Չեխիա քաղաքական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. ՀՀ նախագահ

7 րոպեի ընթերցում

Հայաստան-Չեխիա քաղաքական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. ՀՀ նախագահ

Հայաստանի և Չեխիայի հարաբերությունների զարգացման կարևոր հենասյուներից մեկը ընդհանուր հավատարմությունն է ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, օրենքի գերակայությանը և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին։  

Ինչպես Պրահայից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այդ մասին ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Պրահայում Չեխիայի նախագահ Պետր Պավելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, որին Պրահայի ամրոցում նախորդել էին Հայաստանի և Չեխիայի նախագահների դեմ առ դեմ և ընդլայնված կազմերով հանդիպումները։

«Ավելի քան երեք տասնամյակ միջպետական հարաբերությունները զարգացել են փոխադարձ հարգանքի, վստահության և ընդհանուր արժեքների հիման վրա։ Պետք է ընդգծեմ, որ Հայաստանի և Չեխիայի հարաբերությունների զարգացման կարևոր հենասյուներից մեկը ընդհանուր հավատարմությունն է ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, օրենքի գերակայությանը և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին։

Այսօր Հայաստան-Չեխիա քաղաքական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, իսկ փոխշահավետ համագործակցությունն ունի զարգացման զգալի ներուժ»,- ասել է Խաչատուրյանը։

ՀՀ նախագահը հավելել է, որ Չեխիայի նախագահի հետ Պրահայում կայացած հանդիպման ընթացքում անդրադարձել են երկկողմ հարաբերությունների լայն օրակարգին՝ քաղաքական երկխոսությունից և տնտեսական համագործակցությունից մինչև բարձր տեխնոլոգիաներ, կրթություն, գիտություն, մշակույթ, զբոսաշրջություն և  միջմարդկային կապերի ակտիվացում։

Հայաստանի և Չեխիայի նախագահների համատեղ ասուլիսը

«Եվրոպական ուղղությունը մեր քննարկումների առանցքային բաղադրիչներից էր։ Չեխիան Հայաստանի համար կարևոր գործընկեր է, և մենք բարձր ենք գնահատում նրա աջակցությունը Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացմանն ու երկու երկրի ժողովրդավարական ու ինստիտուցիոնալ բարեփոխումներին։ Հայաստանը շահագրգռված է ԵՄ հետ հարաբերությունների առավել խորացմամբ և պատրաստ է շարունակել այդ ուղղությամբ հետևողական աշխատանքը։ Այս գործընթացում Չեխիայի փորձն ու աջակցությունը մեզ համար էական նշանակություն ունեն»,- նշել է ՀՀ նախագահը։

Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ առանձնահատուկ կարևորում են վիզաների ազատականացման շուրջ Հայաստանի և ԵՄ-ի միջև երկխոսությունը։

«Ակնկալում ենք, որ գործընթացը կշարունակվի արդյունավետ և կառուցողական կերպով՝ նպաստելով Հայաստանի քաղաքացիների շարժունակության ընդլայնմանը և երկու հասարակությունների միջև կապերի ամրապնդմանը»,- ասել է նա։

Հաշվի առնելով հայկական արտադրատեսակների արտահանման խոչընդոտները նախկին ավանդական շուկաներ՝ ՀՀ նախագահը խնդրել է Չեխիայի նախագահի աջակցությունը դեպի Չեխիա հայկական արտադրանքի խթանման կապակցությամբ։

«Այսօրվա քննարկումների կարևոր ուղղություններից էր նաև տնտեսական համագործակցության հետագա ընդլայնումը։ Այս առումով կարևոր հարթակ է տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովը: Մեր նպատակը ոչ միայն առևտրի ծավալների մեծացումն է, այլև համագործակցության որակական ընդլայնումը՝ համատեղ արտադրության, ներդրումային ծրագրերի և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում նոր նախաձեռնությունների միջոցով։

Ցանկանում ենք ընդլայնել փոխադարձ առևտուրը և խթանել չեխական ներդրումները Հայաստանում, և այսօր անդրադարձ կատարեցինք էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության հեռանկարներին՝ երկուստեք կարևորելով գործարար համայնքների միջև կանոնավոր շփումները»,- ընդգծել է ՀՀ նախագահը:

Հայաստանի և Չեխիայի նախագահների համատեղ ասուլիսը

Հայաստանի և Չեխիայի նախագահներն անդրադարձել են նաև խորհրդարանական դիվանագիտության դերին։ Նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ վերջին տարիներին խորհրդարանական մակարդակով շփումները կարևոր ներդրում են ունեցել երկու երկրների միջև փոխըմբռնման խորացման գործում։

«Միջմարդկային կապերի ամրապնդումը հարաբերությունների մյուս կարևոր ուղղությունն է։ Հայաստանը և Չեխիան կրթության, մշակույթի, գիտության, երիտասարդության և սպորտի ոլորտներում համագործակցության ամուր իրավական հիմք ունեն։ Մենք ցանկանում ենք առավել ակտիվացնել ուսանողական և ակադեմիական փոխանակումները, գիտահետազոտական համատեղ ծրագրերը, մշակութային միջոցառումներն ու երիտասարդական շփումները։ Հատուկ նշանակություն ենք տալիս Չեխիայի հայկական համայնքին։ Այն երկու ժողովուրդների միջև բնական կամուրջ է և կարևոր դեր է կատարում հայ-չեխական բարեկամության խորացման գործում։

Հանդիպման ընթացքում անդրադարձանք նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերին։ Տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը, տնտեսական կապերի զարգացումը և մարդկանց ազատ տեղաշարժի հնարավորությունների ընդլայնումը կարող են Հարավային Կովկասը դարձնել համագործակցության և փոխկապակցվածության տարածաշրջան։ Այսօրվա հանդիպումը ևս մեկ անգամ հաստատեց, որ մեր հարաբերություններն ունեն քաղաքական ամուր հիմք և հետագա խորացման զգալի ներուժ։ Լիահույս եմ՝ այս հանդիպումը իր նպաստը կբերի Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև բարեկամական և գործընկերային հարաբերությունների հետագա խորացմանը»,- եզրափակել է ՀՀ նախագահը։

Նախագահների համատեղ ասուլիսին հաջորդել է Վահագն Խաչատուրյանի հանդիպումը Չեխիայի Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլի հետ։ Մասնակցում են նաև Սենատի փոխնախագահները, Արտաքին կապերի, պաշտպանության և անվտանգության, ինչպես նաև ԵՄ հարցերով հանձնաժողովների նախագահները։

Ապա քննարկումները կշարունակվեն նաև Պատգամավորների պալատում. ՀՀ նախագահին կողջունի Պատգամավորների պալատի նախագահ Տոմիո Օկամուրան։ Պաշտոնական այցի ընթացքում նախատեսված է նաև հանդիպում Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև տեղի կունենա «Համերաշխություն. ի նշանավորումն 1988 թվականի երկրաշարժից հետո Հայաստանին ցուցաբերած Չեխիայի աջակցության» խորագրով միջոցառումը։

Պրահայի ամրոցի «Ռոթմայեր» սրահում պլանավորված միջոցառման շրջանակներում նախատեսված է հանդիպում 1988-ի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժից հետո Հայաստանում փրկարարական առաքելություն իրականացրած հրշեջների և մարդասիրական դրամահավաքի կազմակերպիչների հետ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում