Մոլդովայի նախագահը կարևորել է երեխաների առցանց անվտանգությունը և հոգեկան առողջությունը թվային դարաշրջանում․ Moldpres
3 րոպեի ընթերցում

Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և Moldpres-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։
Երեխաների առցանց անվտանգությունը և հոգեկան առողջությունը թվային դարաշրջանում իշխանություններին հասցեագրված առաջնահերթ խնդիրներից են, որոնց հիմնական նպատակն է ապահովել, որ մոլդովացի յուրաքանչյուր երեխա կարողանա մեծանալ առողջ, ազատ և անվտանգ մի աշխարհում, որտեղ հատվում են ֆիզիկական և թվային իրականությունները:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Moldpres գործակալությունից, այս մասին սեպտեմբերի 3-ին Քիշնևում առցանց անվտանգության և երեխաների ու դեռահասների հոգեկան առողջության վրա թվային միջավայրի ազդեցության վերաբերյալ միջազգային համաժողովում հայտարարել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն։
Միջոցառմանը մասնակցել է նաև Ռումինիայի առաջին տիկին Միրաբելա Գրադինարուն, որն այցով գտնվում է Մոլդովայում:
Նախագահ Սանդուն նշել է, որ թվային միջավայրը բացում է առանձնահատուկ հնարավորություններ երեխաների և երիտասարդների համար՝ միաժամանակ ազդելով նրանց ուշադրության, հույզերի, հարաբերությունների և իրենք իրենց ընկալելու վրա:
Սանդուն ընդգծել է, որ աճող թվով երկրներում էկրանների և սոցիալական ցանցերի չափազանց շատ օգտագործումը դիտվում է որպես հանրային առողջապահության լուրջ ճգնաժամ։
Մոլդովայում այս իրավիճակի ազդեցությունը գնահատելու և կենսունակ լուծումներ գտնելու համար իշխանությունները Քիշնևում, Կահուլում, Ունգենիում, Բալթիում և Նիսպորենիում քննարկումներ են անցկացրել ուսանողների, ուսուցիչների, ծնողների և մասնագետների հետ:
Պետության ղեկավարը շեշտել է, որ իշխանությունները պետք է լուծումներ գտնեն և ստեղծեն պաշտպանության մեխանիզմներ, որպեսզի յուրաքանչյուր երեխա անվտանգ լինի առցանց տիրույթում։
«Արհեստական բանականությունը և թվայնացումը փոխում են նոր սերունդների կողմից գիտելիքների ձեռքբերման եղանակը։ Մենք պետք է երեխաներին պատրաստենք այնպիսի մասնագիտությունների, որոնք կենթարկվեն խորը փոփոխությունների, և այնպիսի մասնագիտությունների, որոնք այսօր նույնիսկ գոյություն չունեն։ Մենք չենք կարող դա անել՝ մեկուսացնելով նրանց տեխնոլոգիաներից։ Պետք է նրանց սովորեցնենք դրանք օգտագործել խելացի, հավասարակշռված և պատասխանատու ձևով, քննադատաբար մտածել և օգտագործել նոր գործիքներ՝ առանց դրանց գերին դառնալու», - նշել է նա։
Մոլդովայի նախագահը շեշտել է, որ այս համատեքստում անհրաժեշտ են համատեղ ջանքեր ընտանիքների, դպրոցների, առողջապահական համակարգի, իշխանությունների, քաղաքացիական հասարակության և թվային հարթակները կառավարող ընկերությունների կողմից։
«Առցանց անվտանգությունը և երեխաների ու դեռահասների հոգեկան առողջության ու հուզական բարեկեցության թվային որոշիչները» համաժողովը կազմակերպվել է Առողջապահության նախարարության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի կողմից՝ Մոլդովայի նախագահության հովանու ներքո և Եվրամիության համաֆինանսավորմամբ: