«Իմ Քայլը» հիմնադրամի պատվիրակությունը շրջայց է կատարել «Կատարա» մշակութային հիմնադրամում և Կատարի ազգային գրադարանում
5 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի պատվիրակությունը դեկտեմբերի 6-ից 9-ը գտնվել է Կատարի մայրաքաղաք Դոհայում։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին հիմնադրամից, կառույցի գործառնությունների և հանրային կապերի գծով փոխտնօրեն Դավիթ Մկրտչյանը և մշակութային ծրագրերի համակարգող Անի Թովմասյանը նախ այցելել են Կատարի ազգային գրադարան։
«Կատարի ազգային գրադարանը ավելի քան 12 տարվա պատմություն ունի, հաշվեկշռում կան 1 մլն-ից ավելի գրքեր, ինչպես նաև մեծ քանակությամբ առցանց գրականություն, աուդիոգրքեր, ամսագրեր։ Գրադարանում հասանելի գրականությունը նախատեսված է բոլոր տարիքային խմբերի համար՝ ինչպես արաբերեն, այնպես էլ այլ լեզուներով։
Դավիթ Մկրտչյանը և Անի Թովմասյանը ուսումնասիրել են գրադարանի աշխատելաոճը, շրջել են տարածքում, ուսումնասիրել մատուցվող ծառայությունները։ Գրադարանում ամեն տարի հայտարարվում է որևէ երկրի տարի և բացվում է ցուցադրություն։ Այս տարին Մարոկկոինն էր. տարածքում ներկայացված էր Մարոկկոյի գրի ու գրականության պատմությունը, ցուցադրված էին նմուշներ։
Կատարի ազգային գրադարանում առկա է նաև հայ գրականություն՝ անգլերեն լեզվով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ Կատարի ազգային գրադարանի փորձին ծանոթանալուց հետո պատվիրակությունը այցելել է Միջին Արևելքի ամենամեծ մշակութային ավան՝ «Կատարա» մշակութային հիմնադրամ։ Այս հիմնադրամի հետ «Իմ Քայլը» հիմնադրամի սերտ գործակցությունը սկսվել է մայիսից, երբ Հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի գծով փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը այցելել էր Դոհա։
«ՀՀ դեսպանի հետ միասին այցելեցինք «Կատարա» մշակութային հիմնադրամ, հանդիպեցինք երկարամյա գլխավոր տնօրեն դոկտոր Խալեդ Իբրահիմ Ալ-Սուլեյթիի հետ, որը ցանկություն և պատրաստակամություն հայտնեց խորացնել համագործակցությունը Հայաստանի և, մասնավորապես, «Իմ Քայլը» հիմնադրամի հետ։ Սեպտեմբերին ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի հրավերով Երևան այցելեց «Կատարա» մշակութային հիմնադրամի ղեկավար կազմը։ Նրանք մասնակցեցին Հիմնադրամի կազմակերպած՝ հունահայ նկարիչ Ետուարտ Սագաեանի անհատական ցուցահանդեսին, ապա «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրենի հետ քննարկեցին համագործակցության հնարավոր եզրեր գտնելու և ակտիվացնելու հարցը»,- պատմել է Թալին Թօփալաքեանը։
Նշվում է, որ երևանյան այցից հետո հաջորդ քայլը «Իմ Քայլը» հիմնադրամի աշխատակիցների փոխադարձ այցն էր։ «Կատարա»-ի անձնակազմը շրջայց էր կազմակերպել հյուրերի համար՝ ցուցադրելով ավանի ամբողջ հզորությունն ու հնարավորությունները։
«Այստեղ եմ գտնվում «Կատարա» մշակութային հիմնադրամի կողմից իրականացվող կրթական և մշակութային ծրագրերին, կազմակերպվող ցուցահանդեսներին, նաև նրանց կողմից իրականացվող արվեստի տարբեր բնագավառների միջոցառումներին ծանոթանալու նպատակով։ Ընդհանուր առմամբ, այցը եղել է շատ արդյունավետ, ծանոթացել ենք տարբեր կենտրոնների գործունեությանը, եղել «Կատարա» մշակութային հիմնադրամի տարբեր ենթակառուցվածքներում՝ օպերայում, ամֆիթատրոնում, կինոյի ցուցադրության սրահում, ինչպես նաև շրջել ենք ավանում, ընթացքում տեղի էին ունենում մի քանի միջոցառումներ, ինչ-որ չափով ականատես ենք եղել նաև այդ միջոցառումներին»,- մանրամասներ է ներկայացրել Անի Թովմասյանը։
Այցի պահին երկու փառատոն է եղել «Կատարա»-ում՝ Ջազի 8-րդ եվրոպական փառատոնը, որին մասնակցում էր նաև հայկական կողմը՝ Վահագն Հայրապետյանի “Armenian colors” տրիոյով և Կատարի ավանդական «Դոու» 14-րդ փառատոնը, որի ընթացքում ցուցադրվում են Կատարի ավանդական նավակները։
«Իմ Քայլը» հիմնադրամից հայտնում են, որ համագործակցությունը «Իմ Քայլը» և «Կատարա» հիմնադրամների միջև լինելու է շարունակական՝ նշել է Հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը․ կազմակերպվելու են փոխադարձ այցեր, մի քանի նախաձեռնությունների մասով արդեն իսկ կան նախնական պայմանավորվածություններ՝ թե՛ ՀՀ պետական կառույցների, թե՛ «Իմ Քայլը» հիմնադրամի հետ։