Կրթություն

Մեկնարկել է «Կրթությունը սկսվում է ինձանից» խորագրով աշխատաժողովը

5 րոպեի ընթերցում

Մեկնարկել է «Կրթությունը սկսվում է ինձանից» խորագրով աշխատաժողովը

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ մեկնարկել է «Կրթությունը սկսվում է ինձանից» խորագրով երկրորդ աշխատաժողովը՝ նախադպրոցական կրթության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ: Նպատակը նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի ներդրման արդյունավետ կազմակերպմանն առնչվող հարցերի քննարկումն էր: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ նախարարի տեղակալ Արքսիա Սվաջյանը Երևանի թիվ 26 մանկապարտեզում ներկա է եղել համաժողովի մարզային փուլին: Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ նախարարի տեղակալը շեշտել է, որ նոր չափորոշչի ներդրումը թե՛ դպրոցական, թե՛ նախադպրոցական մակարդակում հնարավորություն է տալիս գիտելիքահեն կրթությունից անցում կատարել ավելի համապարփակ վերջնարդյունքների: 

«Չափորոշչի ներդրումը բազմաշերտ ու բազմակողմանի գործընթաց է, որը  ներառում է յուրացված գիտելիքների կիրառումը, հմտությունների ձևավորումը, ինչպես նաև երեխայի արժեքային համակարգը, սոցիալ-հուզական զարգացման խնդիրները: Վստահ եմ՝ ձեզանից շատերն արդեն հասցրել են նկատել, թե չափորոշչի կիրառումն հաջողություններ արձանագրելու ինչպիսի հնարավորություններ է տալիս», - ասել է Արաքսիա Սվաջյանն ու տեղեկացրել, որ նախադպրոցական կրթության չափորոշիչն այս տարվանից ներդրվել է 500-ից ավելի մանկապարտեզներում:

Այս համատեքստում Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է նաև մենթոր մանկապարտեզներին՝ նշելով, որ այս համակարգը դրական փորձի փոխանակման հնարավորություն է ապահովում: Նախարարի տեղակալի խոսքով՝  բոլոր մենթոր մանկապարտեզները սովորեցնում են՝ միաժամանակ սովորելով:

Արաքսիա Սվաջյանն արձանագրել է նաև, որ երկրորդ անգամ անցկացվող համաժողովի հանդեպ հետաքրքրությունը բավական մեծ է. «Հուսով եմ՝ շատ արդյունավետ ու բովանդակային քննարկումներ կունենաք այս աշխատաժողովի ընթացքում: Լավագույն զեկուցումները կընտրվեն ու կներկայացվեն հաջորդ շաբաթ կայանալիք համաժողովի հանրապետական փուլում: Նմանօրինակ աշխատաժողովներն ու էքսպոներն ինքնանպատակ չեն. դրանք հարթակ են նորարարությունները ներկայացնելու, կիսվելու լավագույն փորձով: Նախադպրոցական ոլորտում տարիներ շարունակ, կարելի է ասել, չեն եղել վերապատրաստումներ և մասնագիտական համաժողովներ: Շահագրգռված ենք, որ նախադպրոցական կրթության ոլորտն ուժեղանա և կայունանա, քանի որ առանց որակյալ նախադպրոցական կրթություն՝ չենք կարողանա հաջողության հասնել հանրակրթության ոլորտում»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև երեխաների նկատմամբ բռնության խնդրին ու երեխաների վարքականոններին. «Ցավոք, շատ ահազանգեր ենք ստանում բռնության դեպքերի առնչությամբ, այդ թվում՝ մանկապարտեզներից: Երբեմն նման պահվածք դրսևորողը դա չի էլ որակում որպես բռնություն: Պարտավոր ենք գիտակցել և հասկանալ, որ երեխաների ու հատկապես նախադպրոցականների հետ աշխատելիս համբերություն և շատ սեր է պետք. եթե դու այդ տարիքին բնորոշ եռուզեռը չես սիրում, ապա չես կարող արդյունավետ աշխատել և համապատասխան իրավիճակներում ադեկվատ արձագանքել»,- ասել է Արաքսիա Սվաջյանը: 

«Կրթությունը սկսվում է ինձանից» համաժողովի մարզային փուլն անցկացվել է երեք աշխատարաններով, որոնցում թեմատիկ քննարկումներ են կազմակերպվել նախադպրոցական կրթության բովանդակության բարելավման, նախադպրոցական տարիքի երեխաների սոցիալ-հոգեբանական զարգացման առանձնահատկությունների, ֆիզիկական կրթություն և առողջ ապրելակերպի խնդիրների վերաբերյալ:

Աշխատաժողովի կազմակերպման բովանդակային պատասխանատուներն են «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամը և ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված մենթոր նախադպրոցական ուսումնական հաստատությունները: Աշխատաժողովն անցկացվում է մարզային և ամփոփիչ փուլերով. մարզային փուլը տեղի է ունեցել  դեկտեմբերի 10-ին Երևանում և բոլոր մարզերում, ամփոփիչը փուլը նախատեսվում է դեկտեմբերի 20-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում