Քաղաքականություն

ՀՀ ԱԳ փոխնախարարը և Ծոցի համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են համագործակցության սերտացման քայլերը

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ փոխնախարարը և Ծոցի համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են համագործակցության սերտացման քայլերը

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը «Մանամայի երկխոսություն» ֆորումի շրջանակներում հանդիպում է ունեցել Ծոցի համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղարի՝ քաղաքական և բանակցային հարցերով տեղակալ Աբդուլազիզ Ալ-Ուվայշեկի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԾՀԽ համագործակցության սերտացմանն ուղղված համատեղ քայլերը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հարցեր։

Երկուստեք ընդգծվել է կողմերի հետաքրքրությունը՝ խորացնել կազմակերպության և Հայաստանի միջև հարաբերությունները: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել՝ շարունակել ջանքերը խթանելու համար ներդրումային հետաքրքրությունները ԾՀԽ անդամ երկրների և ՀՀ գործարարների շրջանում, այդ թվում՝ դրա համար անհրաժեշտ հարթակների և իրավապայմանագրային հենքի ձևավորման միջոցով։

Ըստ աղբյուրի՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կոստանյանը զրուցակցին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկի» հայեցակարգը, մասնավորապես, Ծոցի և Սևծովյան տարածաշրջանների միջև փոխկապակցվածության համար ընձեռնվող հնարավորությունների տեսանկյունից։ Մտքեր են փոխանակվել ԾՀԽ և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության միջև հնարավոր փոխգործակցության հարցերի շուրջ։

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին։ Զրուցակցի խնդրանքով Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի և հարևան երկրների միջև հարաբերությունների կարգավորման ու զարգացման ուղղությամբ աշխատանքները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում