Հայաստան

Գնահատվեցին ՀՀ վարչատարածքային բարեփոխումների արդյունքները և ընձեռած հնարավորությունները

10 րոպեի ընթերցում

Գնահատվեցին ՀՀ վարչատարածքային բարեփոխումների արդյունքները և ընձեռած հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների արդյունքների վերլուծությանը, հանրային կյանքին ունեցած ազդեցությանը և դրանց նկատմամբ հասարակության ընկալումների ներկայացմանն էր նվիրված այսօր Երևանում կայացած «ՀՀ վարչատարածքային բարեփոխումների արդյունքները. մարտահրավերներ և նոր հնարավորություններ» խորագրով համաժողովը։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ կառավարության, միջազգային կազմակերպությունների, համայնքապետարանների ներկայացուցիչները և գործընթացի գնահատման փորձագետներն անդրադարձան կատարված աշխատանքներին և հետագա անելիքներին:

Նշվեց, որ 2015 թվականին սկսված ՀՀ վարչատարածքային բարեփոխումների (ՎԲ) նպատակն էր ավելի մեծ ու կենսունակ վարչատարածքային միավորներում համայնքների միավորման միջոցով բարելավել տեղական ինքնակառավարումը և ծառայությունների մատուցման որակը։ Արդյունքում Հայաստանում համայնքների քանակը 915-ից հասավ 71-ի՝ 64 միավորված և 7 առանձին համայնքներ։

Կառուցվածքային այս փոփոխությունն ուղեկցվել է ֆինանսական քաղաքականության բարեփոխումներով, տեղական ինքնակառավարման մարմիններում համամասնական ներկայացուցչության ներդրմամբ և համայնքների ղեկավարների անուղղակի ընտրություններ անցկացնելու հնարավորության սահմանմամբ։

Միաժամանակ, ներդրվել են ծառայությունների մատուցումը կենտրոնացնող այնպիսի գործիքներ, ինչպիսիք են Համայնքային Կառավարման Տեղեկատվական Համակարգը և Քաղաքացիների սպասարկման գրասենյակները, որոնք նպաստել են աշխատանքների թափանցիկության և արդյունավետության բարձրացմանը։ 

Ակնկալվում է, որ ՎՓ արդյունքների վերլուծության արդյունքները կնպաստեն հետագայում քաղաքական որոշումների կայացմանը և տեղական ինքնակառավարման բարելավմանը։ Ուսումնասիրությամբ պարզվել է, որ որոշ ձեռքբերումներով հանդերձ դեռևս անհրաժեշտ է կատարել զգալի աշխատանք՝ ընձեռված հնարավորությունները լիարժեք իրացնելու համար։

ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության փոխդեսպան, Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի փոխտնօրեն Ուրսուլա Լաուբլին կարևորեց համաժողովը, որի ընթացքում ներկայացվեցին Շվեյցարիայի կողմից ֆինանսավորված ուսումնասիրությունների՝ ՀՀ վարչատարածքային բարեփոխումների առաջին համապարփակ գնահատման արդյունքները: Նա նշեց, որ այս ուսումնասիրությունը ներդրում է Հայաստանում ապացուցահենք և մասնակցային որոշումների կայացման խթանման գործում: Նա տեղեկացրեց Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ)՝ հավելյալ 1․2 միլիոն շվեյցարական ֆրանկ հատկացնելու վերաբերյալ վերջերս կայացված որոշման մասին, ինչի արդյունքում 2014 թվականից ի վեր շվեյցարական ընդհանուր ներդրումները տեղական կառավարման ոլորտում հասել են գրեթե 18 միլիոն ֆրանկի:

GIZ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մադլեն Ռաուշենբերգերն ասաց.

«ՀՀ վարչատարածքային բարեփոխումների մեկնարկումից ի վեր Հայաստանն այս առումով հսկայական առաջընթաց է գրանցել: Գերմանիայի և Շվեյցարիայի կառավարությունների ֆինանսավորման միջոցով GIZ-ն ուրախությամբ է աջակցել այս գործընթացին: Միասին ստանձնել ենք համայնքների միավորման, տեղական ինքնակառավարումը բարելավելու և ավելի ուժեղ ու դիմակայուն համայնքներ ստեղծելու առաքելությունը»:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում արձանագրեց․

«Անցած ժամանակը բավարար չէ վերջնական եզրահանգումներ անելու համար, բայց վստահաբար բավարար է որոշակի միջանկյալ գնահատականներ տալու և դրանց հիմման վրա կողմնորոշվելու հետագա անելիքների հարցում։ Ունենք որոշակի արդյունքներ, որոնք մեզ թույլ են տալիս որոշակի վստահությամբ ասել, որ ճիշտ ճանապարհի վրա ենք, իրականացրած վարչատարածքային բարեփոխումներն արդեն իսկ իրենց արդյունքները տալիս են։ Հանրային ընկալման մեջ նույնպես էական տրանսֆորմացիա է տեղի ունեցել։ Բարեփոխումների մեկնարկային փուլում քիչ չէին անորոշությունները, մտահոգությունները և մտավախությունները։ Դրանց մեծ մասը չափազանցված էր։ Այսօր հավասարակշիռ և խաղաղ վերաբերմունք ունենք հարցի նկատմամբ։ Որպես թիմ, գործադիր իշխանություն, որի վրա դրված է ռեֆորմի իրականացման պատասխանատվությունը, պետք է արդյունավետ քայլեր ձեռնարկենք, որպեսզի մեր իրականացված բարեփոխումը լինի համոզիչ»։

Փոխնախարարի խոսքով՝ միավորման արդյունքում ձևավորվել են բազմաբնակավայր համայնքներ, համայնքային կյանքը, որպես հանրային կառավարման ձև, դարձել է մրցակցային։ Նա շատ կարևոր քաղաքական քայլ որակեց համայնքային, տեղական իշխանության մակարդակով համամասնական ընտրակարգի ներդրումը։ Կարևորվեց նաև ֆինանսական ռեսուրսների միավորման հնարավորությունը և դրանց արդյունավետ կառավարման իրականացումը։ 

«Արդեն իսկ ունենք վարչարարության արդյունավետություն, կարողացել ենք ներդնել էլեկտրոնային կառավարման համակարգեր։ Այդ առումով արդյունքները տպավորիչ են։ Իհարկե, հեռու եմ այն մտքից, որ այդ գործիքներն օգտագործում ենք 100 տոկոս արդյունավետությամբ, թեպետ որոշ ուղղություններով էական առաջընթաց ունենք։ Համայնքների խոշորացումը տվեց նաև մրցակցային, ծրագրային մտածելակերպի ձևավորման հնարավորություն։ Շատ հաճախ ունենում ենք հիանալի ծրագրեր։ Մեր մարտահրավերներից մեկը ծրագրային բյուջետավորումն է, մյուսը՝ մասնակցայնայնության ապահովումը»,- նշեց փոխնախարար Վաչե Տերտերյանը։

Նա նկատեց, որ կառավարությունը վերջին երկու տարիներին համաֆինանսավորել է մի քանի տասնյակ միլիարդ դրամի ծրագրեր։

«Կարծեմ՝ թիվը 30 միլիարդ էր անցյալ տարվա կատարողականում։ Եթե շատ կոշտ գնահատենք, ապա ստացվում է, որ մեր համայնքներն իրականացրել են մոտավորապես նույնքան կապիտալ ներդրումներ։ Այսինքն, ռեսուրսների կենտրոնացումը տվել է իր արդյունքը»,- ասաց Վաչե Տերտերյանը։

Նա ընդգծեց, որ տեղական իշխանությունը պետք է ունենա սեփական լիազորություն, սեփական պատասխանատվություն և ռեսուրս դա իրականացնելու համար։

«Հիմա դա ձևավորել ենք։ Շատ դեպքեր եմ նկատում, երբ լավագույն աշխատակիցները մարզպետարանից տեղափոխվում են համայնքային կառույցներ։ Առաջ այդպես չէր՝ հակառակն էր։ Դա նշանակում է, որ համայնքային ծառայությունը դարձել է գրավիչ, բովանդակային և հավակնող։ Հեռանկարում պետք է ունենանք քաղաքականապես հասուն ավագանի։ Այլ հարց է, որ քաղաքական կուսակցությունները պետք է ունենան քաղաքական հեռատեսություն և հասունություն՝ այդ գործիքակազմը ճիշտ օգտագործելու համար, որովհետև հաջորդ ընտրություններում այդ պահին օգտագործված գործիքակազմը լինելու է գնահատականը իրենց ստացած քվեի»,- ընդգծեց Վաչե Տերտերյանը։

Ի"նչ պետք է անել, որպեսզի համայնքների խոշորացումը դառնա շատ արդյունավետ։

«Պետք է մեր ավագանիների տեսական, գործնական, քաղաքական գիտելիքներն ավելացնենք, ապակենտրոնացնենք, ավելի շատ լիազորություններ տանք համայնքներին»,- մեր հարցին այսպես պատասխանեց Վաչե Տերտերյանը։

«Ավենյու քընսալթինգ գրուպ» խորհրդատվական ընկերությունը ներկայացնող Տավուշի նախկին մարզպետ Հայկ Չոբանյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում գնահատելով համայնքների միավորման գործընթացի արդյունավետությունը՝ նշեց․

«Կարծում եմ՝ այս գործընթացը ճիշտ կլինի անվանել համայնքների ներուժի բարձրացման ծրագիր։ Ըստ էության, խոսում ենք համայնքային կոնսոլիդացիայի մասին, որի նպատակն է բարձրացնել համայնքային ներուժը, որը թույլ կտա զարգացնել կարողությունները, բարձրացնել համայնքի դերը, ապահովել առավել տնտեսական ակտիվացում։ Մյուս կողմից՝ կարծում եմ, որ իրականացվող գործողությունները և համայնքների միավորման կոնտեքստում արվող շեշտադրումները՝ ամբողջական չեն ներկայացնում այս սպեկտրը։ Դա նշանակում է, որ դեռևս հեռու ենք համայնքների միավորումը հաջողված ծրագիր համարելուց։ Մեր համայնքները թեպետ զարգանում են, իրենց ներուժը բարձրանում է, բայց ցանկալի իրավիճակը մնում է շատ հեռու։ Այդ ամենը շտկելու, բարելավելու իմաստով խիստ կարևոր են այսպիսի հետազոտությունները, վերլուծությունները, քննարկումները»։

Համաժողովն իրականացվել է «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ)՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության պատվիրակմամբ և Հայաստանում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության համաֆինանսավորմամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում