Հայաստանը շարունակաբար ապացուցել է Հարավային Կովկասում թշնամության էջը փակելու իր պատրաստակամությունը. Միրզոյանը՝ ԵԱՀԿ ՆԽ նիստին

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Մալթայի մայրաքաղաք Վալետայում անցկացվող ԵԱՀԿ նախարարների խորհրդի 31-րդ նիստում՝ շեշտելով, որ Հայաստանը շարունակաբար ապացուցել է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու և Հարավային Կովկասում թշնամության էջը փակելու իր պատրաստակամությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ՀՀ ԱԳ նախարարը նշել է. «Նախևառաջ կցանկանայի շնորհակալություն հայտնել Մալթայի նախագահությանը՝ անցնող՝ մարտահրավերներով լի տարվա ընթացքում կազմակերպությունում նախագահության համար:

Տարվա ընթացքում Հայաստանը գործադրել է առավելագույն ջանքեր՝ ապահովելու, որ ԵԱՀԿ-ն դիմակայի գոյաբանական մարտահրավերներին՝ մասնավորապես, նպաստելով կազմակերպության` մասնակից պետությունների միջև վստահության և համագործակցության ամրապնդման ջանքերին և կոչ անելով արագորեն կիրառել վաղ նախազգուշացման և հակամարտությունների կանխարգելման գործիքակազմը։ Ցավոք, մենք բոլորս ձախողեցինք մեր ջանքերում՝ թե՛ հավաքականորեն, թե՛ անհատապես։

Մինչ Հայաստանը երկար ժամանակ հետևողականորեն հանդես է եկել ԵԱՀԿ պատասխանատվության ողջ տարածքում իր սկզբունքների լիարժեք կիրառման օգտին՝ զգուշացնելով ուժի կիրառման վաղ նախազգուշացման ազդանշանների մասին և կոչ անելով արագ և վճռական գործողությունների, ԵԱՀԿ-ի մեխանիզմներն ու հակամարտությունների կանխարգելման գործիքակազմը, մեղմ ասած, շարունակել են մնալ անգործուն:

Սակայն մեր քննադատությունը պետք է ընկալել միայն այն համատեքստում, որ մենք ցանկանում ենք ունենալ արդյունավետ անվտանգային կազմակերպություն՝ անկախ հաստատություններով, որոնք գործում են խստորեն պահպանելով իրենց մանդատները, պարտավորությունները և սկզբունքները՝ առանց հաշվի առնելու որևէ այլ հանգամանք։

Ձերդ գերազանցություններ,

Այն մարտահրավերները, որոնց այսօր առերեսվում է ողջ աշխարհը, մեզ ստիպում են առավել զգոն լինել խաղաղության և կայունության հետ կապված հարցերում։ Հաշվի առնելով նշվածը՝ Հայաստանը շարունակում է իր կառուցողական ներգրավվածությունը Ադրբեջանի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցություններում։
Այս տարի երկկողմ բանակցությունները հանգեցրին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման կանոնակարգի ստորագրմանը, որով սահմանազատման հիմք ընդունվեց 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը։ Տեղում մեզ հաջողվեց սահմանազատել ավելի քան 12 կմ սահման, և հուսով ենք, որ այս փաստաթուղթը ճանապարհ կհարթի գործընթացի արդյունավետ շարունակման համար և այդպիսով էապես կնպաստի տարածաշրջանում կայունության հաստատմանը։

Մենք նաև որոշակի առաջընթաց ենք գրանցել մեր երկու երկրների միջև Խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ։ Մենք համաձայնության ենք եկել նախաբանի և համաձայնագրի նախագծի 17 հոդվածներից 15-ի շուրջ, և եթե լինի բավարար քաղաքական կամք, այն կարող է արագորեն վերջնականացվել և ստորագրվել։ Հայաստանը շարունակաբար ապացուցել է իր պատրաստակամությունը ստորագրելու համաձայնագիրը և փակելու թշնամության էջը Հարավային Կովկասում։

Մենք համոզված ենք, որ խաղաղությունն այլընտրանք չունի, քանի որ մեր տարածաշրջանի ժողովուրդն արդեն շատ է տուժել արյունալի հակամարտություններից։ Ի հեճուկս բոլոր դժվարությունների, մենք հաստատակամ ենք շարունակելու մեր ջանքերը՝ հասնելու ցանկալի նպատակին։ Այս համատեքստում հայկական կողմի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» կապուղիների նախագիծը մեծ ներուժ ունի բարձրացնելու վստահությունը, ամրապնդելու վստահության մթնոլորտը և խթանելու տարածաշրջանի երկրների միջև ավելի լավ փոխգործակցություն։

Մենք հավատում ենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների լիակատար կարգավորումը, հատկապես դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանների բացումը, կարող է լինել խաղաղության և կայունության կարևոր մյուս ներդրումը տարածաշրջանում։ Այս նպատակով մենք շարունակելու ենք երկխոսությունը մեր թուրք գործընկերների հետ և իրականացնել որոշ գործնական քայլեր, այդ թվում՝ Հայաստանի և Թուրքիայի միջև կամրջի, ինչպես նաև Գյումրի-Կարս երկաթգծով սահմանային անցման տեխնիկական պահանջների համատեղ գնահատում: Երբ համաձայնությունները կյանքի կկոչվեն, դրանք դրական ազդեցություն կունենան տարածաշրջանի և դրա սահմաններից դուրս ժողովուրդների վրա։

Հարգելի՛ գործընկերներ,

Քանի որ մոտենում ենք Հելսինկյան Եզրափակիչ ակտի 50-ամյակի կարևոր հանգրվանին, լավ հնարավորություն է, որ յուրաքանչյուր մասնակից պետություն հստակ և միանշանակ վերահաստատի իր հավատարմությունը ԵԱՀԿ-ի հիմնական սկզբունքներին: Այս առումով Ֆինլանդիայի նախագահությունը վճռորոշ նշանակություն կունենա ԵԱՀԿ-ն ավելի արդիական և արդյունավետ ուղիով տանելու, մասնավորապես, վաղ նախազգուշացման և հակամարտությունների կանխարգելման ջանքերն ուժեղացնելու հարցում:

Եզրափակելով՝ մենք կցանկանայինք հավաստիացնել մեր ֆին գործընկերներին, որ Հայաստանը պատրաստ է սերտորեն աշխատել՝ այս կազմակերպության կարևոր աշխատանքը առաջ մղելու համար»։

Հայերեն العربية Русский Türkçe 中文

Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով

Արմավիրում փոխվում են ջրագծերը, կառուցվում են ճանապարհներ և մանկապարտեզներ․ համայնքը շարունակում է զարգացման ծրագրերը

Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով

Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը

Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին

«Ուժեղ Հայաստան»-ի երևանյան գրասենյակի պատասխանատուն ընտրակաշառքներ է բաժանել․ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել