Թուրքիա

Թուրքիան պատասխանատվություն է ստանձնում հակամարտությունները երկխոսության և դիվանագիտության միջոցով կարգավորելու հարցում. Էրդողան

2 րոպեի ընթերցում

Թուրքիան պատասխանատվություն է ստանձնում հակամարտությունները երկխոսության և դիվանագիտության միջոցով կարգավորելու հարցում. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատասխանատվություն է ստանձնում հակամարտությունները երկխոսության և դիվանագիտության միջոցով կարգավորելու հարցում և շարունակում է աշխատել հանուն խաղաղության ու կայունության։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Անադոլու» գործակալությունը, Էրդողանն այս մասին ասել է Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ։

Թուրքիայի նախագահը նշել է, որ ՇՀԿ-ն, որը ներկայացնում է 3,5 միլիարդ բնակչություն և 35 տրիլիոն դոլարի համախառն ներքին արդյունք, բազմաբևեռ աշխարհակարգի առանցքային տարրերից մեկն է։

«Մենք ձգտելու ենք բոլոր ոլորտներում զարգացնել համագործակցությունը ՇՀԿ-ի հետ՝ այն դիտարկելով որպես վերելք ապրող ուժ»,- հայտարարել է Էրդողանը։

Նրա խոսքով՝ ՇՀԿ-ն կարող է կարևոր դեր ունենալ ոչ միայն խաղաղության և կայունության ապահովման, այլև անվտանգ տրանսպորտային միջանցքների ստեղծման և էներգետիկ անվտանգության ամրապնդման գործում։

Էրդողանը նաև ընդգծել է, որ Թուրքիան հանդես է գալիս Անդրկասպյան Միջին միջանցքը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության հետ փոխկապակցելու օգտին և մեծ նշանակություն է տալիս ՇՀԿ-ի շրջանակում համագործակցությանը։

Անդրադառնալով կլիմայի փոփոխությանը՝ Թուրքիայի նախագահը հայտնել է, որ իր երկիրը մտադիր է նպաստել դրա բացասական հետևանքների դեմ պայքարին՝ հիշեցնելով, որ նոյեմբերի 11-12-ը Անթալիայում կանցկացվի COP31 գագաթնաժողովը։

Էրդողանը նաև հայտարարել է, որ տարածաշրջանային պատասխանատվության և հավաքական զսպման սկզբունքների վրա հիմնված Մեքքայի պաշտպանական դաշինքը կարևոր ներդրում կունենա տարածաշրջանային և համաշխարհային խաղաղության ու կայունության ապահովման գործում։

Թուրքիայի նախագահն անդրադարձել է նաև Իսրայելի շարունակվող հարձակումներին։

«Մենք չպետք է մոռանանք Գազան և Լիբանանը, որտեղ Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է 74 հազար մարդ։ Այս ագրեսիվ քաղաքականության գինը վճարում է մեր ամբողջ տարածաշրջանը»,- հայտարարել է Էրդողանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում