Կրթություն

Երևանի թիվ 3 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնը վերանորոգվել է

3 րոպեի ընթերցում

Երևանի թիվ 3 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնը վերանորոգվել է

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Երևանի թիվ 3 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) վերաբացման և կայքի շնորհանդեսի միջոցառմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարությունից, ԿԳՄՍ նախարարի տեղակալը շրջել է վերանորոգված ՏՄԱԿ-ում, ծանոթացել պայմաններին:

Ըստ աղբյուրի՝ Երևանի թիվ 3 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնին ամրակցված են Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների 119 ուսումնական հաստատություններ՝ դպրոցներ, մանկապարտեզներ և միջին մասնագիտական հաստատություններ: Կենտրոնի ծառայությունները կրթական գործընթացի մասնակիցներին տրամադրվում են չորս հիմնական ուղղություններով՝ հարմարեցված և մատչելի միջավայրի ստեղծում, խելամիտ հարմարեցումների տրամադրում, կրթության մատչելիություն, ներառականություն, որակի ու արդյունավետության բարձրացում, սովորողի անհատական ուսուցման պլանով (ԱՈՒՊ) սահմանված աջակցության ծառայությունների տրամադրում:

«Վստահ եմ՝ նոր միջավայրն ավելի է քաջալերելու և ոգևորելու աշխատակիցներին, որպեսզի նրանք ավելի մեծ նախաձեռնողականություն ցուցաբերեն և ջանքեր ներդնեն այս բարդ աշխատանքն իրականացնելիս»,- շնորհավորելով ներկաներին՝ ասել է Արաքսիա Սվաջյանը:

Նա արժևորել է նաև կառույցի հնգամյա գործունեությունը՝ արձանագրելով, որ փոփոխություններն ու հաջողությունները նկատելի են, և տարեցտարի աշխատանքներն առավել արդյունավետ են կազմակերպվում:

Նշվում է, որ  Երևանի թիվ 3 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնը վերանորոգվել է մասնավոր հատվածի հետ համագործակցության շրջանակում:

 «Թեև ՀՀ կառավարությունը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում ինչպես ուսումնական հաստատություններում, այնպես էլ դրանք սպասարկող կառույցներում՝ կապիտալ աշխատանքների համատեքստում, այդուհանդերձ, շատ է կարևորվում նաև մասնավոր հատվածի հետ համագործակցությունը, որը գալիս է օժանդակելու բազմաթիվ խնդիրների լուծմանը և պետական քաղաքականության արդյունավետության բարձրացմանը»,- նշել է նախարարի տեղակալը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում