ԳԱՎԱՌ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել մարզում հիվանդանոցային ծառայություններ իրականացնող բուժհիմնարկների տնօրենների հետ։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունից, խորհրդակցության ընթացքում Կարեն Սարգսյանը Մարտունու, Գավառի, Սևանի, Վարդենիսի ԲԿ-ների և Ճամբարակի առողջության կենտրոնի տնօրենների հետ քննարկել է բուժհիմնարկներում գոյացած ազատ միջոցներով տեխնիկական նոր վերազինումների իրականացման խնդիրը։
Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչությանը և բուժհիմնարկների տնօրեններին հանձնարարել է` սեղմ ժամկետներում գույքագրել տեխնիկական վերազինումների հետ կապված առաջնահերթություններն ու կարիքները, հիվանդանոցային ծառայությունների մատուցումից գոյացած ազատ միջոցները և հայտարարել համապատասխան մրցույթներ` նոր տեխնիկական վերազինումների համար, որոնց շնորհիվ բուժհիմնարկներում կստեղծվեն հավելյալ նոր եկամուտներ ունենալու հնարավորություն, որով և կապահովվի նրանց շարունակական զարգացումը։
Խորհրդակցության ավարտին Կարեն Սարգսյանը պարզաբանումներ է տվել բժշկական կենտրոնների տնօրենների կողմից բարձրացված տարաբնույթ հարցերին։