ԳԱՎԱՌ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սոցիալապես անապահով խմբերում գտնվող ընտանիքները 2024 թվականի ընթացքում օգտվել են «Կամրջակ» սոցիալական բարեգործական ընկերության բազմաբնույթ ծրագրերից։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, «Կամրջակ» սոցիալական բարեգործական ընկերության և համայնքապետարանի հետ համագործակցությամբ, համայնքի սոցիալապես անապահով 9 ընտանիքի տան տանիքներն ամբողջովին վերանորոգվել են։ Վարդենիս քաղաքի դպրոցներ հաճախող առաջին դասարանի երեխաներին տրամադրվել են գրենական պիտույքներ:
Համայնքի յոթ բնակավայրի 2-րդ, 3-րդ և 4-րդ դասարաններ հաճախող 300 երեխայի տարվա ընթացքում 2 փուլով տրամադրվել են կոշիկներ ու տաք մարզահագուստ:
Վարդենիս համայնքի և բնակավայրերի սոցիալապես անապահով 70 բնակչի տրամադրվել է էլեկտրաէներգիայի և գազի վճարների փոխհատուցում՝ ձմռան 3 ամսվա համար:
Ակունք բնակավայրի 660 գծամետր երկարության կոյուղագիծը կառուցվել է ամբողջությամբ:
Վարդենիս համայնքի 7 բնակավայրի բնակիչներին տրամադրվել է կարտոֆիլի բարձրակարգ սերմացու:
«Սոցիալապես անապահով խմբերում գտնվող մեր համայնքի բնակիչներին տարիներ շարունակ անգնահատելի օգնություն է ցուցաբերում «Կամրջակ» սոցիալալան բարեգործական կազմակերպությունը։ Այդ օգնություններն ընդգրկում են առողջապահական, կրթական, գյուղատնտեսական, սոցիալական ոլորտները։ Արվում է հնարավորը, որպեսզի կարիքավոր ընտանիքներն արագ հաղթահարեն աղքատությունը, մյուս խնդիրները, բարելավեն իրենց կենսապայմանները, կարողանան աշխատանքի միջոցով ստեղծել կայուն եկամուտներ, կենսունակ տնտեսություն։ Բոլոր ընտանիքներն, առանց բացառության, հայտնում են իրենց երախտագիտությունը «Կամրջակ»-ին։
Սոցիալական ու կենսական նշանակության այդ ծրագրերը որոշակիորեն թեթևացնում են նաև համայնքապետարանի բեռը՝ բնակչության առջև ծառացած խնդիրներին լուծում տալու տեսանկյունից։ Իսկ մեր համագործակցությունը «Կամրջակ»-ի հետ կշարունակվի նաև 2025 թվականին՝ նույն բարեսիրական ու սոցիալական աջակցության հավակնոտ ծրագրերով»,-ներկայացրեց Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։