ԳԱՎԱՌ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի մարզիկները 4 ոսկե և 1 արծաթե մեդալ են նվաճել Հայաստանի քիքբոքսինգի բաց առաջնությունում։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, վերջերս Երևանում՝ «Դինամո» մարզական համալիրում, կայացել է քիքբոքսինգի Հայաստանի K-1 wak1f բաց առաջնությունը:
Սևանցի մարզիկները կրկին ցուցաբերել են տպավորիչ մրցելույթներ և նվաճել պատվավոր հորիզոնականներ:
Ոսկե մեդալներ են նվաճել Edgargym և Հայաստանի K-1 wak1f ազգային ֆեդերացիայի մարզիկներ Ռազմիկ Շուշանյանը, Հովսեփ Ղարիբյանը, Ալբերտ Գրիգորյանը, Լևոն Խաչատրյանը։ Իսկ Վահե Խաչատրյանը տուն է վերադարձել արծաթե մեդալով:
«Մեր բոլոր մրցանակակիրները 2025 թվականի փետրվարին կմասնակցեն քիքբոքսինգի Եվրասիական առաջնությանը: Մարզիչ Էդգար Ղարիբյանի սաներն արդեն պատրաստվում են հերթական առաջնությանն ու նվաճումներին»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից: