ԳԱՎԱՌ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզային գրադարանի սպասարկման բաժնում ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց մարզային գրադարանի տնօրեն Մարիամ Համբարձումյանը, հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են Գավառի համայնքապատերանի միջոցների հաշվին՝ 6 միլիոն դրամ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում։
Ծրագրով նախատեսված է գրադարանի բոլոր բաժինների նոր դռների տեղադրում, սպասարկման բաժնի հատակի, ջեռուցման համակարգի նորոգում, պատերի ներքին հարդարում, նոր գրապահարանների ձեռքբերում։ Շինարարական աշխատանքները ավարտին կհասցվեն մինչև տարեվերջ։
«Վերանորոգման նպատակն է ստեղծել ավելի հարմարավետ և ժամանակակից պայմաններ ինչպես գրադարանի աշխատակիցների, այնպես էլ ընթերցողների համար։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է գրադարանում իրականացնել մի շարք բարելավումներ, որոնք կնպաստեն գրադարանի գործունեության արդյունավետության բարձրացմանը։ Գավառի համայնքապետարանը, հանձինս համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանի, կարևորել է Գեղարքունիքի մարզային գրադարանի կողմից առաջադրված ծրագիրը՝ նպատակ ունենալով ապահովել բնակչության կրթական և մշակութային կարիքների ավելի որակյալ սպասարկումը։ Ծրագրի ավարտից հետո գրադարանը կկարողանա առաջարկել նոր ծառայություններ և սպասարկման ավելի հարմարավետ միջավայր»,-ներկայացրեց Մարիամ Համբարձումյանը։