ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաագա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 2-ին հանդիպել է Միջազգային քրեական դատարանի նախագահ Տոմոկո Ականեի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, դատարանի առաջին փոխնախագահ Ռոզարիո Սալվատորե Այտալան և գլխավոր քարտուղար Օսվալդո Ջավալա Գիլերը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցները մտքեր են փոխանակել ընթացիկ տարվա փետրվարին Միջազգային քրեական դատարանին ՀՀ անդամակցությունից ի վեր դատարանի և ՀՀ միջև փոխգործակցության հարցերի շուրջ։
Նախարար Միրզոյանն ընդգծել է Հայաստանի հանձնառությունը ներգրավվել միջազգային համագործակցության ջանքերում՝ միտված միջազգային իրավական նորմերի պահպանմանն ու իրավունքի գերակայության ապահովմանը։
Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային արդարադատության համակարգի առջև ծառացած մարտահրավերների շուրջ՝ կարևորելով անկախ դատական մեխանիզմների դերի ամրապնդումը գլոբալ ճգնաժամերին պատշաճ արձագանքելու, ինչպես նաև խաղաղության ապահովմանը նպաստելու գործում։ Ընդգծվել է համագործակցային ջանքերի կարևորությունը մարտահրավերների հաղթահարման գործում։
Հանդիպմանը նաև անդրադարձ է կատարվել Հռոմի Կանոնադրության դրույթներին համապատասխան ազգային օրենսդրության կատարելագործման մասով տարվող աշխատանքներին՝ ուղղված դատարանի հետ փոխգործակցության ընթացակարգային ասպեկտների կարգավորմանը։