ԳԱՎԱՌ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Անահիտ Գևորգյանը Ռումինիայում կայացած միջազգային օլիմպիադայում զբաղեցրել է պատվավոր 2-րդ հորիզոնականը՝ հանդես գալով մենթալ թվաբանության պրոֆեսիոնալ ամենաբարդ կատեգորիայում։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մարտունիի ավագ դպրոցի տնօրեն Վարդան Ավետիսյանն, այդ նվաճման պատվին Ռումինիայի մայրաքաղաքում ծածանվել է Հայաստանի դրոշը։
Անահիտն արդեն վաստակել է միջազգային սերտիֆիկատ և ունի միջազգային ճանաչում։
«Մարտունիի Տ․Աբրահամյանի անվան ավագ դպրոցի 10-րդ դասարանի սովորող Անահիտ Գևորգյանն այն բացառիկներից է, ով հասցրել է արդեն բազմաթիվ անգամ փայլել միջազգային օլիմպիադաներում և մրցույթներում՝ ամեն անգամ փառք ու պատիվ բերելով մեր երկրին։
Անահիտն իր հաղթարշավը սկսել է Մոսկվայից՝ զբաղեցնելով միջազգային օլիմպիադայի 3-րդ պատվավոր հորիզոնականը։ 2023 թվականին արդեն Դուբայում նվաճել է «Չեմպիոնների չեմպիոն» տիտղոսը՝ մասնակցելով «WORLD MATHEMATICS LANGUE»-ի կազմակերպած միջազգային օլիմպիադային, որին մասնակցել են մի քանի տասնյակ երկրների ներկայացուցիչներ։ Պրպտող և համառ աղջնակը հանձնում է քննություն և արժանանում «Ոսկե աստղ»-ի՝ ձեռք բերելով մենթալ թվաբանության լավագույն ուսուցչի իրավունք։ Անահիտն ունի սաներ, որոնց փոխանցում է լավագույնը դառնալու արվեստի նրբությունները»,-ներկայացրեց դպրոցի տնօրենը։