Հայաստանը պետք է աստիճանաբար զարգացնի օդատիեզերական սարքաշինությունը. ՆԱՍԱ-ի ներկայացուցիչ

12 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արբանյակների արձակումը շատ կարևոր ու խորհրդանշական քայլ է Հայաստանում օդատիեզերական ինժեներիայի զարգացումը խթանելու առումով: Սակայն այդ միտումը պահպանելու համար անհրաժեշտ է իրականացնել ավելի ծավալուն և հավակնոտ ծրագրեր, որոնց իրագործումը հնարավոր է սփյուռքահայ գիտնականների հետ սերտ համագործակցությամբ:

Հայաստանում օդատիեզերական սարքաշինության զարգացման հեռանկարների, սրընթաց զարգացող ժամանակակից աշխարհում մեր երկրի հավակնությունների և հնարավոր տեղի, նաև տիեզերքին առնչվող հետաքրքիր որոշ տեղեկատվության մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է ՆԱՍԱ-ի Գոդարդի տիեզերական թռիչքների կենտրոնի հելիոֆիզիկայի գիտական բաժնի ավագ գիտաշխատող, պրոֆեսոր, Ճապոնիայի Կիոտոյի համալսարանի վաստակավոր պրոֆեսոր, աստղաֆիզիկայի գիտությունների թեկնածու Վլադիմիր Հայրապետյանի հետ:

- Ներկայում ի՞նչ ուղղությամբ է զարգանում օդատիեզերական սարքաշինությունն աշխարհում, ի՞նչ միտումներ և խնդիրներ կարող եք առանձնացնել այդ ոլորտում: 

- Զարգացման միտումները պայմանավորված են խնդիրներով և նպատակներով, որոնք մասնագետները փորձում են լուծել տվյալ պահին: Ներկայում ՆԱՍԱ-ում (ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական հետազոտությունների ազգային վարչություն) զբաղվում ենք մի քանի նախագծերով: Կարևորագույն ուղղություններից է Երկրի մթնոլորտին՝ արևի վրա տեղի ունեցող բռնկումների ազդեցության ուսումնասիրությունը: Անհրաժեշտ է ճշգրիտ կանխատեսել և հասկանալ դրանց ընթացքում տեղի ունեցող երևույթները և պարզել, թե այդ բռնկումներն ինչ փոփոխություններ են առաջացնում մթնոլորտում: Դա շատ կարևոր է, քանի որ արևային բռնկումների արդյունքում առաջացած մասնիկները կարող են ազդել տիեզերքում գտնվող խիստ թանկարժեք արբանյակների ու սարքերի աշխատանքի վրա: Այդ մասնիկները, թափանցելով Երկրի մթնոլորտ, ավելի խիտ են դարձնում այն, ինչն էլ իր հերթին անդրադառնում է արբանյակների թռիչքի հետագծի վրա: Վերջինս կարող է փոխվել և հանգեցնել արբանյակի կորստին: Օրինակ, անցյալ տարի Իլոն Մասկը կորցրեց տիեզերք արձակած բոլոր 200 նանոարբանյակները (մի քանի 100 մլն դոլար արժողությամբ), որովհետև չէինք կանխատեսել արևի վրա տեղի ունեցած բռնկումը: 

Ներկայացվածը մեր աշխատանքների ուղղություններից մեկն է: Առաջնային նպատակներից է նաև Լուսնի վրա բազայի հիմնումը և պարզելը, թե Արեգակն ինչ հատկություններ է ունեցել և ինչպես է իրեն դրսևորել 4.5 մլրդ տարի առաջ՝ երկրագնդի ձևավորման պահին: Դա պետք է իրականացվի տարբեր մասնիկների և իզոտոպների ստուգման միջոցով: 

- Ինչո՞ւ է կարևոր հասկանալ 4.5 մլրդ տարի առաջ տեղի ունեցած երևույթը:

- Կարևոր է, որովհետև կարծում ենք, որ Արեգակը շատ մեծ դեր է խաղացել Երկրագնդին կյանքի առաջացման գործընթացում: Եթե դրա վկայությունը չգտնենք, ապա դա կմնա իբրև հիպոթեզ՝ վարկած: Դա շատ կարևոր ուսումնասիրություն է նաև հետագայում դեպի Մարս նախատեսվող ուղևորությունների համատեքստում: Պատրաստվում ենք ուսումնասիրել Մարսի տարբեր հատվածներից բերված մի քանի տասնյակ պարկուճների պարունակությունը: 

- Ե՞րբ է նախատեսվում լուսնային կայանների ստեղծումը:

- Շուտով, գուցե արդեն հաջորդ տարի: Շատ լուրջ մրցակցություն է ծավալվել Չինաստանի և ԱՄՆ-ի միջև: Յուրաքանչյուրը ցանկանում է առաջինն անել դա և ամրագրել իր տեղը: Այնպես որ, սա ոչ միայն գիտական, այլև քաղաքական նշանակություն ունի: Կայանը պետք է լինի Լուսնի հարավային բևեռում:

- Այդ նախագծում ներգրավվա՞ծ են հայ գիտնականներ: 

- Ոչ: Հայաստան եմ այցելել քննարկելու, թե հայաստանցի գիտնականներն ու ինժեներներն ինչպես կարող են մասնակցել իմ սկսած և իրականացվող նախագծերին: Հիմա այդ հարցը քննարկելու ամենալավ ժամանակն է, քանի որ Հայաստանում կատարվում են օդատիեզերական սարքաշինությունը զարգացնելու առաջին քայլերը: 

- Հայաստանի գիտնականները պատրա՞ստ են մասնակցելու նման գլոբալ նախագծերի: 

- Պատրաստ չեն, բայց դա կարևոր չի՝ կարելի է սովորեցնել, աշխատել երիտասարդների հետ, պայմաններ ստեղծել նրանց աճի, զարգացման և արժեքավոր գիտնականներ դառնալու համար: Պետք է սովորեն ու հասկանալով այս ամենի աշխատանքի մեխանիկան՝ առաջ շարժվեն: Անհրաժեշտ է ապավինել երիտասարդներին:  

- Վերջին երկու տարիներին Հայաստանը երկու արբանյակ արձակեց տիեզերք: Դա կարելի՞ է համարել Հայաստանի տիեզերական նկրտումների հեռանկարային հայտ:

- Կարծում եմ՝ դրանք առաջին շատ կարևոր և խորհրդանշական քայլերն են, որոնցից հետո պետք է ավելի լուրջ մոտենալ օդատիեզերական ամբողջ ինդուստրիայի զարգացմանը: Շատ հարցեր կան: Արբանյակը պետք է հագեցած լինի անհրաժեշտ ուսումնասիրություններ կատարելու բազմազան սարքերով:

- Ամբողջ ինդուստրիան զարգացնելը, թերևս, շատ ծախսատար խնդիր է: Հայաստանն ի զորո՞ւ է ինքնուրույն լուծել այն:

- Այո, լուրջ և ծավալուն խնդիր է: Բայց ունենք Armenian Society of Fellows (Հայկական մշակութային և գիտական ընկերակցություն), որը միավորում է օդատիեզերական ինժեներիայով զբաղվող շուրջ 230 գիտնականների ավելի քան 20 երկրից: Մենք մշակել ենք և նախարարությանն ենք ներկայացրել քայլերի այն հաջորդականությունը, որն անհրաժեշտ է իրականացնել տեսանելի ապագայում ոլորտի զարգացումն ապահովելու համար: Այնտեղ նշված է նաև, թե որքան գումար է պահանջվելու ծրագիրն իրականացնելու համար: Ամեն ինչ մանրամասն գրել ենք: Այդ փաստաթղթի մշակմանը մասնակցել է մոտ 10 գիտնական ԱՄՆ-ից, Եվրոպայից և Հայաստանից:

Պետք է փոքր քայլերով առաջ շարժվենք, սակայն ամենակարևորը կադրերի պատրաստման խնդիրն է: Կադրեր չունենք: Այդ հարցում, կրկնում եմ, պետք է ապավինենք երիտասարդներին, որովհետև օդատիեզերական սարքաշինությունը հսկայական և բազմոլորտ ինդուստրիա է: Անհրաժեշտ են տարբեր մասնագետներ, որոնցից յուրաքանչյուրը պետք է կատարի իրեն վերապահված գործառույթները: Օրինակ, մեկը պետք է ընդունի ստացված ազդանշանը և մշակի այն, մյուսը՝ հասկանա, թե ինչպես է փոխվում արբանյակի ուղեծիրը և առավելագույն ճշգրտությամբ հաշվարկի այն, և այդպես շարունակ: Տարբեր ուղղվածության մասնագետներ են անհրաժեշտ: Եվ դա միայն արբանյակների մասով: Բայց կան նաև այլ ուղղություններ, օրինակ՝ դրոններին վերաբերող: 

- Այսինքն, խոշոր հաշվով դա վերաբերում է Հայաստանի պաշտպանվածության ամրապնդմա՞նը:

- Միանշանակ: Օրինակ, Հայաստանում ներկայացնելու եմ ՆԱՍԱ-ի իրականացրած մի նախագիծ, որը կոչվում է sounding rocket (օդերևութաբանական հրթիռ – խմբագր.): Խոսքը փոքր հրթիռների մասին է, որոնք կարող են արձակվել ցանկացած վայրից: Դրանք կարող են բարձրանալ մինչև 300 կմ և կատարել տարբեր չափումներ, որից հետո վերադառնալ և վայրէջք կատարել օդապարիկի միջոցով: Կարելի է իրականացնել այդ նախագիծը, որը համեմատաբար դյուրին է ու շատ թանկ չէ՝ առավելագույնը կարող է արժենալ 1 մլն դոլար: Տարբեր նախագծեր կան, բայց պետք է սկսել փոքրերից:

Արբանյակ ունենալը լավ բան է, բայց հարցը նրանում է, թե այն ինչպես է պետք օգտագործել: ՆԱՍԱ-ում արբանյակներ պատրաստելիս նախ որոշում են, թե ինչ նպատակով է այն օգտագործվելու: Ամերիկյան կոնգրեսում կա գիտական կոմիտե, որի դրական եզրակացության դեպքում է միայն ֆինանսավորվում տվյալ նախագիծը: Հավանաբար, տեղյակ եք աշխարհում ամենամեծ հայելին ունեցող Ջեյմս Ուեբ (James Webb Space Telescope, JWST) տիեզերական աստղադիտակի մասին, որի արժեքը 9 մլրդ դոլար է: Պատկերացնո՞ւմ եք, թե գիտնականներից որքան ժամանակ ու ջանք է պահանջվել Կոնգրեսին ապացուցելու, որ դա իրոք պետք է ԱՄՆ-ին և օգնելու է դիտել այն, ինչ նախկինում երբեք չէր հաջողվել:

Այնպես որ, արբանյակ արձակելը չպետք է ինքնանպատակ լինի: Առաջինի արձակումը միշտ շատ կարևոր է խորհրդանշական ու ճանաչողական իմաստով: Կարծում եմ՝ այս փուլում Հայաստանի համար հրատապ չեն շատ թանկ նախագծերը: Յուրաքանչյուր նախագիծ պետք է լրջորեն քննարկվի սփյուռքի հետ, որի մասնագետներն ավելի փորձառու են այդ հարցերում և կարող են անաչառ կարծիք հայտնել: 

- Ինչպիսի՞ն եք պատկերացնում Հայաստանի տեղը ժամանակակից տեխնոլոգիական աշխարհում, ի՞նչ նիշ կարող է զբաղեցնել մեր երկիրը:

- Կարծում եմ՝ Հայաստանը կարող է առաջնային դիրքեր գրավել էլեկտրոնիկայի, համակարգչային տեխնոլոգիաների ոլորտում: Այո, կարող ենք անցնել Իսրայելի և Ճապոնիայի ուղին: Գիտե՞ք ինչու. որովհետև հայերը, ինչպես իսրայելցիները, սփյուռք ունեն: Նման հավակնոտ ծրագրերն անհնար է միայնակ իրականացնել: Երկրի բնակչության թվից է ուղղակիորեն կախված այս կամ այն ոլորտում ներգրավված մարդկանց թիվը: Այդ առումով Հայաստանը չի կարող համեմատվել աշխարհի խոշորագույն երկրների հետ, բայց կարող է ապավինել սփյուռքի ներուժին: Շատ լավ կլինի, եթե մեր կարծիքը հաշվի առնեն և հրավիրեն սփյուռքահայերին: Շատերը, մեկնելով Հայաստանից, դրսում են արժանացել գիտական բարձր կոչումների և հիմա պատրաստ են վերադառնալ ու օգնել:

- Շատ է խոսվում այն մասին, որ մարդիկ ցանկանում են գաղութներ հիմնել Մարս մոլորակում: Որքանո՞վ է դա իրագործելի: 

- Նախ, պետք է հասկանալ, թե ինչով է պայմանավորված հատկապես Մարսի ընտրությունը: Այնտեղ պայմաններն այնպիսին են, որ մարդիկ սկաֆանդրով հանգիստ կարող են զբոսնել: Բացի այդ, այնտեղ մեծ է կյանքի նշաններ գտնելու հավանականությունը: Հիմա շատերն են մտածում, թե ինչպես կարելի է Մարսում տարածել աէրոզոլ մասնիկներ և փոխել մթնոլորտի քիմիան, որի շնորհիվ հնարավոր կլինի ինֆրակարմիր ճառագայթումը հասցնել մոլորակի մակերևույթին և պահպանել՝ ապահովելով գլոբալ տաքացմանը նմանվող էֆեկտ: Բարձր ջերմաստիճանը կհալեցնի Մարսի բևեռում առկա սառած ջուրը: Կհալվի նաև մեթանը: Դրա շնորհիվ Մարսի մթնոլորտն ավելի խիտ կդառնա: Մարսը պետք է դարձնել Երկրի պես: Ճանաչում եմ մի քանի գիտնականների, որոնք լուրջ լուծումներ են առաջարկում այդ հարցով: 

- Այդ ամենը շատ հեռավո՞ր ապագայի խնդիր է:

- Կարծում եմ՝ մոտ 30-50 տարվա: Այդ խնդրով լրջորեն զբաղվում են, նաև համապատասխան ֆինանսավորում է հատկացվում: 

- Տիեզերքում ներկայում կա՞ որևէ օբյեկտ, որն իրապես վտանգավոր է առաջիկայում Երկրագնդին բախվելու հավանականության առումով: 

- Լավ հարց եք տալիս: Երբեք չգիտես, թե ինչ կհայտնվի հորիզոնում: Մի քանի տարի առաջ Երկրագնդին անսպասելիորեն մոտեցել էր Օումուամուա կոչված օբյեկտը, որը եկել էր աստղային այլ համակարգից: Մեծ էր հավանականությունը, որ այն կարող էր բախվել մեր մոլորակին:  

Հիմա ՆԱՍԱ-ն իրականացնում է բոլոր, այդ թվում՝ մի քանի մետր մեծության օբյեկտներին հետևելու ծրագիր, որպեսզի հասկանա, թե ինչ է շարժվում դեպի մեր մոլորակը: Խոշոր դիտակները հնարավորություն են տալիս դիտարկել մի քանի տասնյակ միլիոն կիլոմետր հեռու գտնվող օբյեկտները և փորձել հրթիռային հարվածով շեղել դրանց թռիչքի ուղեգիծը, եթե այդ օբյեկտները իրական սպառնալիք ներկայացնեն Երկրագնդի համար: Մասնագետները շուրջօրյա զբաղվում են դրանով:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում