Իրավունք

Մեր ռազմավարական նպատակից՝ ունենալ անկախ դատական համակարգ, չենք շեղվում. ՀՀ վարչապետ

2 րոպեի ընթերցում

Մեր ռազմավարական նպատակից՝ ունենալ անկախ դատական համակարգ, չենք շեղվում. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի հրաժարականի շուրջ քննարկումներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա ընդգծեց, որ այս գործընթացը որևէ կապ չունի գործադիր իշխանության ճնշման հետ։ 

«Նախ ուզում եմ ասել, որ վարչապետի հորդոր չի եղել, եղել է վարչապետի խնդրանք։ Դրանք բոլորովին տարբեր բաներ են։ Կա՞ արդյոք նման խնդրանքով հանդես գալու քաղաքական, բարոյական և իրավական հնարավորություն․ կարծում եմ՝ այո՛»,- ասաց Փաշինյանը։

Նա շեշտեց՝ տվյալ ոլորտում առկա խնդիրները բխում են Կառավարության՝ անկախ դատական համակարգ ձևավորելու նպատակից։ 

«Եթե չուզենանք ունենալ իրապես անկախ դատական համակարգ, շատ բան խաղաղ կանցնի, և ընդհանրապես՝ վայրիվերումներ, պրոցեսներ, ցնցումներ չեն լինի։ Բայց մենք ընտրել ենք դժվար, սակայն անհրաժեշտ ճանապարհը՝ ունենալու անկախ դատական համակարգ, ինչը պահանջում է նաև համակարգային փոփոխություններ»,- ընդգծեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նաև հիշեցրեց, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամներն ընտրվում են օրենքով սահմանված չափանիշներով։ Նրա խոսքով՝ այդ չափանիշներից շեղվող որևէ նշանակում հնարավոր չէ

«Եթե որևէ մեկը հասել է նրան, որ պետք է առաջադրվի և ընտրվի Բարձրագույն դատական խորհրդի անդամ, ուրեմն ինքն ինչ-որ տեղ աշխատել է, գործունեություն ծավալել է։ Չափանիշն այնպիսին է, որ ինքն ինչ-որ տեղ աշխատած պետք է լինի»,- ասաց Փաշինյանը։

Կառավարության ղեկավարը նաև հիշեցրեց, որ անկախ դատական համակարգ ունենալու հարցում Կառավարությունը հետևողական է եղել։ 

«2018 թվականի դրությամբ գործող համակարգը պատրաստի դրված էր։ Պետք էր ընդամենը գալ և այդ համակարգի ղեկը ստանձնել։ Բայց մենք չենք գնացել այդ ճանապարհով։ Մենք ընտրել ենք բարեփոխումների ճանապարհը, որը բարդ է, բայց՝ անհրաժեշտ։ Այս խմորումները նշանակում են միայն մեկ բան՝ մենք մեր ռազմավարական նպատակից չենք շեղվում՝ ունենալու անկախ դատական համակարգ»,- ամփոփեց վարչապետը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում