Քաղաքականություն

Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել

3 րոպեի ընթերցում

Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել

ԲՐՅՈՒՍԵԼ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը երեք բանաձև է ընդունել՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից մարդու իրավունքների խախտումների, ժողովրդավարական արժեքների արհամարհման և քաղաքացիական ազատությունների սահմանափակման վերաբերյալ, ինչպես նաև Թուրքիայում ընդդիմադիր քաղաքապետերի պաշտոնազրկումների և դրանց՝ ժողովրդավարությանը սպառնալիք հանդիսանալու վերաբերյալ։ 

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ պալատը բանաձևերն ընդունել է Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտգործնախարար Գզավիյե Բետելի կողմից արտաքին քաղաքականության վերաբերյալ հռչակագրի ներկայացումից հետո։ 

Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ բանաձևի հիմքում են մի շարք միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ԵԽԽՎ-ի, ԵԱՀԿ-ի, Amnesty International-ի և Human Rights Watch-ի զեկույցները, որոնք մատնանշում են Ադրբեջանում քաղաքացիական իրավունքների և ազատությունների խախտումները, ինչպես նաև Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ նախկինում ընդունած բանաձևերը: 

Բանաձևը խստորեն դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կողմից ԵԽԽՎ 76 պատգամավորների, այդ թվում՝ լյուքսեմբուրգցի պատգամավորներ Օկտավի Մոդերի և Իվ Կրուխտենի, «անցանկալի անձ» հայտարարելու որոշումը, կոչ է անում ադրբեջանական վարչակազմին հարգել մարդու իրավունքները և ժողովրդավարական արժեքները, ապահովել քաղաքացիական հասարակության ազատ գործունեությունը։ Բանաձևը Լյուքսեմբուրգի իշխանություններին կոչ է անում Ադրբեջանի հետ հարաբերությունների հիմքում դնել այս պահանջների իրագործումը։ 

Ընդունած բանաձևով Պալատը դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կողմից կիրառվող պատժամիջոցները, պահանջում անհապաղ և առանց նախապայմանների ազատել անօրինաբար պահվող բոլոր անձանց։ 

Նույն պահանջով է հանդես գալիս ընդունված մեկ այլ բանաձև, որը ևս կոչ է անում Լյուքսեմբուրգի կառավարությանը՝ ի թիվս այլ միջոցառումների, աջակցել Ադրբեջանում քաղաքական շարժառիթներով ձերբակալված անձանց անհապաղ և անվերապահ ազատմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին։  

Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատի ուշադրության կենտրոնում է եղել նաև Թուրքիան և այդ երկրում առկա իրավիճակը՝ կապված ընդդիմադիր ուժերի նկատմամբ ճնշումների հետ։ Ընդունած բանաձևով խորհրդարանականները դատապարտում են Թուրքիայի ընդդիմադիր քաղաքապետերի պաշտոնազրկումները՝ դրանք համարելով սպառնալիք ժողովրդավարության համար։ Բանաձևը Լյուքսեմբուրգի կառավարությանը կոչ է անում ժողովրդավարական սկզբունքների պահպանման կարևորությունն ընդգծելուն ուղղված նախաձեռնողական երկխոսություն սկսել։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում