ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարությամբ սահմանված թիրախային ծրագրերի ու միջոցառումների շարքում նախատեսվում է նաև ակտիվ, առողջ և արժանապատիվ ծերության պայմանների ապահովում՝ պետության սոցիալ-տնտեսական կյանքում ավագ սերնդի ներգրավմամբ ու նրա ներուժի ավելացմամբ։
«Արմենպրես»-ի Podcast-ՍոցUp նախագծի շրջանակներում «Ամերիա» խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը նշեց, որ այդ առումով առաջին հերթին պետք է ավագ սերունդը դիտարկվի որպես հասարակության ակտիվ դերակատարություն ունեցող մաս։
«Տարիքային խտրականությունը պետք է վերանա»,-նշեց Ջրբաշյանը՝ հավելելով, որ մինչև ռազմավարության հաստատումն էլ ՀՀ-ում արդեն օրենսդրորեն արգելվել էր մարդուն աշխատանքից ազատել կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։
Փորձագետի համոզմամբ՝ պետք է համապատասխան պայմաններ ստեղծվեն, որպեսզի ավագ սերնդի ներկայացուցիչները կարողանան ավելի տևական ակտիվ լինել, և բնականոն դիտարկվի նրանց աշխատելը տարբեր ոլորտներում։
Այս ուղղությամբ աշխատանքը կներառի նաև բարելավված կանխարգելիչ առողջապահական ծառայություններ, որոնք հասցեագրում են համապատասխան մարտահրավերներն ու ռիսկերը՝ ապահովելով կրթության և վերապատրաստման հնարավորություններ ավագ սերնդի ներկայացուցիչների համար:
«Այստեղ կարևոր կետ կա, որպեսզի այդ մարդիկ կարողանան ակտիվ մնալ, նրանք պետք է առողջ լինեն։ Հետևապես, շատ կարևոր է նաև նրանց առողջական վիճակի վրա ուշադրություն դարձնելը։ Այստեղ շատ միջամտություններ են առաջարկված, օրինակ՝ հատուկ սուբսիդիաներ, որպեսզի նրանք մարզասրահներ հաճախեն»,-մանրամասնեց Ջրբաշյանը։
Ըստ նրա՝ որևէ ոլորտում երկար տարիներ փորձ ձեռք բերած ավագ սերնդի ներկայացուցիչները կարող են իրենց փորձը, գիտելիքները փոխանցել երիտասարդներին, ինչը պետք է խրախուսվի պետության կողմից։
Փորձագետի դիտարկմամբ՝ Հայաստանում այժմ մոտ 92 հազար աշխատող կենսաթոշակառու կա, որից 11 հազարը ստանում է 300 հազար դրամ և ավելի աշխատավարձ։
«Մենք այսօր ունենք իրավիճակ, որ 65 և ավելի տարիքի խումբը կարողանում է սեփական եկամուտներով իր սպառման մեկ երրորդն ապահովել։ Մենք կարծում ենք, որ հնարավոր է 2040 թվականին ապահովել իրավիճակ, որպեսզի այդ տարիքային խմբի սպառման առնվազն կեսը գեներացվի հենց նրա կողմից»,-համոզմունք հայտնեց Ջրբաշյանը՝ ավելացնելով, որ առաջարկվող փոփոխությունների արդյունքում հնարավորություն կընձեռվի առաջիկա 17 տարվա ընթացքում նվազեցնել կյանքի տարբեր փուլերում սպառման և եկամտի դեֆիցիտը։
Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ պետք է կենսաթոշակառուն շահագրգռված լինի աշխատել, Ջրբաշյանը պարզաբանեց, որ առաջարկվող հետաքրքիր լուծումներից մեկն էլ այն է, որ եթե կենսաթոշակային տարիքի հասած անձը շարունակի աշխատել, ապա իր ապագա կենսաթոշակը կլինի ավելին, քան, եթե այն ստանար հենց այդ պահին։
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը մշակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ և «Ամերիա» խորհրդատվական ընկերության հետ համագործակցությամբ․ գործընթացում ներգրավված են եղել համաշխարհային և առաջատար փորձագետներ, այդ թվում՝
Վիտգենշտայնի ժողովրդագրության և համաշխարհային մարդկային կապիտալի կենտրոնից և Պրահայի Չարլզի համալսարանից:
Մանրամասները՝ փոդքասթում։