Փոդքասթ

Podcast- ՍոցUp. ԱՍՀ նախարարությունում չեն բացառում սահմանամերձ բնակավայրերում բնակապահովման ծրագրի ընդլայնումը

4 րոպեի ընթերցում

Podcast- ՍոցUp. ԱՍՀ նախարարությունում չեն բացառում սահմանամերձ բնակավայրերում բնակապահովման ծրագրի ընդլայնումը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում չեն բացառում, որ սահմանամերձ և առանձին գյուղական բնակավայրերում բնակապահովման պետական աջակցության ծրագիրը կընդլայնի աշխարհագրությունը։

«Արմենպրես»-ի Podcast-ՍոցUp նախագծի շրջանակներում  նախարարության առանձին կառուցվածքային գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը նշեց, որ ներկայում ծրագիրը վերաբացվել է Տավուշի մարզի Ոսկեպար և Բաղանիս գյուղերում՝ 50-ական քվոտայով, Բերքաբերում և Կիրանցում՝ 40-ական, ինչպես նաև Վայոց Ձորի մարզի Գոմքում՝ 30։

 Բացի այդ, 190 քվոտա է նախատեսված 2024 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ շինարարության թույլտվություն ստացած շահառուների համար։

Ղարագյոզյանի խոսքով՝ ծրագիրը վերանվանվել է «Սահմանամերձ և առանձին գյուղական բնակավայրերում բնակապահովման պետական աջակցություն (նախկինում՝ «Սահմանամերձ  գյուղական բնակավայրերում բնակապահովման պետական աջակցություն»), պայմանավորված այն հանգամանքով, որ ընդգրկվել է նաև սահմանամերձ չհանդիսացող Գոմք բնակավայրը, որտեղ նորակառույց դպրոցն աշակերտների և ուսուցիչների համալրման լուրջ կարիք ունի։ 

«Ծրագրով առաջին դեպքն է, որ ունենք 13 տարեկանը չլրացած երեխա ունենալու պահանջ՝ ենթադրելով, որ նա պետք է հաճախի հենց այդ դպրոց։ Եվս 5 քվոտա նախատեսված է այն ամուսինների համար, որոնցից առնվազն մեկը կբավարարի ուսուցչի պահանջներին, որի ստուգումը կիրականացնի ԿԳՄՍ նախարարությունը»,-մանրամասնեց խորհրդականը՝ չբացառելով, որ շահառու բնակավայրերի ցանկը առաջիկայում կհամալրեն նաև պետական ծրագրերի շրջանակներում կառուցվող կամ արդեն կառուցված դպրոցներ ունեցող գյուղական այն բնակավայրերը, որոնք աշակերտների և ուսուցիչների համալրման կարիք կունենան։Այդուհանդերձ, ըստ Ղարագյոզյանի՝ ներկայում առաջնահերթությունը տրվում է սահմանամերձ բնակավայրերում պոտենցիալ շահառուների խնդիրների կարգավորմանը։ 

«Մենք ունենք բազմաթիվ շահառուներ, որոնք մեզ պարբերաբար դիմում են, քանի որ որոշակի ծախսեր են արել, հողամաս ձեռք բերել,  մի մասը՝ նույնիսկ վարկով՝ ակնկալելով, որ կօգտվեն ծրագրից, սակայն չեն հասցրել։ Մեր առաջնային նպատակը նախապես հայտարարված պահանջները բավարարող ընտանիքների խնդիրների լուծումն է։ Այնուհետև, եթե կլինի պահանջ որևէ բնակավայրում, որը սահմանամերձ չէ, բայց ունենք օրինակ աշակերտների համալրման, հնարավոր է նաև այլ խնդիրներ, իհարկե, հարցը կքննարկվի և համապատասխան լուծում կստանա»,-ընդգծեց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով մինչ այժմ ծրագրով արձանագրված ցուցանիշներին՝ ոլորտի պատասխանատուն հայտնեց, որ ընդհանուր առմամբ շահառուի կարգավիճակ է շնորհվել 2042 ընտանիքի, այդ թվում՝ 1296-ը Տավուշի մարզում, որը մյուս մարզերի համեմատ շարունակում է կայուն առաջատարը մնալ։ 

«Նրանցից 1840-ն արդեն վարկավորվել և վարկի առնվազն մեկ փուլը ստացել են, ինչը նշանակում է, որ շինարարության աշխատանքները մեկնարկել են։ Մյուս մասը գտնվում է կառուցապատման ավարտական փուլում։ Շահառուներից 56-ն արդեն ներկայացրել են շինարարության ավարտական ակտ»,-հավելեց Ղարագյոզյանը։

Խոսելով համագործակցող որոշ բանկերի կողմից քվոտայի սպառվելու պատճառաբանության հարցից՝ գերատեսչության ներկայացուցիչը պարզաբանեց, որ պետությունը համագործակցում է 5 ֆինանսական կազմակերպությունների հետ, որոնց միջև քվոտաները բաշխվել են ըստ նախկինում գրանցված ցուցանիշների։

«Այս պահին առավելագույն քվոտա ունեն «ԱԿԲԱ բանկ»-ը և «Ֆասթ բանկ»-ը։

Եթե մյուս բանկերից շահառուները քվոտա չլինելու պատճառով մերժում կստանան, ես ուղղակի խորհուրդ եմ տալիս մոտենալ նշածս բանկեր»,-հորդորեց ԱՍՀ նախարարության առանձին կառուցվածքային գործառույթներ համակարգող խորհրդականը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում