Փոդքասթ

Podcast- ՍոցUp. ժողովրդագրական նոր ռազմավարությամբ ակնկալվում է մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի ցուցանիշը բարձրացնել 27 տոկոսով

3 րոպեի ընթերցում

Podcast- ՍոցUp. ժողովրդագրական նոր ռազմավարությամբ ակնկալվում է մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի ցուցանիշը բարձրացնել 27 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի բարելավման` 2024-2040 թթ․ ռազմավարությամբ սահմանված ծրագրերի ու միջոցառումների իրականացման արդյունքում ակնկալվում է ունենալ 260 հազարով ավելի բնակչություն, քան կարող էր լինել առանց այդ։

Այս մասին «Արմենպրես»-ի Podcast-ՍոցUp նախագծի շրջանակներում ասաց «Ամերիա» խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը։ 

«Եթե այս ծրագիրը չիրականացնենք, մենք 2040 թվականին ունենալու ենք մինչև մոտ 2 միլիոն 370 հազար բնակչություն։ Ակնկալում ենք, որ նախատեսվող այս միջոցառումներն իրականացնելու արդյունքում կունենանք 260 հազարով ավելի բնակչություն»,-ասաց Ջրբաշյանը՝ շեշտելով, որ դա չի նշանակում, թե բնակչության թվի նվազում չի լինելու: Պարզապես, միջոցառումների շնորհիվ նախատեսվում է դանդաղեցնել այդ տեմպը։

Նրա համոզմամբ՝ ռազմավարության ծրագրերի իրագործման շնորհիվ 2040-ին բնակչության ծերացումը հնարավոր է կրճատել 20 տոկոսով։ Ըստ փորձագետի՝ մարդկային կապիտալի զարգացումը բնութագրող կարևորագույն ցուցանիշներից է 1 շնչի հաշվով ՀՆԱ-ն։ Առաջադրվող քայլերի շնորհիվ նախատեսվում է ունենալ մեկ շնչի հաշվով  27 տոկոսով ավելի բարձր ՀՆԱ։ 

Կկրճատվի նաև 1-3 երեխա ունեցող աղքատության շեմից ներքև գտնվող ընտանիքների թիվը, որը ներկայում կազմում է 27 տոկոս։

«Առանց այդ ծրագրի՝ լավագույն դեպքում այն կարելի էր նվազեցնել՝ հասցնելով 22 տոկոսի։ Մենք նախատեսում ենք նվազեցնել մինչև 14 տոկոս»,-հավելեց Ջրբաշյանն՝ ընդգծելով, որ պետք է այնպես արվի, որ երեխա ունեցող ընտանիքները այսօրվա համեմատ 20 տոկոսով ավելի բարեկեցիկ ապրեն։

Վաղաժամ մահացության մակարդակի կրճատմանն ուղղված քայլերը, փորձագետի ներկայացմամբ,  սահմանված տարիների ընթացքում հնարավորություն կտան  6000-ով ավելի քիչ մահացության դեպքեր ունենալ։

Ինչ վերաբերում է պահանջվող ֆինանսական միջոցներին, ապա, ըստ Ջրբաշյանի, դրանք նախ և առաջ պետք է դիտարկել որպես ներդրում մարդկային կապիտալի զարգացման համար, որի լրացուցիչ էֆեկտներից ակնկալվող արդյունքն անհամեմատ մեծ է։ 

«Թվում է, թե սա ծախս է, քանի որ աշխատավարձ և սուբսիդիա ենք տալու,  եկամտահարկ ենք նվազեցնելու, դայակ ենք պահելու և այլն, բայց երբ հասկանում ես, թե վերջում ինչ էֆեկտ ես ունենալու, գիտակցում ես, որ դա ներդրում է»,- ընդհանրացրեց փորձագետը։ 

ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը մշակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ և «Ամերիա» խորհրդատվական ընկերության հետ համագործակցությամբ․ գործընթացում ներգրավված են եղել համաշխարհային և առաջատար փորձագետներ, այդ թվում՝ Վիտգենշտայնի ժողովրդագրության և համաշխարհային մարդկային կապիտալի կենտրոնից և Պրահայի Չարլզի համալսարանից:  

Առավել մանրամասն՝ փոդքաստում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում