Պիոնային տնտեսություն և քաղաքային բրենդ. Պիոնները չինական Լոյան քաղաքի խորհրդանիշն ու այցեքարտերից են
5 րոպեի ընթերցում

Չինաստանի Հենան նահանգի Լոյան քաղաքի Պիոնների (քաջվարդ) ազգային այգին զբաղեցնում է մոտ 27 հեկտար տարածք և երկրի պետական անտառտնտեսության վարչության կողմից ճանաչված է որպես պիոնների ազգային գենոֆոնդ։
«Արմենպրես»-ի թղթակիցը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում Երիտասարդական Բարեկամական փոխանակումների ծրագրով այցելել է Չինաստանի Հենան նահանգի Լոյան քաղաք՝ ծանոթանալով չինական քաղաքակրթության օրրան հանդիսացող այս բնակավայրի պատմամշակութային արժեքներին ու զբոսաշրջային տեսարժան վայրերին:
Լոյանում լրագրողական շրջայցի երթուղին կազմակերպիչների նախաձեռնությամբ մեկնարկեց Պիոնների ազգային այգուց: Չինաստանում սա պիոնների ամենամեծ մասնագիտացված ծաղկանոցն է՝ իր մասշտաբով և տեսակների բազմազանությամբ։
Այստեղ կա աշխարհի տարբեր ծայրերից բերված պիոնների 1365 տեսակ, որոնք ընդգրկում են 10 հիմնական գունային կատեգորիաներ, այդ թվում՝ կարմիր, սպիտակ, վարդագույն, մանուշակագույն, նարնջագույն և այլն։
Ներկայում այստեղ աճեցվում է պիոնի ավելի քան 200 հազար թուփ, ինչպես նաև հավաքվել և պահպանվել են 9 վայրի տեսակներ, չինական սորտերի 4 հիմնական և արտասահմանյան 4 խմբեր։
Այգին դարձել է պիոնների լավագույն տեղական և արտասահմանյան տեսակների հավաքագրման, պահպանման, դրանց ներմուծման, նոր տեսակների ընտրության ու արդյունաբերական բազմացման ամենամեծ բազան։
Պիոնների հազվագյուտ և հայտնի տեսակները մրցում են իրենց գեղեցկությամբ, իսկ Սույ դինաստիայի հինավուրց պիոնը՝ « Պիոնների հազարամյա թագավորը», որը պահպանվել է Սիյուան կայսերական այգու ժամանակներից, համարվում է Լոյանի պիոնների «կենդանի բրածո» և ծաղիկներ դիտելու հիմնական վայրն է Պիոնների մշակույթի փառատոնի ժամանակ, որն ամենամյա բնույթ է կրում:
Լոյանի Պիոնների ազգային այգին արժանացել է ազգային բարձրակարգ զբոսաշրջային տեսարժան վայրի կոչման և ներառվել է ծաղիկների մշակման ազգային ցուցադրական բազայի ցանկում։ Այգին համատեղում է գիտական հետազոտությունները, մշակութային ցուցադրությունը և էկոտուրիզմը։
Այստեղ կան այնպիսի տեսարժան վայրեր, ինչպիսիք են պիոնների մշակութային պատկերասրահը, արտասահմանյան սորտերի սրահը և բոլոր եղանակներին փարթամ պիոններով ջերմոցները։
Այստեղ ծաղիկներով կարելի է հիանալ տարվա բոլոր եղանակներին, այդ իսկ պատճառով այգին անվանվել է «Աշխարհի պիոնների հանրագիտարան»։
Լոյանում պիոնները նաև կարևոր տնտեսական նշանակություն ունեն: Խորհրդանշական այս ծաղիկներն օգտագործվում են դեղագործական, ալկոհոլային խմիչքների, բնականաբար՝ նաև օծանելիքների, խորհրդանշական հուշանվերների պատրաստման նպատակներով:
Յուրաքանչյուր տարվա ապրիլին էլ Պիոնների ազգային այգին աշխարհի տարբեր ծայրերից համախմբում է լուսանկարիչների, արվեստագետների, ծաղկասերների, զբոսաշրջիկների՝ վայելելու տարվա այդ ժամանակահատվածում փարթամ ծաղկող պիոնների գունազարդ տոնն ու բույրերը:
Լոյանում գրեթե ամեն քայլափոխի կարելի է հանդիպել լեգենդար պիոնով զարդարված տարատեսակ հուշանվերներ, ճաշատեսակներ, հագուստ, վառ գույներով կտավներ, ճենապակյա սպասք ու ձեռագործ աշխատանքներ և այլն, որոնք կոլորիտային այս տոն-քաղաքի առինքնող հյուրընկալության, ժպտերես, բարյացակամ ու պատրաստակամ բնակիչների յուրօրինակ այցեքարտն են:
Լոյանը, որը գտնվում է Չինաստանի կենտրոնում, ունի մոտ 5000 տարվա պատմություն։Այստեղ չինական պատմությամբ, մշակույթով ու քաղաքակրթությամբ, տեխնոլոգիական նորարարություններով հետաքրքրված մարդը, զբոսաշրջիկները, պատմաբանները, արվեստագետները կարող են յուրաքանչյուրն իր հետաքրքրություններին համապատասխան բացահայտումներ կատարել և պարզապես վայելել հյուրընկալ այս քաղաքի սրտաբաց ու տոնական ընդունելությունը:
Այն պատմության ընթացքում ծառայել է որպես չինական 13 դինաստիաների մայրաքաղաք, իսկ ներկայում հայտնի է իր զբոսաշրջային,պատմամշակութային մեծաթիվ տեսարժան վայրերով, այդ թվում՝ կայսերական պալատներով, Շաոլինյան աշխարհահռչակ տաճարով Լյունմեն հնագույն փողոցն ու համանուն քարանձավը, որտեղ գտնվում են Բուդդայի մեծաթիվ արձաններ, հինավուրց Լոյի քաղաքը, Տյանան և Մինտան գեղատեսիլ գոտին, Հուանհեի ափին գտնվող պեյզաժային բազմազան տեսարաններով գողտրիկ մի հանգստավայր և այլն, որոնց մասին առավել մանրամասն կներկայացնենք մյուս հրապարակումներում: