Տնտեսություն

Վճարված հարկերը վերադարձվում են քաղաքացիներին՝ այս կամ այն ծառայության տեսքով. ՀՀ ֆինանսների նախարար

9 րոպեի ընթերցում

Եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը հարկերն ավելացնելու նպատակ չունի, այն պետք է  կառավարությանը թույլ տա տեղեկատվություն հավաքել և ավելի ճիշտ ձևով իրականացնել հարկային, ինչպես նաև սոցիալական քաղաքականությունը: Ինչ վերաբերում է հավաքագրվող հարկերին, ապա կառավարությունից վստահեցնում են, որ դրանք կամ սոցիալական ծառայության, կամ ենթակառուցվածքների զարգացման, կամ անվտանգային համակարգերի լավարկման տեսքով վերադարձնում են քաղաքացիներին:  

«Արմենպրես»-ի՝ Հարկ վճարողի օրվա առիթով մեկնարկած փոդքասթային շարքի շրջանակում այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: 

 

 Շրջանառության հարկի համակարգից՝ հարկման ընդհանուր համակարգ. հարկերի բարձրացու՞ւմ, թե՞ նվազեցում

Ըստ նախարարի՝ կառավարությունը վերջին տարիների ընթացքում՝ 2018 թվականից ի վեր, հիմնականում նվազեցրել է հարկերը: «Մենք ոչ թե ավելացրել, այլ նվազեցրել ենք հարկերը: Դա վերաբերում է եկամտային հարկին, որը վճարում են բոլոր աշխատողները, վերաբերում է շահութահարկին, որ վճարում են ընդհանուր հարկման համակարգում գործող բոլոր տնտեսավարողները: Եվ սա հսկայական ազդեցություն է ունեցել տնտեսության վրա»,–նշեց Հովհաննիսյանը: 

Ինչ վերաբերում է տարբեր փոփոխություններին կամ վերջին շրջանում շրջանառության հարկի դրույքաչափի բարձրացման հետ կապված քննարկումներին, նախարարն ասաց, որ այդտեղ խնդիրը հարկային եկամուտների բարձրացումը չէ: «Կարգապահության և հարկային եկամուտների ավելացման նպատակ ունենք, իհարկե, բայց արդարության վերականգնման, տնտեսության բնականոն գործունեության մեջ հայտնվելու, արժեշղթաները, որոնք կտրված են, իրար միացնելու նպատակ ենք հետապնդում, որ մեր տնտեսավարողները կարողանան պատշաճ փաստաթղթավորում իրականացնել, և ստվերային տնտեսությունը գնալով կրճատվի: Բնականաբար, եթե մարդիկ երկար տարիներ առանց փաստաթղթերի, առանց ՀԴՄ կտրոն տպելու, առանց հարկեր վճարելու աշխատել են, հիմա իրենց համար շատ ցավոտ է, որ մենք տարբեր կողմերից սահմանափակում ենք այս հնարավորությունը, որովհետև սահմանում ենք ընդհանուր խաղի կանոններ բոլոր բիզնեսով զբաղվողների համար»,–ասաց Հովհաննիսյանը: 

Նա շեշտեց՝ Հայաստանում բիզնեսով զբաղվելը պետք է լինի քաղաքակիրթ, բիզնեսով զբաղվող մարդիկ պետք է ժամանակ ծախսեն իրենց գիտելիքները և բիզնեսը վարելու հմտությունները բարելավելու ուղղությամբ: «Եվ, եթե իրենք մի քիչ դա անեն, ապա մեր իրականացրած փոփոխություններն իրենց համար որևէ բարդություն չեն ստեղծի: Ավելին՝ այս փոփոխությունների արդյունքում այդպիսի տնտեսավարողները նույնիսկ կարող են նվազեցնել վճարվող հարկերի ծավալը»,–ասաց նախարարը:

Նա նշեց՝ հարկերի բարձրացում տեղի է ունեցել միայն ակցիզային հարկի մասով:

«Դա վերաբերում է ոգելից խմիչքներին, ծխախոտին և այլն: Վնասակար սպառմանն ուղղված հարկերը, որոնք բավականին ցածր էին, բարձրացվել են»,–ընդգծեց նախարարը:

Հովհաննիսյանը նաև անդրադարձավ հարցին, թե ինչու է գործունեության մի շարք տեսակներ շրջանառության հարկման համակարգից ընդհանուր համակարգ տեղափոխելու վերաբերյալ օրենքի նախագիծն ԱԺ–ում երկրորդ ընթերցմամբ քննարկմանը փոփոխությունների ենթարկվել, և, թե ինչու է այդ գործունեության տեսակների շրջանակը նեղացվել: 

Եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ

Նախարարը վստահեցնում է, որ այս համակարգով հարկեր ավելացնելու նպատակ չունեն, եթե այդպես լիներ, դրա համար հարկեր պլանավորած կլինեին: Հավելյալ եկամուտներ պլանավորված չեն: 

«Հիմնական նպատակը եկամուտ հավաքագրելը չէ, հիմնական նպատակը տեղեկատվություն հավաքելն է: Ունենալ անալիտիկ տեղեկատվություն մեր քաղաքացիների եկամուտների մասին, որ կարողանանք ավելի արդար ու ավելի ճիշտ ձևով իրականացնել հարկային, նաև սոցիալական քաղաքականությունը: Մենք ուսումնասիրում ենք, թե ամեն քաղաքացի ինչպիսի եկամուտներ ունի, և որոշում ենք՝ ինքն աջակցության կարիք ունի՞, թե՞ ոչ: Մենք հիմա ունենք մեծ հաշվով ոչ թե եկամտային հարկ, այլ աշխատավարձի հարկ: Մարդկանց եկամուտներն ընդհանուր առմամբ չեն հայտարարագրվում, չգիտենք այդ եկամուտների մասին, միայն գիտենք աշխատավարձի մասին»,–ասաց Հովհաննիսյանը:

Նա հավելեց՝ ուղղակի ստեղծել են տեղեկատվական հարթակ, որտեղ մարդիկ կարող են իրենց եկամուտների մասին տեղեկատվություն տրամադրել ՊԵԿ–ին և իրենց հարկային պարտավորությունները կատարել՝ այնպիսի եկամուտների մասով, որոնք չեն ստանում հարկային գործակալի միջոցով: «Կան մարդիկ, որոնք վարձով բնակարան են տալիս, կան մարդիկ, որոնք աշխատանք են մատուցում Հայաստանում չգրանցված արտերկրի կազմակերպության համար: Բազմաթիվ այլ տիպի եկամուտներ կան, որոնք մարդիկ այդտեղ հնարավորություն ունեն ցույց տալու և հայտարարագրելու»,–նշեց նախարարը:

Անդրադառնալով համակարգի վերաբերյալ հնչող մտահոգություններին՝ Հովհաննիսյանը հարցրեց՝ ունի՞ արդյոք մեր հանրությունը կոնսենսուս նրա հետ, որ վարձու աշխատողը պետք է հարկ վճարի, իսկ ոչ վարձու աշխատողը, որը կարողանում է այնպիսի եկամուտ ստանալ, որը չի երևում, չվճարի: «Ես կարծում եմ, որ այդպիսի կոնսենսուս չկա»,–ընդգծեց նախարարը:

Նա հավատացած է, որ այս համակարգի կայացումը հնարավորություն է տալու նաև բազմաթիվ հետաքրքիր ծրագրեր իրականացնել: Հովհաննիսյանը հիշեցրեց սոցիալական կրեդիտների համակարգի մասին, որով վճարված եկամտային հարկի մի մասը տարբեր ծախսերի դիմաց վերադարձվում է քաղաքացիներին:

«Հիմա արդեն բազմաթիվ առաջարկներ կան, թե այլ ինչ ծախսերի համար կարելի է վերադարձնել, այլ ինչպիսի մեխանիզմներ կարելի է ներդնել»,–ասաց Հովհաննիսյանը:

Հարկային եկամուտները 2025–ին  

2025 թվականին պետբյուջեի նախագծով պլանավորվել են 2 տրլն 720 մլրդ դրամի հարկային եկամուտներ: Նախարարի խոսքով՝ այս պահին դեռ այդ կանխատեսումներն ուժի մեջ են: 

«Մենք հիմա նոր կանխատեսումներ ենք անում միջնաժամկետ ծախսային ծրագրի ձևավորման համար: Եվ կարծում ենք, որ այդտեղ էական շեղումներ չկան: Մեր կանխատեսումներն ասում են, որ այս տարվա պլանը կարող է մի փոքր ավելի ցածր կատարվել, քան պլանավորված էր, բայց այստեղ ռիսկեր չկան, որովհետև պահուստային ֆոնդում դրա համար ունենք նախատեսված գումարներ, այսինքն՝ այն եկամուտները, որոնք չեն հավաքվի, դրանց դիմաց ծախսեր պլանավորված չեն»,–ասաց Հովհաննիսյանը:

Նախարարը նկատել է՝ քաղաքացիները հիմա հարկեր վճարում են լիովին այլ տրամադրությամբ, քան նախկինում: 

«Որովհետև տարեցտարի իրենք տեսնում են, թե իրենց վճարած հարկերով ինչպես է վերափոխվում Հայաստանը: Հայաստանի տարբեր քաղաքներում, գյուղերում ճանապարհորդելիս՝ նույնիսկ անզեն աչքով նկատելի է, թե ինչպես է փոխվել ամեն ինչ: Իհարկե, որոշ տեղերում դեռ աշխատանք կա անելու: Եվ մենք դրա մասին անընդհատ խոսում ենք, որ ենթակառուցվածքների ճեղք կա Հայաստանում, որը պետք է լրացնենք: Սակայն այն իրողությունը, որ այդ վճարված հարկերի ամբողջ ծավալը վերադարձվում է մեր քաղաքացիներին կամ սոցիալական ծառայության, կամ ենթակառուցվածքների զարգացման, կամ մեր անվտանգային համակարգերի լավարկման տեսքով, ակնհայտ է»,–նշեց նա: 

Կառավարությունում հավատում են, որ այդ ծախսը ենթակառուցվածքների, մարդկանց կրթության մեջ, ապագայում բերելու է ավելի մեծ արդյունքների:  

«Հարցը միայն հարկերը չեն, մեր ամենօրյա աշխատանքով բարիք ենք ստեղծում մեր պետության համար»,–եզրափակեց Հովհաննիսյանը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում