Չինական տրակտորաշինական արտադրանքում արդեն հաստատուն տեղ ունեն նաև հիբրիդային շարժիչով և ինքնակառավարվող տրակտորները
3 րոպեի ընթերցում

Չինական առաջատար տրակտորաշինական ընկերության արտադրանքում, բացի ժամանակակից պահանջներին համապատասխանող սարքավորումներով հագեցած տեխնիկան, հաստատուն տեղ են զբաղեցնում նաև հիբրիդային շարժիչով և ինքնակառավարվող համակարգով անվավոր տրակտորները:
«Արմենպրես»-ի թղթակիցը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի շրջանակներում «Լոյանն արտասահմանյան ԶԼՄ-ների աչքով» խորագիրը կրող փոխանակման ծրագրով այցելել է Հենան նահանգի Լոյան քաղաք՝ ծանոթանալով չինական տրակտորաշինական հսկայի գործունեությանն ու նորույթներին:
Լոյանում YTO կորպորացիայի տրակտորաշինական այս գործարանը երկրի գյուղատնտեսական տեխնիկայի ու պահեստամասերի խոշորագույն արտադրողն է, որը գործում է 1955 թվականից:
Ընկերության ներկայացուցիչների հավաստմամբ՝ բազմամյա փորձի շնորհիվ գործարանը, շարունակաբար կատարելագործելով իր արտադրանքը և ընդլայնելով տեսականին, այժմ հաճախորդներին է ներկայանում բարձր արդյունավետությամբ ու ժամանակակից սարքավորումներով հագեցած գյուղտեխնիկայով:
Գործարանի արտադրած տրակտորներն ու պահեստամասերն արտահանվում են ավելի քան 90 երկրներ: Արտահանման հիմնական ուղղություններից են նաև ԱՊՀ երկրները, այդ թվում՝ Հայաստանը:
Մասնավորապես՝ այս տարի ընկերությունը նախատեսում է արտահանել մոտ 10 հազար տրակտոր:
Գործարանում օրական արտադրվում է ավելի քան 400 տրակտոր և 500 դիզելային շարժիչ, սակայն ծավալները հիմնականում պայմանավորված են պատվերների թվով:
Առանձնապես ուշագրավ նորույթներից են գործարանում արտադրվող հիբրիդային շարժիչով (դիզելի և էլեկտրականության համադրմամբ) և ինքնակառավարվող (անվարորդ) անվավոր տրակտորները:
Ընկերության ներկայացուցիչները նշեցին, որ ինքնակառավարվող տրակտորը, որը դեռևս արտադրվում է սահմանափակ քանակությամբ, առավելապես կիրառվում է Չինաստանի հյուսիս-արևելյան հատվածի հողատարածքներում, որտեղ այն արդյունավետ է դրսևորել իրեն:
Այս գյուղտեխնիկան, որն ունի 220 ձիաուժ, կիրառելի է բոլոր աշխատանքների դեպքում, ինչպես վարորդի կողմից կառավարվող տրակտորների դեպքում է:
Ըստ մեր զրուցակիցների՝ գործարանի կողմից արտադրվող բոլոր տրակտորները ցանկության դեպքում կարելի է ձևափոխել ինքնակառավարվող համակարգով:
Հիբրիդային շարժիչով և ինքնակառավարվող անվավոր այս տրակտորների արժեքները կազմում են 90-100 հազար դոլար:
Չինական տրակտորաշինական այս գործարանի ամբողջ տեսականին, ընդհանուր առմամբ, արտադրական յուրաքանչյուր շղթայում խիստ վերահսկողություն է անցնում:
Բացի տրակտորներից, այստեղ արտադրվում են նաև այլ տեսակի գյուղատնտեսական մեքենաներ, օժանդակ տեխնիկա, պահեստամասեր՝ արտադրության մեջ ակտիվորեն ներդնելով նորագույն տեխնոլոգիաները: