Չինաստան

Չինական կայսրերի և պիոնների մայրաքաղաք Լոյանը արդյունավետորեն ներդաշնակել է ավանդականն ու ժամանակակիցը

5 րոպեի ընթերցում

Չինական կայսրերի և պիոնների մայրաքաղաք Լոյանը արդյունավետորեն ներդաշնակել է ավանդականն ու ժամանակակիցը

Չինական քաղաքակրթության օրրան հանդիսացող հինգհազարամյա Լոյան քաղաքը հարուստ պատմամշակութային ժառանգության, ավանդույթների և տեխնոլոգիական նորարարությունների արդյունավետ համադրմամբ բարգավաճելու հաջողված օրինակներից կարելի է համարել: 

«Արմենպրես»-ի թղթակիցը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում Երիտասարդական Բարեկամական փոխանակումների ծրագրով այցելել է Չինաստանի Հենան նահանգի Լոյան քաղաք՝ ծանոթանալով երկրի պատմամշակութային հուշարձաններով  ամենահարուստ այս բնակավայրի տեսարժան վայրերին, պատմությանն ու նորարարական ձեռքբերումներին: 

Չինաստանի մայրաքաղաքներից հնագույնը համարվող Լոյանի ուշագրավ պատմությանն ու մերօրյա ձեռքբերումները ընդհանրական կերպով  նախ ներկայացրեց Չինաստանի Կոմունիստական կուսակցության Լոյանի քաղաքային կոմիտեի քարոզչության բաժնի տնօրեն Չժի Ցզյանգոն: 

Նրա խոսքով՝ որպես Չինաստանի առաջին քաղաքներից մեկը, Լոյանը պետական խորհրդի կողմից ընդգրկված է ազգային պատմամշակութային կենտրոնների ցանկում: 

Հնում այս քաղաքը ծառայել է 13 դինաստիաների մայրաքաղաք՝ անցնելով ավելի քան 5000 տարվա քաղաքակրթական, 4000 տարվա քաղաքաշինության պատմություն և շուրջ 1500 տարի ունենալով կայսերական մայրաքաղաքի կարգավիճակ։

«Լինելով Հին Մետաքսի ճանապարհի Արևելյան մեկնակետը՝ ժամանակակից Լոյանը, որը հանդիսանում է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության առանցքային հանգույցը, շարունակում է կերտել Մետաքսի ճանապարհի նոր լեգենդները արդի դարաշրջանում: Նորարարության միջոցով մենք խթանում ենք բարձրորակ զարգացումը ՝ համաշխարհային մակարդակի հասցնելով այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են մեքենաշինությունը, նոր նյութերի մշակումը և այլընտրանքային էներգետիկան: «Մշակութային արտահանման» ծրագրի շնորհիվ եռագույն կերամիկան, պիոնների նկարչությունը և ճենապակյա իրերը վերածվում են «մշակութային սուրհանդակների» Մետաքսի ճանապարհի երկայնքով գտնվող երկրների համար»,-նշեց նա՝  կարևորելով միջազգային համագործակցությունը: 

Քաղաքային կոմիտեի ներկայացուցիչը հույս հայտնեց, որ արտասահմանյան լրատվամիջոցների լուսաբանման միջոցով «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության ներքո կխորանա Լոյանի գործնական համագործակցությունը ասիական-եվրոպական մեծ թվով երկրների հետ մշակույթի և զբոսաշրջության, տնտեսության և առևտրի, գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում: 

Իր հարուստ պատմամշակութային հուշարձանների և գեղեցիկ բնության շնորհիվ Լոյանը շարունակում է մնալ նախընտրելի ու սիրված ուղղություն այն զբոսաշրջիկների, հյուրերի համար, որոնք ցանկանում են ուսումնասիրել Չինաստանի մշակութային արմատները:

Քաղաքը գտնվում է Հենան նահանգի արևմտյան մասում և հատում է Հուանհե գետի միջին և ստորին հոսանքները։  

Այն ունի 3 համաշխարհային ժառանգության և 51 մշակութային ժառանգության վայր։ 

Միաժամանակ՝ այստեղ կենտրոնացված է 3724 նորարարական կենտրոն, և քաղաքում աշխատում է 530,000 մասնագետ, այդ թվում՝ 4 ակադեմիկոս, որոնք հետազոտություններ են իրականացնում բարձր տեխնոլոգիական ոլորտներում։ 

Լոյանի շրջակայքում անտառածածկը հասնում է 45.8%-ի։  Քաղաքն աշխարհում հռչակ է  վայելում իր քաջվարդերով (պիոն), որոնք համարվում են նրա խորհրդանիշը։

Յուրաքանչյուր տարվա ապրիլին զբոսաշրջիկները, նկարիչները և լուսանկարիչներն աշխարհի տարբեր ծայրերից ժամանում են Լոյան՝ վայելելու քաջվարդերի գեղեցկությունն ու քաղաքի հնագույն ժառանգության և ժամանակակից զարգացման հմայքը, միաժամանակ՝ շոշափելիորեն բացահայտելու չինական քաղաքակրթության էվոլյուցիան: 

Այստեղ առկա է 69 բարձրակարգ զբոսաշրջային վայր՝ ներառյալ բարձրագույն 5A կատեգորիայի 5 օբյեկտ։ Լրագրողական մեր  շրջայցի առաջին հանգրվանը Լոյանի այցեքարտի համարում ունեցող Քաջվարդերի ազգային այգին էր, որտեղ հավաքագրվել է այս ծաղկի շուրջ 1365 տեսակ: 

Չինաստանում քաջվարդերի պետական գենոֆոնդ ճանաչված, իսկ Լոյանում տնտեսական, գիտահետազոտական, մշակութային, զբոսաշրջային և այլ ոլորտներում կարևորություն ունեցող այս տեսարժան ու խորհրդանշական ծաղկանոցի, պատմականն ու ներկան գրավիչ կերպով ներդաշնակող  տեսարժան վայրերի, հյուրընկալ բնակիչների, տոնական ու լուսավոր առօրյայի մասին առավել մանրամասն կանդրադառնանք մեր հաջորդ հրապարակման մեջ: 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում