9 րոպեի ընթերցում
Պետությունն ամբողջությամբ վերանայում է անապահովության գնահատման համակարգը՝ նպատակ ունենալով հուսահատության հետ ասոցացվող «փարոսի» համակարգից անցում կատարել աշխատանքով ապահովման միջոցով աղքատության հաղթահարման տարբերակին:
«Արմենպրես»-ի՝ Հարկ վճարողի օրվա առիթով մեկնարկած փոդքասթային շարքի շրջանակում այս մասին ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ ներկայացնելով գերատեսչության կողմից իրականացվող ծրագրերն ու արդյունքները:
Սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակապահովության ծրագրի արդյունքները
«Սա մեր նախարարության կողմից վերջին տարիներին իրականացված ամենապահանջված ծրագրերից մեկն է: Բավականին մեծ թվով դիմումներ ստացանք: Երբ հասանք 2000–ին, մեր առաջ խնդիր դրեցինք՝ հասկանալու, թե ինչքանով ենք արդյունավետ իրականացնում այս ծրագիրը, ինչքանով է այն թիրախային: Մենք դադար վերցրինք՝ բոլոր մանրամասներն ուսումնասիրելու համար: Պարզվեց, որ կային մարդիկ, որոնք մինչև ծրագրի դադարի պահը շինթույլտվություններ էին ստացել: Եվ մենք որոշեցինք, որ պետք է մինչև սեպտեմբերի 1-ի դրությամբ շինթույլտվություն ստացածներին հնարավորություն տանք, որ իրենց բնակարանները կառուցեն»,-ասաց Մկրտչյանը:
Պետությունն առաջիկայում նախատեսում է ծրագրի արդյունքներն ամփոփել և որոշել, թե ինչպես են առաջ շարժվում:
«2000–ից ավելի շինարարական գործընթացներ են ընթանում, սահմանամերձ այդ համայնքները վերածված են շինհրապարակի: Ունենք գյուղ, որտեղ բնակֆոնդը, ենթադրենք, 25 բնակարան էր, այս պահին կառուցվում է ևս 40–ը: Համայնքի կյանքը ակտիվանում է, ընտանիքները շատ ավելի հաստատակամ են՝ ամուսնանալու, երեխաներ ունենալու ու սահմանամերձ համայնքներում ապրելու որոշում կայացնելու հարցում, որովհետև հստակ կա պետության աջակցությունը: Համարում եմ, որ սա վերջին տարիների հաջողված ծրագրերից մեկն է»,–ասաց Մկրտչյանը:
Նախարարը լավատես է, որ այս ծրագիրն առաջիկայում կվերաբացեն՝ որոշակի թիրախայնություն սահմանելով:
Անապահովության գնահատման նոր համակարգ. աղքատության հաղթահարում՝ աշխատանքի միջոցով
Նարեկ Մկրտչյանը նշեց, որ սոցիալական պաշտպանության ոլորտում հին ավանդույթներով գործող երկու համակարգեր ունեին: Առաջինը հաշմանդամության գնահատման համակարգն էր, սակայն 2021–ին փոխեցին օրենսդրական դաշտն ու նոր մոտեցում որդեգրեցին:
«Երկրորդ մեծ համակարգը, որ պետք է վերափոխեինք, դեռ 1990–ականներից գործող անապահովության համակարգն էր կամ, ժողովրդի լեզվով ասած, «փարոսի» համակարգը, որը հաճախ ասոցացվում է հուսահատության, հավերժ աղքատության, հավերժ մի ուժից կախվածության մեջ պահելու հետ: Մենք որոշեցինք, որ պետք է ունենալ խիզախություն ու փոխել մի համակարգ, որը մեր երկրում գործում է ավելի քան 25 տարի»,–ասաց նախարարը:
Արդյունքում որոշվել է պիլոտային ծրագիրը սկսել երկու մարզից՝ Կոտայքից և Սյունիքից:
«Մենք թվայնացրել ենք ամբողջ համակարգը, որը խնդիրների լուծման ամենակարևոր և ամենակարճ ճանապարհներից մեկն է: Եթե նախկինում ձեռքով էին հավաքագրվում տարբեր տվյալներ, ապա հիմա ունենք փոխկապակցված թվային համակարգ, որը զարգացնում ենք: Հնարավորինս շատ տվյալներ ենք փորձում թվայնացնել և փոխգործելիություն ստեղծել, որ մարդկային գործոնը քիչ լինի, որպեսզի կոռուպցիոն ռիսկերը հնարավորինս նվազ լինեն»,–ընդգծեց Մկրտչյանը:
Սակայն անապահովության գնահատման գործընթացում կարևորելով նաև մարդկային գործոնը՝ պահպանում են սոցիալական աշխատողի ինստիտուտը: «Բայց տնայցի բաղադրիչը ևս թվայնացրել ենք: Կա կոնկրետ չափանիշ, սոցիալական աշխատողը, տնայց կատարելով, հստակ գիտի, թե ինչին պետք է ուշադրություն դարձնի, ինչը պետք է նշի: Դա թվային համակարգով վերլուծվում է, օգնում է, որ Միասնական սոցիալական ծառայությունը որոշում կայացնի»,–նշեց նախարարը:
Մկրտչյանը նշեց, որ փոփոխությունների հիմքում դրել են հետևյալ փիլիսոփայությունը, որ աղքատությունը գնահատելու համար նախ պետք է դրա հասցեականությունը հասկանալ: Այժմ հասցեականությունը 50–52 տոկոս է: Նոր համակարգով նախատեսում են առաջին փուլում հասցեականությունը հասցնել մինչև 75 տոկոսի, ապա մինչև 90 տոկոսի:
«Կլինեն մարդիկ, որոնք դուրս կգան այս համակարգից: Մենք զտիչների շարք ենք դրել, տարբեր տվյալներ ենք նայելու՝ հասկանալու համար, թե ընտանիքը իրականում պետության աջակցության կարիքն ունի՞, թե՞ ոչ»,–ասաց Մկրտչյանը:
Նախարարը կարևորեց նաև, որ համակարգում դեռևս չընդգրկված, սակայն իրական աջակցության կարիք ունեցող շահառուները հայտնաբերվեն ու ընդգրկվեն:
«Բայց ամենակարևոր փոփոխությունն այն է, որ աղքատության հաղթահարման համար սոցիալական աջակցությունը չէ, որ պետք է լուծում տա: Աղքատության հաղթահարման ամենակարևոր ճանապարհը աշխատանքն է: Երբ մարդիկ կդիմեն անապահովության համակարգում գնահատվելու, մենք սա նախևառաջ կդիտարկենք աշխատանքի անցնելու հայտ: Բնականաբար, վերաբերմունքն այլ կլինի նրանց նկատմամբ, որոնք կունենան խնամքի կարիք: Բայց, եթե մարդն աշխատունակ է, իրեն տնտեսապես ակտիվացնելու համար չկա որևէ խանգարող հանգամանք, մենք անապահովության համակարգում ներառվելու հայտը համարելու ենք, որ նա դիմել է աշխատանքի»,–ասաց նախարարը:
Նա վստահեցրեց, որ այդ անձանց տարբեր աշխատանքներ են առաջարկելու, տրամադրելու են խորհրդատվություն, աշխատանք են տանելու նրանց հետ, սակայն, եթե նրանք շարունակ մերժեն աշխատանքի առաջարկները, ապա համակարգը համարելու է, որ առնվազն կարողանում են ապահովել նրանց պարենային զամբյուղը: Դրանից հետո ևս 6 ամիս շարունակելու են հետևել:
«Մենք պետք է խթանենք, որ մարդիկ աշխատեն, հուսահատության քարանձավից դուրս գան և աշխատանք գտնեն: Դրա համար շատ կարևոր է, որ մարդիկ հասկանան՝ պետք է անցնեն կրթական գործընթացներով: Մեր զբաղվածության ծրագրերում բավականին մեծ տեղ ենք հատկացնում վերակրթման, վերապատրաստման բաղադրիչներին»,–ասաց Մկրտչյանը՝ կարևորելով կարիքահեն գնահատումն ու աշխատանքի միջոցով աղքատության հաղթահարումը:
Նախարարի խոսքով՝ 2021 թվականին նաև տնտեսության ակտիվության ֆոնին շուրջ 30 հազար ընտանիքի հանել են անապահովության գնահատման համակարգից: Թիվն 90 հազարից հասել է 60 հազարի: Նկատել են, որ ուղեգրումներով բավականին աշխատատեղեր են ստեղծվել:
Անկանխիկ վճարումների դիմաց կենսաթոշակառուներին է վերադարձվել շուրջ 19 մլրդ դրամ
Նախարարը նկատեց, որ այս ծրագրի համար կառավարությունը քննադատության է արժանացել, մտավախություններ են եղել, որ այն կիրառելիություն չի ունենա, թոշակառուները բանկային քարտերով գործարքներ չեն կարող կատարել:
Նախարարը նշեց, որ զրոյական կետից հիմա հասել են նրան, որ ծրագրի մեկնարկից մինչ այս պահը թոշակառուներն արդեն 200 մլրդ դրամի անկանխիկ առևտուր են արել և շուրջ 19 մլրդ դրամի հետվճար են ստացել
Անդրադառնալով կենսաթոշակների բարձրացման վերաբերյալ հարցին՝ նա ասաց. «Մենք բանկերին շնորհակալություն հայտնելով սոցիալական պատասխանատվության գործընկերության այս ծրագրին միանալու համար՝ ասացինք, որ այս փուլից սկսած պետական բյուջեից կտրվի ամբողջը»,–ասաց նա:
Մկրտչյանը հիշեցրեց, որ հետվճարի 10 տոկոսը դարձրել են 12 տոկոս, 5000 դրամ սահմանաչափը՝ 6000 դրամ:
«2025-ին միջինում շուրջ 4000 դրամ հետվճար է տրամադրվում: Մենք կարո՞ղ ենք սա համարել կենսաթոշակի բարձրացման էֆեկտ. իհարկե, կարող ենք: Մենք 4000 դրամով բարձրացրել ենք մարդու վճարունակությունը»,–ասաց նա:
Նախարարն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց տրամադրվող աջակցությանը:
Մանրամասները՝ վիդեոփոդքաստում