Տեսանյութ

Ինչ ծառայություններ կընդգրկի առողջության համապարփակ ապահովագրությունը. նախարարը՝ ծրագրերի մասին

7 րոպեի ընթերցում

Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրություն ներդնելու կառավարության հանձնառությունը չի փոխվել, ծրագիրը մեկնարկելու է: Փաթեթում ներառվելու են անհրաժեշտ ծառայությունները, այդ թվում՝ վիրահատություններ:  

«Արմենպրես»-ի՝ Հարկ վճարողի օրվա առիթով մեկնարկած փոդքասթային շարքի շրջանակում այս մասին վստահեցրեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: 

  

Առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրում

Նախարարը նշեց, որ առողջության համապարփակ ապահովագրության ներդրումը նախատեսված է կառավարության 2021–2026թթ ծրագրով: Հայեցակարգում ընդգրկվել են հայեցակարգային ժամկետներ, որոնցից շեղում կա: Սակայն Ավանեսյանն ընդգծեց՝ պետք է հասկանալ, որ բավականին մեծ ռեֆորմ է, մշակման ընթացքում  կարիք է լինում հաշվարկների առումով քննարկումներ իրականացնել ֆինանսական բլոկի գործընկերների հետ:  

«Հանձնառության առումով մեզ մոտ ոչինչ չի փոխվել: Ինչպես կառավարության ծրագրում նշված է, մեր կառավարությունն այն մեկնարկելու է: Սակայն փուլայնության հետ կապված որոշակի փոփոխություններ, շտկումներ լինում են»,–ասաց Ավանեսյանը:

Նախարարը հավատացած է, որ ապահովագրության ներդրումը քաղաքացիների համար լուծելու է ամենակարևոր հարցերից մեկը՝ ծառայությունների ֆինանսական մատչելիությունն ու հասանելիությունը: 

Անդրադառնալով հարցին, թե արդյոք այն ներառելո՞ւ է բոլոր ծառայությունները՝ Ավանեսյանը պատասխանեց, որ որևէ ապահովագրական համակարգ չի ներառում բոլոր ծառայությունները: Ընտրել են այն ծառայությունները, որոնցից օգտվելու խնդիր ունեն քաղաքացիները՝ ֆինանսական միջոցների սղության պատճառով: «Մենք պետք է քայլ–քայլ գնանք, չենք կարող միանգամից անցում կատարել բոլոր ծառայությունների ապահովագրության: Մեզ համար կարևոր է բազային փաթեթում ընդգրկել անհրաժեշտ ծառայությունները, հաջորդիվ այդ շրջանակն ընդլայնել»,–նշեց նա:

Նախարարի խոսքով՝ ապահովագրությունը ներառելու է նաև վիրահատություններ, օրինակ՝ սրտի բաց վիրահատությունը, որն այսօր 3–4 մլն դրամ է: Ճառագայթային բուժօգնությունը ևս ներառված է լինելու: «Այս ապահովագրական փաթեթը շատ մեծ ծավալով լուծելու է մեր քաղաքացիների համար առողջապահական  ծառայություններից օգտվելու դժվարությունները: Իհարկե, կան ծառայություններ, որոնք ընդգրկված չեն: Սակայն որպես մեր ժողովրդի առողջության մասին հոգ տանելու պատասխանատու՝ մեզ համար կարևոր է այդ բազային փաթեթը բոլորի համար ապահովել»,–ասաց նախարարը:  

Նախարարության բյուջեն ու քաղաքացիներին մատուցվող անվճար ծառայությունները

Առողջապահության նախարարությանը պետբյուջեից 2025–ին հատկացվել է շուրջ 163 մլրդ դրամ: Անդրադառնալով հարցին, թե այդ գումարի որքա՞ն մասն են, այսպես ասած, վերադարձնում քաղաքացիներին՝ Ավանեսյանն ասաց. «Ըստ էության, ամբողջ գումարն է վերադարձվում քաղաքացուն տարբեր ծառայությունների տեսքով, տարբեր հասանելի բուժկենտրոնների տեսքով, մատուցված տարբեր հարակից ծառայությունների ձևաչափով: Միայն 11 մլրդ դրամի չափ կապիտալ ծախս ենք իրականացնում հենց  բյուջեի շրջանակներում: Սա նշանակում է նոր բժշկական կենտրոններ մեր մարզերում, նոր ամբուլատորիաներ, նոր պոլիկլինիկաներ, հագեցվածության բարձրացում: Մենք բյուջեի միջոցներով արդեն 5 համակարգչային շերտագրման սարք ենք գնել»:  

Նախարարը նաև հիշեցրեց, որ անկախ սոցիալական կարգավիճակից՝ մի շարք ծառայություններ հասանելի են դարձնում քաղաքացիներին անվճար: Նա նշեց, օրինակ, ազգային իմունիզացիայի ծրագրի մասին: «Երեխաներն ու մեծահասակները պատվաստում են ստանում բյուջեի շրջանակներում»,–նշեց Ավանեսյանը: 

Ավանեսյանը հիշեցրեց նաև Stent for life ծրագրի, շտապօգնության ծառայության, աորտայի շերտազատման ու մի շարք այլ ծրագրերի մասին, որոնք պետությունն անվճար հասանելի է դարձնում քաղաքացիներին:

«Մեր երկիրն իր հնարավորություններին և ռեսուրսներին համարժեք պետք է ապահովի շատ ավելի որակյալ ու հասանելի առողջապահական ծառայություններ: Եվ դա միայն մեր բոլորի աշխատանքի արդյունքը կարող է լինել: Մենք բոլորս ենք դրա մասը կազմում: Պետք է շարունակենք ստեղծել բարիք, մեր վճարած հարկերի շրջանակներում ավելացնել մեր բյուջեն, որ հետ ստանանք այդ գումարները շատ մեծ արդյունավետությամբ»,–ասաց նախարարը:

5 տարում 50 բժշկական կենտրոնի կառուցման, վերակառուցման և վերազինման հանձնառություն

Նախարարը վստահեցրեց, որ ամեն ինչ անելու են՝ թիրախին հասնելու համար: Աշխատանքներն ակտիվ կերպով ընթանում են: 

«Ունենք 9 կենտրոն, որոնց շինարարական աշխատանքներն ավարտվել են: Սրանք ոչ միայն նոր կառուցված կենտրոններն են, այլ նաև վերակառուցվածները, վերանորոգվածները: 15–ից ավելին գտնվում են շինարարական աշխատանքների բուռն ընթացքում, մնացածը մեկնարկային, նախագծային փուլում են»,–ասաց նա: 

Ջրծաղիկի դեմ պատվաստումների դինամիկան 

Նախարարը նշեց՝ բավականին ինտենսիվ են ընթանում ջրծաղիկի դեմ պատվաստումները: Պատվաստվել է արդեն շուրջ 5000 երեխա: Ջրծաղիկի դեմ պատվաստումներն արդեն ազգային իմունիզացիայի ծրագրի մաս են կազմում, հետևաբար պետությունն ամեն տարի ձեռք է բերելու պատվաստանյութեր: Ավանեսյանի խոսքով՝ պատվաստումը հասանելի է լինելու նաև զորակոչիկների համար:

«Ուզում ենք մինչև զորակոչվելը պատվաստանյութերով ապահովել նրանց և այս հեշտ կանխարգելելի հիվանդությունը ևս թողնել անցյալում»,–նշեց նախարարը:

Բժշկական ծառայությունների ընդլայնման ազդեցությունը՝ բուժման նպատակով արտերկիր մեկնելու վրա

«Միտումը փոխվել է, մեր քաղաքացիների այլ երկիր մեկնելու ծավալները նվազել են: Մենք դա նկատում ենք: Իհարկե, մարդն ազատ է՝ ընտրելու, թե որտեղ ստանա բուժօգնությունը: Սակայն արտերկրում տվյալ բուժօգնությունը ստանալու անհրաժեշտությունը շատ ավելի կրճատվել է, որովհետև բազմաթիվ նոր ծառայություններ կան, որոնք գոնե ֆիզիկապես հասանելի են Հայաստանում»,–ասաց նախարարը:

Այս տարի ներդրվում է նաև բժիշկների լիցենզավորման համակարգը:  

Մանրամասները՝ վիդեոփոդքասթում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում