Մեկ հարթակ՝ կյանքի բոլոր փուլերի համար․սոցիալական ոլորտում լայնածավալ թվային լուծումներ են նախատեսվում
7 րոպեի ընթերցում

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ոլորտի թվայնացման հագեցած օրակարգ ունի, որի իրականացման արդյունքում կներդրվի քաղաքացիների համար հարմարավետ, ժամանակ ու ռեսուրսներ խնայող էլեկտրոնային ծառայությունների գործիքակազմ։
«Արմենպրես Podcast» նախագծում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արաիկ Եսայանը մանրամասնեց, որ թվայնացման գործընթացի շրջանակներում նախատեսվում է 2026-2027 թվականներին կյանքի կոչել մի շարք առանցքային ծառայությունների թվայնացումը՝ միավորելով մեկ հարթակում։

«Մեր թվային օրակարգը շատ լեցուն է՝ ինչպես կենսաթոշակների տրամադրման գործառույթների հետ կապված, այնպես էլ երեխաների, հաշմանդամություն ունեցող մեր հայրենակիցների հիմնահարցերն ու բազում տարաբնույթ իրավիճակներում հայտնված մեր քաղաքացիների սոցիալական խնդիրները լուծելու համար։
Մենք ունենք նկարագրված մոտ 12 իրադարձություն, որոնց մարդն իր ամբողջ կյանքի ընթացքում առնչվում է, սկսած՝ երեխայի ծննդից, այնուհետև ուսում, աշխատանք ու կարիերա, բնակարանի ու մեքենայի ձեռքբերում, դժվարին իրավիճակների հաղթահարում։ Այս բոլոր գործառույթները, որոնց մարդն իր կյանքի ամբողջ ցիկլի ընթացքում առնչվում է, փորձում ենք թվայնացնել։ Այդ իրադարձություններից 5-ն անմիջական կապվածություն ունի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ, և մենք հանձն ենք առել դրանց թվայնացման պրոցեսը»,-ներկայացրեց փոխնախարարը։
Անդրադառնալով ոլորտում իրականացվող թվայնացման մանրամասներին՝ Եսայանն առանձնացրեց երեխայի ծննդյան հետ կապված գործողությունների էլեկտրոնային գործիքակազմի ստեղծումը։
«Երեխայի ծնվելուց հետո ծնողներն իրականացնում են մի շարք գործողություններ՝ ծննդյան վկայականի ձեռքբերում, պոլիկլինիկայում երեխայի գրանցում, պետության կողմից նպաստների հատկացում, այնուհետև՝ մանկապարտեզ, իսկ մեծանալուց հետո դպրոց, ուսումնական հաստատություն ընդունվելու հետ կապված․ այս բոլոր պրոցեսները, որ մարդը կյանքի ընթացքում իրականացնում է շատ տարբեր փաստաթղթավորման, գերատեսչություններ հաճախելու միջոցով, նպատակ ունենք թվայնացնել։ Դրա շնորհիվ մարդը իր թվային կաբինետում, այսպես ասած, կարող է բոլոր պրոցեսները անցնել առանց ժամանակի կորստի, լրացուցիչ ծախսերի և առանց այս կամ այն գերատեսչություն այցելելու։ Թվայնացման նպատակը հենց դա է, որ սկսած երեխայի ծննդյան վկայական թվայնացնելուց, մինչև մնացած բոլոր պրոցեսները, մարդը կարողանա իրեն հարմար միջավայրում իրականացնել այդ ամբողջը»,-նշեց Եսայանը։

Թվայնացման հաջորդ կարևոր ուղղությունը վերաբերում է զբաղվածության ոլորտին։
Մասնավորապես՝ նախատեսվում է նոր թվային հարթակ, որը կապահովի աշխատանքի փնտրողների և գործատուների կապը։ Այն հնարավորություն կտա ոչ միայն գտնել համապատասխան աշխատանք կամ աշխատակից, այլև անցկացնել առցանց հարցազրույցներ և կնքել աշխատանքային պայմանագրեր էլեկտրոնային եղանակով։ Բացի այդ, հարթակը ներառելու է ուսուցողական ծրագրեր՝ քաղաքացիների մասնագիտական հմտությունների զարգացման համար։
Ոլորտում թվայնացման լայնածավալ գործընթացը կընդգրկի նաև կենսաթոշակների հատկացման գործառույթը։
«Այսօր կենսաթոշակ ստանալու համար մարդը պետք է բավականին ժամանակ և ռեսուրս ծախսի, որպեսզի կարողանա հավաքել բոլոր այն փաստաթղթերը, որոնք ենթադրում են իրեն թոշակ նշանակելու համար հաշվարկներ։ Քանի որ աշխատանքային գրքույկները թվայնացման պրոցեսի մեջ են արդեն, մենք ենթադրում ենք, որ քաղաքացին կենսաթոշակային տարիքին հասնելու ժամանակ իր անձնական կաբինետում կստանա ծանուցում կենսաթոշակի տարիքին հասնելու վերաբերյալ։ Այդ ծանուցման մեջ նա նաև կտեսնի, թե ինչքան թոշակ է իր համար նախատեսվում, որ պետք է ստանա։ Եթե ինքը համաձայն է, որ իր անցած աշխատանքային ճանապարհը և նախանշված գումարի չափն ամբողջությամբ ճիշտ են նկարագրված, ապա կարող է միանգամից հաստատել՝ կցելով այն բանկային վավերապայմանները, որին պետք է ստանա այդ կենսաթոշակը։ Այնուհետև ավտոմատ յուրաքանչյուր ամիս կենսաթոշակի տարիքը լրանալուց հետո քաղաքացին իր բանկային քարտին կամ հաշվին կստանա իրեն հասանելիք կենսաթոշակը։ Եթե համաձայն չի, կարող է բողոքարկել, լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնել, որոնք հիմնավորում են լրացուցիչ աշխատանքային ստաժը։ Դրա արդյունքում կվերահաշվարկվի իր համար նախատեսված կենսաթոշակի չափը և այս դեպքում նույնպես էլեկտրոնային ամբողջ պրոցեսի ընթացքում նա կարող է ոչ մի տեղ չայցելել, ոչ մի լրացուցիչ ծախսեր չանել՝ այս կամ այն փաստաթուղթը հավաքելու համար»,-պարզաբանեց փոխնախարարը։
Թվային լուծումներ են նախատեսվում նաև գույքի ձեռքբերման ոլորտում։ Եսայանն ընդգծեց, որ պայմանավորվածություն կա նոտարական գրասենյակների հետ, որոնք նույնպես կդառնան թվային գործիքների կիրառողներ։
Այդպիսով՝ քաղաքացիները հնարավորություն կունենան թվային հարթակում իրականացնել նոտարական վավերացման հետ կապված գործարքներ՝ բնակարանների և ավտոմեքենաների ձեռքբերում և այլն, ինչը հնարավորություն կտա խուսափել նոտարի մոտ հերթագրվելուց, փաստաթղթեր հավաքելու և ժամանակատար այլ գործընթացներից։
Թվային միջավայրում հնարավոր կլինի իրականացնել նաև սոցիալական բնակարանների ծրագրերից օգտվելը, ինչը, փոխնախարարի գնահատմամբ, լավ հարթակ է նաև Ղարաբաղից տեղահանված անձանց բնակարանային խնդիրների լուծման համար։
Հաջորդ կարևոր ուղղությունը, որի թվայնացման նպատակ ունեն գերատեսչությունում, միտված է հատուկ իրավիճակում հայտնված քաղաքացիների աջակցությանը։

Նախատեսվող հարթակը հնարավորություն կընձեռի աշխատանքը ժամանակավորապես կորցրած և սոցիալական ինչ-որ իրավիճակում հայտնված կամ հաշմանդամություն ստացած քաղաքացիներին օգտվել սոցաջակցության համապատասխան ծրագրերից։
Բացի այդ, հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորություն կստեղծվի առցանց եղանակով ընտրելու և ստանալու իրենց անհրաժեշտ աջակցող միջոցները։
«Թվայնացման նպատակը քաղաքացիների համար հնարավորինս մարդակենտրոն, օգտագործելի և բոլոր տեսակի ծառայություններից օգտվելու հարմարավետ միջավայր ստեղծելն է։ Սա է թվայնացման ընդհանուր գաղափարախոսությունը»,-ընդհանրացրեց նախարարի տեղակալը։
Առավել մանրամասն՝ Podcast-ում
