Փոդքասթ

Podcast- ՍոցUp. Փոխնախարարը մանրամասներ ներկայացրեց անապահովության գնահատման նոր համակարգի վերաբերյալ

6 րոպեի ընթերցում

Podcast- ՍոցUp. Փոխնախարարը մանրամասներ ներկայացրեց անապահովության գնահատման նոր համակարգի վերաբերյալ

Անապահովության գնահատման նոր համակարգով սպասվող փոփոխությունները սոցիալական աջակցության ոլորտի բարեփոխումների առանցքային մասն են կազմում։ 

Այս մասին «Արմենպրես»-ի «Podcast- ՍոցUp» նախագծի շրջանակներում նշեց  

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը՝ հավելելով, որ այդ շրջանակներում կարևոր ռազմավարական փոփոխություններ են նախատեսվում։

Նրա խոսքով՝ փոփոխությունները ներկայում գտնվում են նախապատրաստական աշխատանքների փուլում։ Մարտի 17-ից ՀՀ Սյունիքի և Կոտայքի մարզերում արդեն գործարկվել է պիլոտային փուլը։ 

«Այս մարզերում անապահովության ճանաչման համար ընտանիքները կարող են դիմել նոր համակարգով։ Հիմնականում առցանց ձևաչափով պետք է դիմումները ներկայացվեն, բայց բոլոր այն դեպքերում, երբ խնդիրներ կունենան այդ առումով, կարող են այցելել տարածքային կենտրոններ, որտեղ նրանց տեղում կաջակցեն։ Ընդ որում՝ տարածքային կենտրոնի ընտրությունը կարող է ցանկացածը լինել և պարտադիր չէ  բնակության վայրին մոտ լինի»,-ասաց փոխնախարարը։

Պիլոտային փուլի ընթացքում կփորձարկվի քաղաքացիների փորձառության գործընթացը, մասնավորապես՝ թե ինչպես են դիմում, ինչ իրավիճակներ են ի հայտ գալիս, ինչ բարդություններ են դեռ մնացել, որպեսզի շտկվեն, ինչպես նաև կփորձարկվի անապահովության գնահատման նոր բանաձևը։ 

«Պիլոտային փուլի ժամանակահատվածը սահմանված է մինչև տարվա վերջ։ Եթե փորձարկումը սահուն ընթանա, ընթացքում էլ հաստատապես օրենսդրական բարեփոխումներ կարվեն, շտկումներ կիրականացվեն, և արդեն գալիք տարվա հունվարից ամբողջական ներդրմանը պատրաստ կլինենք»,-հույս հայտնեց Ժամակոչյանը։ 

Անդրադառնալով նոր համակարգի ներդրման անհրաժեշտությանը՝ փոխնախարարը նշեց, որ անապահովության գնահատումը Հայաստանում ներդրվել է դեռ 90-ական թվականներից, իսկ 1999 թվականից՝ թվային լուծումը։ 

«Այն իր ժամանակի համար, գուցե, բավականին զարգացած էր, բայց այսօրվա պահանջներին չհամապատասխանող գործիքակազմ է։ Որպեսզի պարզ լինի, ասեմ, որ մեր տարածքային կենտրոններում մարդիկ դիմում են փաստաթղթերով։ Սոցիալական աշխատողները տվյալները ներմուծում են իրենց լոկալ՝ տեղային համակարգեր, որոնք հավաքագրվում են և որոշակի հաճախականությամբ կենտրոնացվում են «Նորք» տեղեկատվական կենտրոնում, որտեղից որոշակի հաճախականությամբ ստուգումներ են արվում։ Սա ընթացակարգի տեսանկյունից նշանակում է ուշացած տվյալներ։ Այսինքն, երբ մարդը դիմում է, տվյալները կարող են հնացած լինել, որովհետև թղթային են մի կողմից, և ստուգումների ժամանակ հետահայաց պարզվում է, որ  բավականին տվյալներ արդեն հնացած են։ Արդյունքում ունենում ենք շատ դեպքեր, երբ, օրինակ, մարդը գույքի վաճառք է իրականացրել կամ ձեռքբերում, իսկ դա մեզ համար հետահայաց է տեսանելի, ոչ թե անապահովության գնահատման որոշումը կայացնելու պահին»,-պարզաբանեց փոխնախարարը։ 

Ըստ նրա՝ ներկայում առկա գործիքակազմերը հնարավորություն են ընձեռում ուղիղ միանալ բոլոր տեսակի պետական տվյալների շտեմարաններին,  անմիջապես տվյալ պահի դրությամբ մարդկանց մասին ստանալ լիարժեք տվյալներ ու տեղեկատվություն և համարժեք գնահատման գործընթաց ապահովել։ 

Ժամակոչյանի տեղեկատվությամբ՝ ներկայում առկա է կենտրոնացված տեղեկատվական համակարգ, որի միջոցով հնարավոր է ավելի քան  23 շտեմարաններից տվյալներ ստուգել, ինքնաշխատ եղանակով համադրել։ 

«Մեր աշխատողն այլևս պարտավորված չի լինելու տվյալներ ներմուծել։ Տվյալներն ամբողջովին ստացվելու են կամ քաղաքացու կողմից՝ իր իսկ թվային կաբինետում ներկայացնելու միջոցով կամ արդեն պատրաստ շտեմարաններից, որոնք հասանելի են մեզ և ուղղակի փոխգործելիության սկզբունքով ստանում ենք այդ տվյալները»,-պարզաբանեց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է բուն գնահատման քաղաքականությանը, փոխնախարարը նշեց, որ 90-ականներին  ներդրված համակարգը, մեծ հաշվով, շատ փոփոխություններ չի կրելու։

Որոշակիորեն փոխվել են, օրինակ, գնահատման բանաձևում անապահովության միավորները, գործակիցները, բայց սկզբունքն ընտանիքի անապահովությունն անուղղակի ձևով գնահատելն է։ 

«Այսինքն, ոչ թե ուղղակի դիտարկվում է որոշակի գույք ունենալը, այլ խոցելիությունը սոցիալական խմբի տեսանկյունից, օրինակ՝ տվյալ ընտանիքում կա՞ն արդյոք հաշմանդամություն ունեցող անձինք, երեխաներ, տարեցներ, միայնակ մայր, գործազուրկ և այլն։ Նման 23 սոցիալական կարգավիճակներ կան, որոնցից ամեն մեկը միավորների որոշակի խումբ է ապահովում տվյալ ընտանիքի գնահատման համար»,-մանրամասնեց Ժամակոչյանը՝ համոզմունք հայտնելով, որ անապահովության գնահատման նոր համակարգը թույլ կտա հստակեցնել ընտանիքի անապահովության շեմը։

«Այսինքն, մենք մեր հիմնական շեշտադրումը կատարում ենք, ըստ էության, իրական անապահովության պատկերի վրա, որը ձևավորվում է եկամուտներից, գույքի արժեքից՝ և՛ շարժական, և՛ անշարժ, ինչպես նաև ֆինանսական որոշակի կարողություններից։ Ուստի, կարծում ենք, որ ավելի հստակ պատկեր ենք ունենում և Հայաստանը պատրաստ է նման գնահատման մեթոդաբանությամբ որոշել ընտանիքների անապահովության աստիճանը»,-ասաց նա։  

Հայաստանում աղքատության գնահատման 4 գծերին համարժեք՝ սահմանվել են նաև  անապահովության շեմերը՝ պարենային կամ ծայրահեղ աղքատության, չափավոր, միջին անապահով և պարզապես անապահով։ 

Անապահովության գնահատման նոր համակարգի առանձնահատկությունների վերաբերյալ առավել մանրամասն՝  փոդքասթում։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում