Չինաստանում արհեստական բանականությունը կիրառվում է կաթնամթերքի արտադրության մեջ
2 րոպեի ընթերցում

Չինաստանում թվային տեխնոլոգիաներն ու արհեստական բանականությունը ներդրվել և կիրառվում են նաև կաթնամթերքի արտադրության մեջ:
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Չինաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի հետ հաղորդակցության միջազգային կենտրոնի կազմակերպած շրջայցի շրջանակներում լրագրողները ծանոթացել են Պեկինի արվարձանում գտնվող կաթնամթերքի արտադրության խոշորագույն ընկերության՝ «Mengniu»-ի գործարանի մեքենայացված հոսքագծին ու արտադրական հնարավորություններին:

Ընկերության ներկայացուցիչների փոխանցմամբ՝ «Mengniu»-ն մասնագիտացած է տեղացի և համաշխարհային սպառողներին սննդարար և առողջ կաթնամթերք մատակարարելու գործում: Բացի Չինաստանից, արտադրանքը ներկայացված է նաև ավելի քան տասը երկրների և տարածաշրջանների շուկաներում, ներառյալ՝ Հարավարևելյան Ասիան, Օվկիանիան և Հյուսիսային Ամերիկան:
Չինաստանում ընկերությունը ստեղծել է 45 արտադրական բազա, ինչպես նաև նորերն է կառուցում Նոր Զելանդիայում, Ինդոնեզիայում և Ավստրալիայում ՝ տարեկան ավելի քան 14 միլիոն տոննա արտադրական հզորությամբ:

Արտադրական գործընթացում մեքենայացման, թվային տեխնոլոգիաների ու արհեստական բանականության ներդրման շնորհիվ նվազագույնի է հասցվել մարդու մասնակցությունը:
Արդյունքում հնարավորություն է ստեղծվել մասնագիտական ներուժն ուղղել արտադրության արդյունավետությանն ու որակի բարձրացմանը:
Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ արտադրված կաթնամթերքը ներկայում արտահանվում է 14 երկրներ և տարածաշրջաններ:
