Հայաստան

ԱՍՀ նախարարն ու ՀՀ-ում Եգիպտոսի դեսպանը քննարկել են Հայաստանում եգիպտացիների աշխատանքի կազմակերպման հարցերը

2 րոպեի ընթերցում

ԱՍՀ նախարարն ու ՀՀ-ում Եգիպտոսի դեսպանը քննարկել են Հայաստանում եգիպտացիների աշխատանքի կազմակերպման հարցերը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ապրիլի 9-ին ընդունել է ՀՀ-ում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Սոլիման Գամիլին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից,  զրույցի առանցքում հիմնականում եղել են աշխատանքային իրավունքի պաշտպանությանը, մասնավորապես՝ Եգիպտոսի քաղաքացիների՝ Հայաստանում աշխատանքի կազմակերպման գործընթացներին և առկա մարտահրավերների լուծմանն առնչվող մի շարք հարցեր։

Ընդգծելով հայ-եգիպտական հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը՝ նախարար Մկրտչյանը նշել է, որ աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում առկա է համագործակցության մեծ ներուժ։ Անդրադառնալով Եգիպտոսի քաղաքացիների՝ Հայաստանում աշխատանքի կազմակերպմանը՝ նախարարը մանրամասնել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի դերի ու գործառույթների մասին՝ վերջիններիս աշխատանքային իրավունքների պաշտպանության գործում։ Նարեկ Մկրտչյանը միաժամանակ խոսել է կազմակերպված աշխատանքային միգրացիայի կանոնակարգ սահմանելու կարևորության մասին։ 

Դեսպան Սերենադ Սոլիման Գամիլը ևս ընդգծել է Եգիպտոսի քաղաքացիների կողմից ՀՀ օրենսդրությանը համապատասխան աշխատանքի կազմակերպման կարևորությունը և վերջիններիս համար երաշխավորված աշխատանքային պայմանների և անվտանգ միջավայրի ապահովումը։ 

Դեսպանը շեշտել է նաև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված շարունակական աշխատանքների դերը՝ նշելով, որ հայ-եգիպտական հարաբերությունների առաջխաղացման գործում մեծ է նաև 2023 թ․ Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի Հայաստանի Հանրապետություն կատարած այցը։

 

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում