Podcast-ՍոցUp․ Փոխնախարարը մանրամասներ ներկայացրեց սոցիալական բնակարաններով ապահովման ծրագրից
5 րոպեի ընթերցում

Հայաստանում սոցիալական բնակարանային ապահովման քաղաքականությունը հեռանկարային իմաստով մշակման կամ զարգացման փուլում է։
Այս մասին«Արմենպրես»-ի Podcast-ՍոցUp նախագծի շրջանակներում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը։
«Այսօր էլ սոցիալական բնակարանային ֆոնդում կան որոշակի բնակտարածքներ, բնակարաններ, որոնք հասանելի են մեր որոշակի խոցելիությամբ ընտանիքների համար»,-նշեց նա։
Փոխնախարարի խոսքով՝ նախ 2020 թվականի պատերազմից, իսկ այնուհետև 2023-ին Լեռնային Ղարաբաղի հայրենակցիների բռնի տեղահանումից հետո մարդկանց կացարանով ապահովելու խնդիր է առաջացել։
«Այդ կարիքները տարբերվող են։ Օրինակ՝պետական բնակապահովման ծրագիր ունենք, որը ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներին հնարավորություն է տալիս սեփականության իրավունքով բնակարան ձեռք բերել։ Բայց ունենք ընտանիքներ, որոնք բաղկացած են, օրինակ, երկու անձից կամ կան մարդիկ, որոնք մենակ են։ Նրանց համար նպատակահարմար չէ այս ծրագրից օգտվելը։ Նրանց համար ցանկալի է պետական հոգածությամբ որոշակի ծրագրերի մաս լինելը։ Սա, իհարկե, իրենց ընտրությունը պետք է լինի։ Նրանք հնարավորություն ունեն, ըստ ժամանակացույցի, դիմել բնակապահովման հիմնական ծրագրին, բայց կարող են նաև դառնալ սոցիալական բնակարանային ֆոնդի տրամադրման շահառու։ Այս նպատակով կառավարությունը հատուկ հատկացրել է շենքեր, որոնց շուրջ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներ են տարվում։ Ի վերջո, դրանք կվերանորոգվեն և կդառնան սոցիալական բնակարաններ, որպեսզի այս ընտանիքներին, որոնք խնդիր ունեն և կնախընտրեն սոցիալական բնակարաններում բնակվել, տեղավորենք այստեղ»,-մանրամասնեց Ժամակոչյանը։
Նա սոցիալական բնակարանային ֆոնդի և համապատասխան ծառայության զարգացումը կարևորեց ոչ միայն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց, այլ ընդհանուր առմամբ խոցելի բոլոր խմբերի համար։
«Հետխորհրդային ժամանակահատվածում մարդիկ սեփականաշնորհեցին իրենց բնակարանները։ Դրանից հետո նոր բնակարան ձեռք բերողների թիվը չի լինելու 100 տոկոսանոց, այսինքն՝ կլինեն ընտանիքներ, որոնք կապրեն վարձակալությամբ կամ կունենան պետության աջակցության կարիքը, որպեսզի ավելի մատչելի վարձակալությամբ բնակարաններում լինեն։ Մեր քաղաքականությունները գնալու են այս աճող խնդիրը հասցեագրելու ուղղությամբ»,-պարզաբանեց փոխնախարարը։
Սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորման նպատակով ներկայում միջազգային տարբեր գործընկերների հետ համագործակցությամբ մեկ շենք է վերանորոգվում Վանաձորում, ինչպես նաև աշխատանքներ են տարվում Արտաշատում։
Ըստ Ժամակոչյանի՝ Բոսնիայում տեղակայված Կաթոլիկ օգնության ծառայության հետ համագործակցությամբ աշխատանքներ են տարվում սոցիալական բնակարանային կառավարման նոր մոդելի ներդրման ուղղությամբ, որը կնպաստի Հայաստանում սոցիալական բնակարանային ֆոնդի ավելացմանը։
Մոդելը հիմնված է ցածր վարձակալության սկզբունքի վրա, այսինքն՝ մարդիկ այսպես, թե այնպես վարձակալության որոշակի գումար վճարում են, որը թույլ կտա հոգալ շենքի պահպանման ծախսերը, ինչն էլ հնարավոր կդարձնի, որ այդ սոցբնակարանային ֆոնդը բեռ չլինի ո՛չ համայնքի, ո՛չ պետության վրա։ Դրա շնորհիվ որոշակի ինքնաբավություն կլինի՝ հնարավորություն տալով համայնքին ևվպետությանը հեշտությամբ ավելացնել սոցիալական բնակարանային ֆոնդը»,-ներկայացրեց Ժամակոչյանը՝ հավելելով, որ նշված մոդելը ենթադրում է օրենսդրության վերանայում, մեծ բարեփոխումներ։
Փոխնախարարը տեղեկացրեց, որ ներկայում սոցիալական բնակարանով ապահովելու հերթացուցակը բավականին մեծ է, այդ թվում՝ընդգրկված են տեղաբնակներ և ԼՂ-ից բռնի տեղահանվածներ։
«ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 500 անձ կա հերթացուցակում, որոնց պետք է առաջնահերթություն տանք։ Մենք հիմնականում առաջնահերթություն ենք տալիս հաշմանդամություն ունեցող անձանց և անաշխատունակ կազմ ունեցող խոցելի խմբերի ընտանիքներին»,-ավելացրեց փոխնախարարը