Կրթություն

Դպրոցը՝ ապահով միջավայր. կայացել է «Գենդեր-արձագանքող ուսուցումը դպրոցում» թեմայով համաժողովը

4 րոպեի ընթերցում

Դպրոցը՝ ապահով միջավայր. կայացել է «Գենդեր-արձագանքող ուսուցումը դպրոցում» թեմայով համաժողովը

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է դպրոցների ղեկավար կազմի ներգրավմամբ անցկացված «Գենդեր-արձագանքող ուսուցումը դպրոցում» թեմայով համաժողովին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, համաժողովի նպատակն է խթանել գենդերազգայուն և գենդեր-արձագանքող ուսուցումը ՀՀ հանրակրթական դպրոցներում՝ ընդգծելով կրթության դերը ներառականության և հավասարության ամրապնդման հարցում։ Եվրոպայի խորհրդի և Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) համագործակցությամբ մշակված «Գենդեր-արձագանքող ուսուցումը դպրոցում» առցանց դասընթացի գործարկման միջոցով փորձ է արվում կրթության ոլորտում անդրադառնալ գենդերային հիմնախնդիրներին և դրանց վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը մասնագիտական համայնքի շրջանակում։ 

Համաժողովին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդես է եկել ողջույնի խոսքով և կարևորել ծրագիրը երեխաների պաշտպանության համատեքստում. «Բոլորիս հայտնի է, որ երեխան՝ որպես անձ, ձևավորվում է նաև դպրոցում, և այդ միջավայրն ու պայմաններն են պայմանավորում անձի՝ ավելի ժամանակակից գաղափարներ և աշխարհայացք ունենալը կամ հակառակը: Երեխայի վրա դպրոցն ունի հսկայական ազդեցություն ինչպես ուսուցչական, այնպես էլ իր հասակակիցների ներգործության տեսանկյունից: Մենք բազմաթիվ ծրագրեր ենք իրականացնում այս ուղղությամբ, և այս ծրագիրը ևս մեզ օգնելու է դպրոցներում էլ ավելի բարելավելու վաղ արձագանքման ու բացահայտման մեխանիզմները»:

Ըստ ԿԳՄՍ նախարարի տեղակալի՝ բռնության ենթարկված երեխայի համար հետին պլան են մղվում գիտելիքներն ու կարողությունները, հետևաբար, դպրոցի առաջնային խնդիրը երեխայի համար անվտանգ ու ապահով միջավայրի ապահովումն է: Եվ այս համատեքստում ծնողը ևս պետք է վստահ լինի, որ պետությունը կանգնած է իր երեխայի կողքին:

Ըստ աղբյուրի՝ Արաքսիա Սվաջյանը նշել է՝ չափորոշչի ներդրման շրջանակում ծրագրերի մշակում և դասագրքերի փորձաքննություն իրականացնելիս փորձ է արվում ուշադրություն դարձնել բոլոր այն ռիսկերին, որոնք կարող են սեռով պայմանավորված որոշակի դիրքորոշումներ ձևավորել՝ հնարավորինս նվազեցնելու համար մանկավարժական գործունեության գենդերզագայուն խնդիրները:

«Յուրաքանչյուր երեխա պետք է հավատա իր ուժերին և վստահ լինի, որ գտնվում է աջակցող միջավայրում: Հուսով եմ՝ ծրագրի շրջանակում իրականացվող բոլոր գործողություններն օգնելու են դպրոցներին ավելի լավ տեսնել առկա խնդիրները և կարողությունների զարգացումն այնպես իրականացնել, որ բոլոր ուսուցիչները ժամանակին կարողանան արձագանքել խնդիրներին և համապատասխան լուծումներ տան»,- խոսքը եզրափակել է Արաքսիա Սվաջյանը:

Նշվում է, որ համաժողովի ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայաստանում ընտանեկան բռնության հետ կապված իրավիճակին. մասնակիցներին ներկայացվել է միջազգային և տեղական օրենսդրական շրջանակը, առկա խնդիրներն ու մարտահրավերները։ «Կանանց աջակցության կենտրոնի փորձագիտական թիմը կներկայացնի դպրոցի և կրթության դերը՝ դիտարկելով դպրոցը որպես պաշտպանող, ապահով և աջակցող միջավայր՝ բռնությունից տուժած երեխաների համար, ինչպես նաև կանդրադառնան այն հարցին, թե ինչպես կարող են կրթական հաստատությունները կարևոր ներդրում ունենալ բռնության վաղ հայտնաբերման, աջակցության և միջամտության գործընթացներում։

Համաժողովի մասնակիցները կզարգացնեն իրենց գիտելիքներն ու հմտությունները՝ ձեռք բերելով գենդեր-արձագանքող ուսուցման և մեթոդաբանության վերաբերյալ գիտելիքներ, տեղեկացված լինելով «Գենդերազգայուն և գենդեր-արձագանքող ուսուցումը դպրոցում» մոդուլի և դրան մասնակցելու հնարավորությունների մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում