Մշակույթ

Գյումրիում ցուցադրվեց Շառլ Ազնավուրի առաջին բեմական զգեստը

2 րոպեի ընթերցում

Գյումրիում ցուցադրվեց Շառլ Ազնավուրի առաջին բեմական զգեստը

ԳՅՈՒՄՐԻ,  20 ՆՈՅԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ-100» միջոցառումների շրջանակում «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի ցուցասրահում ցուցադրվեց Ազնավուրի առաջին բեմական զգեստը։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախաձեռնությունն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի, Գյումրիի համայնքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի կողմից՝ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հետ համագործակցությամբ։ Ներկայացված են նաև Ազնավուրի մանկության լուսանկարներ և ազդագրեր։

«Զգեստը Շառլ Ազնավուրին նվիրել է նրա հորաքույրը, որով փոքր հասակում առաջին անգամ որպես դերասան բեմ է բարձրացել Ազնավուրը։ Կա նաև տասնամյա Շառլի բեմական լուսանկարը»,-նշեց «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տնօրեն Ինգա Ավագյանը՝ տեղեկացնելով, որ
Ազնավուրի առաջին բեմական զգեստը Գյումրիում կցուցադրվի մինչև հունվարի 15-ը։

«Սա միջթանգարանային հերթական ստացված միջոցառումն էր, որը գերազանց հնարավորություն տվեց Գյումրիում ցուցադրելու մեծ շանսոնյեի առաջին բեմական զգեստը։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե փոքրածավալ միջոցառում է, բայց, հաշվի առնելով, թե ով է Շառլ Ազնավուրը հայ ազգի և մասնավորապես Գյումրիի համար, ու տեսնելով այս բեմական հագուստը, որով Ազնավուրը առաջին անգամ բեմ է բարձրացել, ամբողջանում են այն հույզերը, որ ունենք։ Սրանով մենք ամփոփում ենք Ազնավուրին նվիրված հոբելյանական տարվա միջոցառումները, և պետք է նշեմ, որ քաղաքում չկա գեթ մեկ մշակութային կամ կրթական կազմակերպություն, կամ անհատ կատարող, որը որևէ միջոցառմամբ չի անդրադարձել Ազնավուրին»,-նշեց Գյումրիի համայնքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը՝ տեղեկացնելով, որ բեմական հագուստը Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանին նվիրել է շանսոնյեի հորաքույրը՝ Աստղիկ Երամյանը։

Հոբելյանական տարվա առիթով այն ցուցադրվել է նաև Երևանում։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում