Ռյուտեն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն միշտ կոչ է արել չսահմանափակել զենքի կիրառումը Կիևի կողմից
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ դաշինքը միշտ հանդես է եկել այն բանի օգտին, որ Կիևին մատակարարվող զենքի ոչ մի սահմանափակում չլինի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է՝ պատասխանելով Ռուսաստանին հարվածներ հասցնելու համար ATACMS հրթիռներ օգտագործելու ԱՄՆ-ի թույլտվության վերաբերյալ հարցին։
«ՆԱՏՕ-ում ավելի վաղ ևս ասել են, որ երբ դաշնակիցներն Ուկրաինային սպառազինության համակարգ են մատակարարում, ավելի լավ է դրանց օգտագործման սահմանափակումներ չմտցնել», - ասել է Ռյուտեն լրագրողների հետ զրույցում:
Միևնույն ժամանակ նա նշել է, որ նման հարցերի վերաբերյալ վերջնական որոշումներ պետք է կայացնի դաշինքի յուրաքանչյուր անդամ երկիր, որը մատակարարում է այդ սպառազինությունը։ Ըստ Ռյուտեի՝ այժմ դիտվում է էսկալացում «Ռուսաստանի կողմից հյուսիսկորեացի ուժերի ներգրավման պատճառով»։
Ամերիկյան բազմաթիվ լրատվամիջոցներ, վկայակոչելով իրենց աղբյուրներին, հայտնել են, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն արտոնել է ուկրաինացի զինվորականների կողմից ATACMS հրթիռների կիրառումը Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելու համար:
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը նույնպես հայտարարել է Ռուսաստանի խորքերը հարվածներ հասցնելու համար Ուկրաինայի կողմից ամերիկյան զենքի օգտագործման սահմանափակումների վերացման մասին։
ԱՄՆ իշխանությունները մինչ այս հայտարարություններ չէին արել, որոնցում միանշանակ հաստատվեր սահմանափակումների վերացումը։ Սակայն ԱՄՆ պետքարտուղարի օգնականը հայտարարել է, որ Ուկրաինայի կողմից ամերիկյան հեռահար զենքերի օգտագործման թույլտվությունը, հնարավոր է, ստիպի Ռուսաստանին խաղաղության շուրջ բանակցություններ սկսել։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իր հերթին հայտարարել է, որ ամերիկյան զենքով Ռուսաստանի խորքերը հարվածելու թույլտվությունը կնշանավորի լարվածության որակապես նոր շրջափուլ և Վաշինգտոնի ներգրավվածության նոր մակարդակ Ուկրաինայում ընթացող հակամարտության մեջ։