ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը և «Գոյ»-ը, որը ՀՀ կառավարության որոշմամբ տարեսկզբին միացել է Սունդուկյանի անվան թատրոնին և հարցը վիճարկում է դատարանում, դեռ ընդհանուր հայտարարի չեն գալիս։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 4-ին «Գոյ»-ի ստեղծագործական կազմի անդամները փորձել են մուտք գործել թատրոնի շենք, սակայն դա նրանց չի հաջողվել։ Նրանք հանդիպել են Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանին և թատրոնի այլ անդամների։
Սունդուկյանի անվան թատրոնից հայտնում են, որ հանդիպմանը ներկա են եղել նաև Սունդուկյան թատրոնի իրավաբան Արմինե Մելքոնյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Մարությանը, Նելլի Շահնազարյանը, դերասաններ Լևոն Ավետիսյանը, Ալեքսան Թադևոսյանը, լրատվության և հասարակայնության պատասխանատու Անի Ներսիսյանը։ «Գոյ»-ը ներկայացրել են փաստաբան Կարո Ասատրյանը, դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանը և թատրոնի կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանը։
Հանդիպմանը բարձրաձայնվել են այն առաջարկները, որոնք ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի կողմից ներկայացվել են «Գոյ» թատրոնի աշխատակիցներին՝ առողջ և արդյունավետ համագործակցության ստեղծման նպատակով։ Մասնավորապես, առաջարկվել է աշխատել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի կազմում կամ, մասնավոր թատրոն դառնալու պարագայում, ստանալ մեկ տարվա պետական սուբսիդավորմանը համարժեք դրամաշնորհ և շաբաթ-կիրակի օրերին ներկայացումներ խաղալ թատրոնի չորրորդ հարկի դահլիճում։ Նշված առաջարկները մերժվել են «Գոյ»-ի բանակցողների կողմից։
Նոյեմբերի 2-ին «Գոյ»-ը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ ՀՀ արդարադատության նախարարությունը փաստել է՝ 9 ամիս շարունակ ապօրինաբար դադարեցվել է «Գոյ» թատրոնի գործունեությունը: Այդ պատճառով նոյեմբերի 4-ին ժամը 11:00-ից «Գոյ»-ը կվերսկսի իր բնականոն աշխատանքը մինչ այդ գործով դատարանի վերջնական վճիռը:
Անդրադառնալով այդ հայտարարությանը՝ Սունդուկյանի անվան թատրոնից հայտնում են, որ ներկայացված փաստաթուղթը փաստում է միանգամայն այլ պատկեր։ «ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Տիգրան Արեյանի պատասխանը փաստում է, որ նախարարությունը լիազորված չէ մեկնաբանելու դատական վեճի առարկա որևէ վարչական ակտ կամ գնահատականներ տալ, թե այս կան այն պահանջի պայմաններում արդյոք կասեցվել է այս կամ այն իրավունքի իրացումը։ Պատասխանում հստակ նշվում է նաև, որ վարչական գործով ներկայացվել է ճանաչման հայց (ոչ թե վիճարկման) և խոսք չի կարող լինել ինչպես վարչական ակտի կատարման՝ օրենքի ուժով կամ դատարանի համապատասխան որոշմամբ կասեցման մասին։ Ինչ վերաբերում է այս կամ այն կազմակերպության կողմից գույքը տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու իրավունքի կասեցված լինելուն (չլինելուն) կամ կազմակերպությանը գույքը տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու իրավունք վերապահված լինելու (չլինելու) հարցերին՝ հարկ է նշել, որ նշված հարցերը կարող էին քննարկման առարկա դառնալ բացառապես դատարանի որոշմամբ հայցի ապահովում կիրառված լինելու պայմաններում։ Այս կապակցությամբ անհրաժեշտ է նշել, որ ՀՀ վարչական դատարանը ս․թ․ սեպտեմբերի 20-ի որոշմամբ մերժել է թիվ ՎԴ/2195/05/24 վարչական գործով հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը»,-ասվում է հաղորդագրության տեքստում։
Մեկնաբանելով հանդիպման արդյունքները՝ «Գոյ»-ի փաստաբան Կարո Ասատրյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Սունդուկյանի անվան թատրոնի ներկայացուցիչները չեն ցանկացել իրենց լսել, այլ միայն ներկայացրել են իրենց դիրքորոշումը։
«Մենք դրա համար չէինք գնացել այդ հանդիպմանն ու ասացինք, որ ասելիք ունենք։ Ես իմ գործընկերոջը երկու հարցադրում ունեմ։ Առաջինը՝ մենք եկել ու պահանջ ենք ներկայացնում, որ առանց իրավունքի դուք օգտագործում եք «Գոյ» թատրոնի տարածքը։ Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ վիճարկվող ակտիվ որևէ գործողություն կասեցվում է։ Իրենք ներկայացնում են, որ իբրև ՀՀ արդարադատության նախարարության գրությունը, թուղթը հիմք չէ։ Նրանք ներկայացնում են, որ տվյալ պարագայում մեր հայցատեսակի մեջ է մտնում, և հարց է առաջանում՝ իրենք ինչով են առաջնորդվում, եթե ոչ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշմամբ։ Սա պետական կառույց է, դուռը փակ է։ Ստացվում է՝ փաստացի իրավունք չունե՞նք ներս մտնել»,-շեշտել է Ասատրյանը։
Նա նշել է՝ կհրավիրեն ոստիկանություն որպեսզի հասարակական կարգն ապահովի։ Եթե հետագայում հարցը լուծում չստանա, իրենք կրկին հաղորդում կներկայացնեն համապատասխան մարմիններին։
«Գոյ» թատրոնի ներկայացուցիչները հրավիրել են ոստիկաններին, որոնք ևս նրանց հնարավորություն չեն տվել մուտք գործել թատրոնի շենք։