Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը գերխելացի խաղացող է. Սիմոնե Ինձագիի հարցազրույցն՝ «Արմենպրես»-ին

4 րոպեի ընթերցում

Հենրիխ Մխիթարյանը գերխելացի խաղացող է. Սիմոնե Ինձագիի հարցազրույցն՝ «Արմենպրես»-ին

Միլանի «Ինտեր»-ը շարունակում է գերիշխող դիրք զբաղեցնել եվրոպական և իտալական ֆուտբոլում գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի ղեկավարությամբ, ով օրեր առաջ տոնեց իր 200-րդ հաղթանակը Սերիա A-ում՝ գերազանցելով Մասիմիլիանո Ալեգրիի ռեկորդը և դառնալով այս արդյունքին ամենաարագ հասած մարզիչը՝ «Ինտեր»-ում և «Լացիո»-ում աշխատած տարիների հաշվարկով։ 

Իտալական թիմի խորը և տաղանդավոր կազմի մեջ առանձնանում է Հենրիխ Մխիթարյանը՝ փորձառու կիսապաշտպան, ում վարպետությունն ապահովում է «Ինտեր»-ի մեկնարկային կազմի համար անհրաժեշտ հավասարակշռությունը։ Շատ իտալացի լրագրողներ ընդգծում են, որ Մխիթարյանի մշտապես առկայությունը մեկնարկային կազմում կարևորագույն նշանակություն ունի Ինտերի հաջողության համար։

Քանի դեռ Մխիթարյանը շարունակում է առանցքային դեր խաղալ «Ներաձուրիի» կազմում, «Արմենպրես»-ը բացառիկ հնարավորություն ունեցավ լսելու անձամբ Սիմոնե Ինձագիի կարծիքը հայ ֆուտբոլիստի ունեցած ներդրման, խաղի վրա ազդեցության և «Ինտեր»-ի տակտիկական կառուցվածքում նրա կարևորության մասին։ Ակումբի մամուլի ծառայության միջոցով մենք երեք հարց ենք ուղղել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Ինտեր»-«Մոնակո» հանդիպումից առաջ։

- Պարոն Ինձագի, սա Մխիթարյանի երրորդ մրցաշրջանն է «Ինտեր»-ում, որտեղ նա ապահովում է սահուն կապ պաշտպանության և հարձակման միջև։ Որո՞նք են Մխիթարյանի այն որակները, որոնք Դուք ամենից շատն եք գնահատում՝ «Ինտեր»-ի խաղերում նրան մեկնարկային կազմում ընդգրկելու համար։

- Մխիթարյանը գերխելացի խաղացող է. միշտ թիմին ծառայելու պատրաստակամություն ունի։ Ես շատ ուրախ եմ նրան մարզելու համար։ Նա ինձ համար բացահայտում չէր, քանի որ դեռևս «Լացիո»-ում աշխատելու տարիներին տեսել էի, թե որքան ուժեղ է նա «Ռոմա»-ի կազմում, հատկապես դերբիների ընթացքում։ Ես գիտեի, որ նա իսկապես ուժեղ խաղացող է, բայց երբ սկսեցի նրան մարզել, հասկացա, որ նա շատ-շատ ուժեղ է, սպասվածից ավելին։

- Իհարկե, խաղային որակներն ամենակարևորն են ֆուտբոլիստի համար, սակայն ի՞նչ կասեք Մխիթարյանի անհատականության մասին։ Նա արդյո՞ք Ձեզ համար ֆուտբոլիստի իդեալ է։

- Նա մեծ անհատականություն ունի և թիմում առաջատարներից մեկն է։ Միշտ գիտի ճիշտ ձևով արտահայտվել և ճիշտ պահին։

- Մխիթարյանն ունի խաղը կարդալու լավ ունակություն, ճիշտ պահին նկատելու խաղընկերներին, փոխանցումներով գտնելու նրանց ազատ գոտիներում, սակայն երիտասարդ տարիներին նա ավելի շատ գոլեր էր խփում։ Նա Ուկրաինայի առաջնության մեկ մրցաշրջանի լավագույն ռմբարկուն է դեռևս։ Ձեր կարծիքով, կարո՞ղ է նա այս մրցաշրջանում ավելի շատ գոլեր խփել «Ինտեր»-ի համար, թե՞ դա նրա առաջնային խնդիրը չէ Ձեր տակտիկական կառուցվածքում։

- Նա հսկայական աշխատանք է կատարում թիմի համար։ «Ռոմա»-ում և «Արսենալ»-ում նա այլ դիրքում էր խաղում։ Մեր սխեմայում՝ երեք կիսապաշտպանով, դաշտում խաղացողները հաճախ ռոտացիայի են ենթարկվում, ուստի նա հաճախ հեռու է լինում մրցակցի դարպասից։ Այնուամենայնիվ, նա մեզ մշտապես գոհացնում է իր խաղով և շարունակելու է նպաստել թիմի հաջողություններին, այդ թվում՝ գոլային պահեր ստեղծելով և արդյունավետությամբ։

Հարցազրույցը՝ Հարություն Ծատրյանի 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում